Մենամարտի հրավեր խորհրդարանում
Եվ այսպեսՙ ԱԺ քառօրյա նիստում մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածուներն առաջադրված են, հարցի առթիվ քննարկումներըՙ ավարտված, խմբակցությունների տեսակետներըՙ լսված, ՄԻՊ թեկնածուներ «Գերագույն խորհուրդ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի եւ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանի եզրափակիչ ելույթներըՙ հնչած: Այսօր արդեն, ժամը 12.15-ին ԱԺ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ կվճռվի, թե ո՞վ է լինելու նոր պաշտպանը: Օրենքը պահանջում է, որ նա ընտրվի խորհրդարանի ձայների 3/5-ովՙ 79 ձայնով, 6 տարի ժամկետով:
Երեկ մտքերի փոխանակության ժամանակ հնչած ելույթների եւ խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած տեսակետներից առանձնացնենք մի քանի տիպականները եւ մեկ պարականոն ելույթ: Վերջինըՙ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանինը, շատ կտրուկ էր. նա կոչ արեց ընդդիմության թեկնածուին հրաժարվել առաջադրումիցՙ նրա առաջադրվելու միակ նպատակը եղել է ԱԺ-ում նրա ելույթի հնչելը, ինչը շատ լավ կատարվել է, իսկ առաջադրումն ապահովել են, որպեսզի հիմնական թեկնածուն այլընտրանք ունենա:
Կոալիցիայի թեկնածուինՙ Ա. Հարությունյանին եւս նա կոչ արեց հրաժարվել թեկնածությունից, քանի որ նրա այսօրվա դիրքը բավական բարձր է, բացի այդ, եթե նրան «ճիշտ ֆունկցիա» հանձնարարվի, նա լավ ֆունկցիոներ է: Ելույթի ընթացքում նա եւ Ռաֆիկ Պետրոսյանը (դահլիճից) վիրավորական արտահայտություններ փոխանակեցին:
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նրանց դիտողություն արեց, թե իրար մենամարտի հրավիրեք, բայց դրսում, եւ տեղում էլ Հ. Խաչատրյանից մարտավկա լինելու հրավեր ստացավ: Նախորդ օրը ՍԻՄ նախագահը հարցրել էր, թե Ա. Հարությունյանը պատրա՞ստ է սիրել նրանց, ում պաշտպանելու է. «Դուք ուզում եք մեր վզին փաթաթել մի մարդու, որը խուճապի է մատնվում այս հարցից, կարծես հարցնում եմՙ դուք ուզո՞ւմ եք անկողին մտնել այն մարդու հետ, ում պաշտպանելու եք»:
Իսկ ելույթի վերջում նա անսպասելի հրավիրեց դահլիճին` մեկ րոպե լռությամբ հարգել այն հայրենակիցների հիշատակը, որոնք անպաշտպան լինելու պատճառով կյանք ու երկիր են կորցրել եւ ապագայում էլ դեռ կորցնելու են. դահլիճը ենթարկվեց:
Մնացածն ընթացավ այն տեսքով, ինչ քառօրյայի առաջին օրը. Վ. Դալլաքյանը շարունակեց հաշվեհարդար համարել Լարիսա Ալավերդյանի հետ կատարվածըՙ ներկայացնելով մարդու իրավունքների վիճակը Հայաստանում եւ ձեռնպահ մնալով ընդդիմության թեկնածու Ռ. Թորոսյանի մասին խոսելուց:
«Արդարություն» խմբակցության անունից նա քաղաքական ելույթ ունեցավՙ շեշտելով, որ մեզ մոտ քաղաքական ավանդույթներ չկան, այլապես դահլիճում կլիներ առաջին պաշտպանը: Արամ Գ. Սարգսյանը համակարգի խնդիրը դիտեց լավ ՄԻՊ ունենալը. «Եթե համակարգը չի փոխվելուՙ պաշտպանը կամ կամակատար է լինելու, կամ հեռացվելու է»: Նա բերեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանի օրինակը, որը մարդու իրավունքներն էր պաշտպանում եւ հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում: Գրիգոր Հարությունյանի այն միտքը մտապահվեց, թե լավ կլիներ ժողովրդավարությունն իրականում զարգացնելու համար մեծամասնությունը փոքրամասնությանը տար ՄԻՊ պաշտոնը:
Արտաշես Գեղամյանը սրտանց շնորհավորեց ԱԺ բոլոր պատգամավորներին (ՕԵԿ-ին եւ ՀՀԿ-ին), քանի որ ընդդիմության թեկնածուին հնարավորություն տրվեց ներկայանալու, եւ քննարկումները կայացան, իսկ Ռ. Թորոսյանի ելույթից նեղացածներին էլ հռետորական հարց ուղղեց. «Պե՞տք է քծներ ձեզ, պե՞տք է սեր բացատրեր...»:
ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով լավագույն պաշտպան կլիներ Պարույր Հայրիկյանը, թեկնածուների մեջ նա չկա, եւ ՄԱԿ անդամները քվեարկելու են յուրաքանչյուրն իր խղճով: Կարծես Վ. Դալլաքյանի ասածին էին հակադարձում ՀՅԴ-ի անունից Լեւոն Մկրտչյանն ու արտահերթ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որոնք շնորհակալություն հայտնեցին Լարիսա Ալավերդյանին` ՄԻՊ պաշտոնի շուրջ դրական մթնոլորտ ստեղծելու համար, կառույցը կայացնելու համար: Առաջինի կարծիքով` սահմանադրական փոփոխություններով այս պաշտոնն ընդլայնել է մարդու իրավունքների պատշպանության շրջանակը, եւ նոր պաշտպանի համար նաեւ պրոֆեսիոնալ որակներ են հարկավոր: Երկրորդը համաձայն չէր «հաշվեհարդար» ձեւակերպմանըՙ Լ. Ալավերդյանի առումով:
Թեկնածուների եզրափակիչ ելույթներից առանձնացնենք 1-2 միտք: Ռ. Թորոսյան. «Իմ թեկնածությունը չեմ հանի, քանի որ քվեարկության արդյունքները նույնպես մտնում են իմ նպատակների մեջ»: Ա. Հարությունյան. «Քննադատելու եմ ՄԻ խախտողներին, բայց օրենքի սահմաններում, օրենքից վեր ինձ չեմ դասելու երբեք»:
Անակնկալներ հազիվ թե լինենՙ բոլոր դեպքերում մենք այսօր կունենանք մարդու իրավունքների նոր պաշտպան:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ