«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Ազգին» ուղարկած նամակում քաղբանտարկյալ Արթուր Այվազյանը գրում է, որ «Դավադրության թեորիա» իրավական վարկածով քրեական գործի վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Օհանյանը 2003 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունել է անարդար դատավճիռ, իսկ 2005 թվականի նոյեմբերի 28-ին կայացրել է անարդար որոշում:
Անցած տարվա նոյեմբերին նա դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարան, խնդրելով անվավեր ճանաչել գլխավոր դատախազության քննչական վարչության կանոնադրությունը հաստատելու գլխավոր դատախազի 2005 թվականի մայիսի 10-ին ընդունած թիվ 16 հրամանը, սակայն մերժվել է առանց հիմնավորմանՙ «Վեճը ենթակա չէ դատարանում քննության, ուստի դիմումի ընդունումը պետք է մերժել հետեւյալ պատճառաբանությամբ: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի առաջին կետի համաձայն դատարանի քննությանը ենթակա չեն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ այն դիմումները, որոնց սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է»:
Քաղբանտարկյալը կարծում է, որ պաշտոնատար անձի ընդունած հրամանն անվավեր ճանաչելու հարցը չի կարող լինել սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը: «Դատարանը դիտավորյալ խեղաթյուրելով վերոհիշյալ դիմումիս պահանջը եւ խախտելով քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված համապատախան կարգը, անցած տարվա նոյեմբերի 28-ին ընդունել է նման ակնհայտ անարդար որոշում», գրում է նա:
Նա նաեւ տեղեկացնում է, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ին դատարանից ստացել է առանց կնիքի որոշում, որի վավերական լինելը խիստ կասկած է հարուցում: Որոշման երկրորդ կետում նշվել էՙ «որոշումը, դիմումը ու դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկել դիմումատուին», սակայն դատարանն Արթուր Այվազյանին չի տրամադրել անցած տարվա նոյեմբերին ուղարկած դիմումը ու դրանով չի կատարել իր իսկ ընդունած որոշման պահանջները: Հիշյալ որոշման դեմ քաղբանտարկյալը դեկտեմբերի 13-ին բողոք է ուղարկել վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերով պալատ:
Ռ.Պ.