Ռուսաստանյան գազին առնչված քաղաքա-տնտեսական աղմուկի վերաբերյալ բազում հրապարակումներում հայերիս համար թերեւս առանձին հետաքրքրություն կարող է ներկայացնել հետխորհրդային տարածքի չճանաչված պետությունների (Ղարաբաղից բացի) գոյատեւման թեման: Կարելի է տարակուսել, թե ինչ կապ ունի, ասենք, գազի գինը այդ ինքնիշխան կազմավորումների հետ: Պարզվում է, որ այդ «կապը» չի կարելի բացառել: Առայժմ հարցը հանգում է փորձագիտական ենթադրությունների, բայց ելնելով Ռուսաստանի ներկա ղեկավարության սկզբունքազուրկ քաղաքականությունից երկրի համար կենսական գրեթե բոլոր ուղղություններում, մտահոգվել կարելի է:
Եվ այսպես, խոսքը վերաբերում է հետեւյալին. ըստ լուրերի, Ռուսաստանի եվրոպացի գործընկերները համաձայնել են գազի գների բարձրացմանը մի պայմանով, որ նա հրաժարվի Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի պաշտպանությունից: Արդյոք այս հանգամանքը չէ՞ր թեւ տվել Վրաստանի նախագահին աննախադեպ բիրտ հակառուսական հայտարարությունների համար: Հատկապես մեծ է անհանգստությունը Աբխազիայում: Թբիլիսին կարող է հրահրել Գալիի շրջան վերագաղթած 50 հազար վրացիներին, առաջ քաշել ռուսաստանյան խաղաղապահ ուժերի անկարողության եւ նրանց միջազգային ուժերով փոխարինելու հարցը: Բայց վերջիններս էլ են «ամուլ» դուրս գալիս, եւ ամերիկացիների սնուցած վրացական բանակն անցնում է ակտիվ գործողությունների:
Չճանաչված պետությունների կապակցությամբ Ռուսաստանում շրջանառության մեջ է մտնում նաեւ մի տեսակետ, որը բավական հաճախ մարմնավորում է «Ռոդինա» կուսակցության լիդեր Դմիտրի Ռոգոզինը: Այսօր Եվրոպայում շատերն են արդեն համոզվել, որ առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ` այս տարի քաղաքական անկախություն կստանա Կոսովոն, եւ այդ աշխարհամասի կենտրոնում կհառնի մուսուլմանական Մեծ Ալբանիայի բնավ էլ ոչ ուրվականը: Ընդսմին դա կլինի ահաբեկչության ու մաքսանենգության կենտրոն, զենքի ու թմրամիջոցների շտեմարան: Ահա եւ, հարցադրում է Ռոգոզինը, ինչո՞ւ կարելի է բնիկ սերբական քրիստոնեական երկրամասը պարգեւել այլակրոն պետությանը եւ միաժամանակ անտեսել Հյուսիսային Կովկասի արյունակից ժողովուրդների հետ միավորվելու աբխազների ու օսերի ձգտումը: Բոլորը փնովում են Ռուսաստանի կայսերական նկրտումները, իսկ ինչո՞վ են ավելի լավը ոխակալ ու չարանենգ փոքր կայսրությունները, որոնց հետ չեն ուզում ապրել ուրիշ էթնոսները: Եվ եթե Ռուսաստանը չօգտվի Կոսովոյի ստեղծած իրողություններից, ապա դա կլինի նրա երկչոտ դիվանագիտության հերթական անփառունակ պարտությունը, եզրակացնում է Ռոգոզինը:
Ըստ երեւույթին, հայերս էլ մտածելու տեղ ունենք:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա