«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նկարիչների միության շենքի ցուցասրահների ձմռան ամիսներին չգործելու պատճառով (շենքը կանոնավոր չի տաքացվում) շատ նկարիչներ զրկվում են անհատական կամ խմբակային ցուցահանդեսի հնարավորությունից: Վաղուց ի վեր չնորոգված նկարիչների միության շենքը բավականին անմխիթար վիճակում է եւ արդիականացվելու անհրաժեշտություն ունի: Պետբյուջեից մշակույթի նախարարությանը առանց այդ էլ չնչին հատկացումներից (1%) նկարիչներին արդեն քանի տարի է մասնաբաժին չի հանվում: Բարեբախտորեն այս վերջին ամիսներին ցուցասրահները հիմնովին վերանորոգելու հնարավորություն է ստեղծվել: Դրանք այժմ փակ են, բայց շենքում շարունակում է գործել միության պաշտոնաթերթ-հանդեսը` «Կերպարվեստ»-ը, արդեն 3-րդ տարվա կենսագրությամբ եւ լույս է տեսել 11-րդ համարը: Մեր հարցազրույցը հանդեսի խմբագիր Վրեժ Առաքելյանի հետ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

- Նկարիչների միության 70 տարիների պատմության մեջ առաջին անգամ վերջերս սկսվեց շատ լուրջ հիմնանորոգում: Ցուցահանդեսային դահլիճները անմխիթար վիճակում էին, նույնիսկ փլուզման վտանգ կար, իսկ ձմռան ամիսները ոչ ցուցահանդեսային էին, եւ այս առումով միությունը կորուստներ էր ունենում: Երեք ամիս 2 տասնյակ նկարիչ չէին կարողանում անհատական ցուցահանդես կազմակերպել: Արդեն մեկ տարի է` քննարկումներ են ընթանում շինարարական կազմակերպության հետ, որը մեր օդային տարածքը գնել է եւ օֆիսներ պետք է կառուցի. փոխարենը հիմնավոր վերանորոգվելու են մեր երկու ցուցահանդեսային սրահները, եւ մեզ հնարավոր է տրվի հավելյալ նկուղային տարածք: Պարտավորվել են նաեւ բարեգործական սկզբունքով վերանորոգել շենքի մնացած բաժինը: Նախապայմանով, սակայն, որ հավելյալ նորակառույցը չխաթարի հրապարակի ընդհանուր տեսքը:

Միաժամանակ վերանորոգվում է նաեւ 100 տարվա պատմությամբ Ծաղկաձորի նկարիչների ստեղծագործական տունը: Այնպես որ, զարգացման փուլում ենք:

- Շատ լավ, սակայն կան ստեղծագործական միությունները ավելորդ համարելու միտումներ: Այսօր ո՞րն է դրանց առաքելությունը:

- Այո՛, կան խոսակցություններ միությունները միավորելու մեկ կառույցում` մյուս շենքերը վաճառքի հանելու մտադրությամբ: Բայց դրանք պաշտոնական բնույթ չեն կրում:

Կասկածելի երեւույթների տակ թաքնված նորարարական «իզմերի» ջատագովները փորձում են ստեղծագործական միությունները վերացնել, բայց դրանք բնավ էլ սովետական ծնունդ չեն: Այսօր աշխարհում մի քանի հարյուր նկարիչների միություններ են գործում, եւ խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում դրանք ունեն պետական հովանավորություն, բացի մեզանից: Ինչո՞ւ շատ երկրներում` Ֆրանսիայում, Չինաստանում լուրջ են վերաբերվում նկարիչների միություններին, որովհետեւ պրոֆեսիոնալ արվեստը գործում է միայն այդ շրջանակներում:

- Միությունը ինչպե՞ս կարող է նպաստել տաղանդի կայացմանը, թերեւս ավելի կազմակերպչական առումով:

- Մեր միությունը անվճար ցուցահանդեսի հնարավորություն է ընձեռում նկարիչներին: Այստեղ ստեղծվում է մթնոլորտ. գործում են կառույցներ, որ աջակցող, կազմակերպչական նշանակություն ունեն: Մենք շատ կորուստներ ունեցանք խորհրդային տարիների համեմատությամբ, օրինակՙ նկարիչների արվեստանոցների հարցը: Հայաստանի նկարիչների միությունը թերեւս միակն է ԱՊՀ տարածքում, որ չունի սեփական արվեստանոցային ֆոնդ: Խորհրդային տարիներին անհատույց արվեստանոցներ էին տրամադրում, որոնք վերջին տարիներին սեփականաշնորհվեցին: Այսօր երիտասարդ նկարիչը գեղակադեմիան ավարտելուց հետո, ինչպե՞ս գնի արվեստանոց, որտե՞ղ նա կարող է ստեղծագործել: Վերացվեց պետպատվեր հասկացողությունը: Ժամանակին միության բոլոր անդամներին պատվիրում էին մեկական աշխատանք, իհարկե, դրանք գաղափարական քարոզչությունը իրականացնող բնույթի էին, բայց նկարիչը վարձատրվում էր:

- Սակայն շատերը գաղափարական պարտադրանքից ազատվելը համարում են նվաճում` ստեղծագործական առումով:

- Միշտ էլ գործել է պատվերային մեթոդն արվեստում: Ֆրանսիան, օրինակՙ ունի պետպատվեր: Հին Եգիպտոսում փարավոնները տալիս էին պատվերներ, նույնը Վերածննդի շրջանում: Դմիտրի Նալբանդյանը Կրեմլի նկարիչ էր համարվում, բայց հրաշալի ազգային նկարիչ էր, հրաշալի նատյուրմորտներ ունի:

Այո, հրաշալի ակցիաներ անում ենք, բայց գաղափարախոսություն չունենք: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ենք կազմակերպում. երեւույթը գովելի է, բայց պրոֆեսիոնալ արվեստն անտեսվում է: Կամ ինչպե՞ս է կատարվում քանդակների տեղադրումը Երեւանում: Ժամանակին գեղխորհրդի միջոցով եւ մի քանի փուլով էր որոշվում` էսքիզային վիճակից սկսած, շահում էր եւ արվեստագետը եւ քաղաքը: Այսօր քաղաքապետին կից գործող այդ խորհրդի մեջ անվանի ճարտարապետներ, քանդակագործներ կան, բայց նրանց խոսքը փաստորեն չի անցնում: Երեւանում այսքան արձաններ են դրվում, շատ քչերն են համապատասխանում գեղագիտական ընդունելի չափանիշների:

- 3-րդ տարին է Նկարիչների միությունը «Կերպարվեստ» հանդեսն է թողարկում, գեղագիտական, մշակութաբանական ինչպիսի խնդիրներ եք ձեր առաջ դրել:

- Հիմնականում` պրոֆեսիոնալ կերպարվեստի պաշտպանությունը: Այսօր շուկան հեղեղված է բառիս ամենալայն եւ խոր իմաստով մշակութային դիլետանտիզմով: Բավական է մեկը ասպարեզ մտնի կամ գովազդվի. մամուլը հաճախ չի էլ կարողանում արժեքները տարբերակել:

- Ինչպե՞ս եք Դուք պայքարում այդ դիլետանտիզմի դեմ:

- Հրապարակումների միջոցով, որի հեղինակները հիմնականում նկարիչներ են` Ստեփան Անդրանիկյան, Միքայել Առաքելյան, Ստեփան Մինասյան, Էդուարդ Աբաջյան, Վաչե Պետրոսյան, Հասմիկ Ղազարյան:

- Իսկ պրոֆեսիոնալ արվեստաբանների հետ չե՞ք համագործակցում:

- Հանդեսի 1-ին, 2-րդ համարներից հետո Կարեն Աղամյանը արվեստաբանների սեկցիայի նիստ հրավիրեց «Կերպարվեստի» եւ սեկցիայի միջեւ կապեր ստեղծելու նպատակով: Իրենք պասսիվ են:

- Ի՞նչ միջոցներով եք գոյատեւում, ինչպե՞ս է վաճառքն իրականացվում:

- Ոչ դյուրին ճանապարհով: Հիմնականում գովազդային-բարեկամական կապերի միջոցով: Հայտնի է, որ հեռուստագովազդն է շուկան վերցրել իր ձեռքը: Տվյալներ կան, որ գովազդի 87,5 տոկոսը հեռուստաշուկայինն է: Համագործակցում ենք մի քանի գովազդատուների հետ («Աստրալ» սրճարան, «Նոյյան տապան» կոնյակի խանութ, «Բրավո» ընկերություն): Հանդեսը ընդգրկվել է մշակույթի նախարարության ոչ պետական մամուլի ցանկում, չնայած ստացվող դոտացիան մեր կարիքների 10-15 տոկոսն է բավարարում, բայց դարձյալ օգնություն է: Հանդեսը վաճառքային չէ, այն անվճար բաժանվում է միության անդամներին, ուղարկվում հանրապետությունում եւ Արցախում գործող մեր մասնաճյուղեր:

- Այսօր արվեստի համաշխարհային շուկայում գործում են որոշակի օրենքներ ու մեթոդներ: «Կերպարվեստը» որեւէ կերպ կարո՞ղ է նպաստել հայ նկարչին այս առումով:

- Աշխարհում կերպարվեստի ամենահեղինակավոր Փարիզի «Քրիստիս» աճուրդում մի քանի հայ նկարիչ է վաճառվում` Հ. Այվազովսկին, որ ներկայացվում է որպես ռուսական դպրոցի ներկայացուցիչ: Մեկը` Հովնաթանյան տոհմից է, մյուսը Բաշինջաղյանն է եւ Մ. Սարյանը: Համաշխարհային շուկայում նկարիչների զարմանալի կոդավորում գոյություն ունի: Դա անվան խնդիրն է: Աշխարհում գնվում է անունը: Սարյանի ամենաթանկ նկարը Փարիզի «Պիկասո» սրահում վաճառվել է մոտ 190.000 դոլարով: Սարյանի պես նկարչի համար անհավանական ցածր գին է:

«Կերպարվեստի» խնդիրներից մեկն է փորձել հայ արվեստագետին համաշխարհային շուկա հանել: Սակայն դա առանց պետական աջակցության շատ դժվար է իրականացնել: Առհասարակ մեր խնդիրն է պրոպագանդել իրական արժեքներ եւ իսկական ազնիվ մշակույթ. դա արվում է նաեւ նորաստեղծ «Կիզակետ» հասարակական-քաղաքական, գրական թերթում` նշանաբան ունենալով ռուս բանաստեղծի խոսքերը` սատարենք տաղանդավորներին, անտաղանդներն իրենք իրենց ճանապարհը հարթում են:

Կարծեմ, տեղին է ասել, որ այս տեսակետից «Ազգն» այն բացառիկ թերթն է, որ պրոֆեսիոնալ մշակույթի նշաձողը հստակորեն պահում է, հատկապես մշակութային հավելված-ներդիրներում, որ հաճույքով կարդալուց բացի, չթաքցնեմ, փորձում ենք ինչ-որ բան նաեւ սովորել:

- Շնորհակալություն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4