Փետրվարի 21-ին Բաքվում մեծ համերգով տեղի կունենա Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման արարողությունը: «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Ադրբեջանի դեսպանը նշել է, որ հասարակական քաղաքական այդ միջոցառումը անցկացվում է ի պատասխան Ռուսաստանում Ադրբեջանի տարվա, որը «երկու պետությունների բարեկամական փոխհարաբերությունների մեջ կարեւորագույն իրադարձություն դարձավ»:
Որեւէ երկրի տարին մեկ այլ երկրում կարծես սովորական իրադարձություն է դառնում, ելնելով կրկնությունից եւ այսպես կոչված հավասարակշռություն պահելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ եթե անցյալ տարի Ռուսաստանում էր անցկացվում Ադրբեջանի տարին, իսկ Հայաստանումՙ Ռուսաստանի, ապա այս տարի որոշակի իմաստով փոխատեղում է կատարվել: Նույն «պաթետիկությամբ», ինչպես Բյուլբյուլօղլու դեպքում, տեղի ունեցավ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությունը:
Հավասարակշռության պահպանման առումով հիշատակված իրադարձություններից որեւէ կերպ չի տարբերվում նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումը, մասնավորապես, եթե այս տարի աշնանը Ֆրանսիայում տեղի կունենա Հայաստանի տարվա բացումը, ապա հաջորդ տարի Ֆրանսիան կնշի Թուրքիայի տարին: Ստացվում է, որ նախապես բարձրագույն, ի դեպ, քաղաքական գնահատանքի եւ մեկնաբանության առիթ տված «պետական տարիներն» իրենց մասշտաբայնությունը եւ նշանակությունը պահպանում են միայն որպես մշակութային իրադարձություններ: Եվ բնավ էլ որպես առանձնահատուկ վերաբերմունքի գրավական չի կարող ընկալվել Ռուսաստանում կամ Ֆրանսիայում տարվա անցկացումը, երբ հակակշիռները ժամանակային առումով այդքան մոտ են:
Այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ քաղաքականության մեջ բարեկամներ չեն լինում, իսկ թե ի՞նչ են լինում, մնում է միայն գուշակել:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ