«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ՀԵՏՔԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԾԻ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ

«Լույս եւ հետքի տարածքներ» խորագրով ՆՓԱԿ-ում ներկայացվող Նարեկ Ավետիսյանի նոր նախագիծը 1994-ից սկսած իր «Լույսի ֆիքսում» ակցիայի հարստացված շարունակությունն է, երբ «Հետքերի կտավներ» մտահղացումը նա փորձում էր իրականացնել գործողության, օպտիկականության եւ լույսի համադրումային լուծումներով, որտեղ ներկայանում էր իբրեւ մաքուր եւ ապանյութական արվեստի հետեւորդ:

Նոր նախագիծը ներկայացնում է Նարեկ Ավետիսյանի գեղագիտական հավատամքի որոշակի ասպեկտներ` արվեստագետի հնարավոր պասսիվություն, վառ գունային ընդգծված հակադրություն, պատկերավերացարկում, սեփական ձեռքերի հետքերի միջոցով տարաչափ ու տարաշերտ տարածությունների ստեղծում, վրձնից ձերբազատում. սրանք որպես աշխատանքային մեթոդներ, օգտագործված միջոցները` լույս կլանող ներկեր ու շարժում: Նարեկ Ավետիսյանը ստեղծագործում է վերացական արվեստի մինիմալիստական ուղղության սկզբունքներով, որն արվեստաբանության մեջ ընդունված է կոչել «մաքուր արվեստ», ինչը ենթադրում է գրականությունից, թեմատիկայից, պատկերից դուրս ստեղծագործական մտահղացում: Այսինքն` արտաքին աշխարհի միջամտությունը հասցվում է մինիմալ վիճակների: Վրձնին փոխարինող ձեռքի պարբերական շարժումների գունային ցանցը գոյացնում է նկարչի հետքերի տարածությունը. սա ինքը համարում է գործողության արվեստ, եւ որը Նարեկ Ավետիսյանի համար ինքնօրինակ ծես է:

Հակադիր գույների ստեղծած լուսային ակտիվությունը, տարածականության պատրանքը, ըստ արվեստագետի ստեղծում է ավելի նոր գեղագիտական ընկալում:

Գեղագիտական սուբյեկտիվ ընկալումների գիրկը չընկնելու համար լսենք ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վարդան Ազատյանին. «Նարեկ Ավետիսյանը ցուցադրվող նախագծում առաջադրում է մի քանի խնդիրներ, նախ` հարցականի տակ է դնում միատարր ստեղծագործող հեղինակի կարգավիճակը: Հեղինակի ներկայությունը, անհատական ժեստը (հետքը) բազմացված է: Երկրորդ` նկարին մենք նայում ենք որպես պատրանք ստեղծող մի պատուհան, որ տանում է մեկ այլ աշխարհ: Շեշտվում է կտավի ֆիզիկականությունը, բայց այստեղ նկարը դառնում է տարածական օբյեկտ: Գունային վառ կոնտրաստներով ստեղծված հարթ մակերեսների տարածականությունը լրացվում է կտավների դասավորությամբ (շերտ-շերտ)»:

Չնայած իրարից խիստ տարբեր ձեռնահետքերի գոյությանը` այս ողջ տարածականութունը աչքի մեկ ընդգրկումով թվում է նմանօրինակ, նույնիմաստ մեկ նախագիծ, որի «մի կարեւոր մասը դիտողն է, եւ յուրաքանչյուր կախված օբյեկտ (նկար) ակտիվանում է դիտողի հայացքի ներքո»: Սա ընկալենք իբրեւ փորձարարական արվեստի սրահում գույնի անհատական փորձարկում եւ մեկնաբանություն` պրոբլեմներից զերծ, մաքուր վիճակ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4