«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՈՉ ԹԵ ՄԵԾ ՈՒ ՄԻՋԻՆ, ԱՅԼ 22 ՓՈՔՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ

Նույնիսկ ամենաապահով ջրամբարներում շուրջօրյա հերթապահություն պիտի կազմակերպվի

«Ձյունառատ ձմեռը հանրապետության ջրամբարների համար դեռեւս սպառնալիք չէ, նայած ձյունը ինչպես կհալվի: Եթե եղանակն այնպիսին լինի, որ հարավային քամիներն ու բարձր ջերմաստիճանը զուգորդվեն, վտանգ կլինի, ասում է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը:

Խոշոր ջրամբարներն, այնուամենայնիվ, ապահովագրված են վտանգից: Դրանց մեծ մասը Համաշխարհային բանկի հատուկ ծրագրով վերանորոգվել է: Ըստ ինստիտուտի գլխավոր ինժեներ Գագիկ Ղազարյանի, խոշոր ջրամբարների (վերջին տարիներին արված) նախագծերը հաշվարկվել են ոչ թե 100 կամ 1000, ինչպես առաջ արվում էր, այլ 10 հազար տարին մեկ հավանական մեծ աղետին դիմագրավելու համար:

Հայաստանում այսօր 82 գործող ջրամբարներ կան, որոնցից միայն 16-ն են խոշոր ջրամբարներ: Ամենամեծն Ախուրյանի ջրամբարն է` 500-525 մլն խմ ջրատարողությամբ: «Սակայն նույնիսկ ամենաապահով ջրամբարների սպասարկող անձնակազմերն այս ընթացքում պիտի լինեն զգոն ու մոբիլ (շարժունակ) վիճակում: Պետք է իրականացվի շուրջօրյա հերթապահություն: Հերթապահն ամեն պահ պիտի վերահսկի ու կարգավորի ջրի ելումուտը, թույլ չտա, որ հեղեղումների ժամանակ ջրի ելքը մեծ լինի: Ջրամբարները պիտի ապահովված լինեն նորոգումների համար անհրաժեշտ տեխնիկայով, կարգին վիճակում պիտի լինի փականային տնտեսությունը», ասում է Յուրի Ջավադյանը:

Հիմա ոչ բոլոր փոքր ջրամբարներն են բավարար ապահովված բավարար սարքավորումներով, եւ ինստիտուտի տնօրենի համոզմամբ, այս հարցում անհրաժեշտ շահագրգռվածություն պիտի ցուցաբերեն նաեւ համայնքները:

Մյուս մտահոգությունն այն է, որ ոչ բոլոր ջրամբարներում են աշխատում իսկապես մասնագետ կադրեր, որոնք անհրաժեշտ պահին ճիշտ կկողմնորոշվեն, հստակ վճիռներ կկայացնեն ու կահազանգեն ջրամբարում առաջացած տեխնիկական նույնիսկ աննշան անսարքությունների մասին: Աշխատատեղերի քաղցի հետեւանքով այստեղ էլ հայտնվել են ոչ մասնագետ, պատահական մարդիկ:

Վերջին ժամանակների համար ամենաջրառատ տարին եղել է 1988 թվականը, բայց նույնիսկ այդ ժամանակ պրոբլեմներ առաջացել են ոչ թե ջրատարների, այլ գետերի հորդացման պատճառով: Հունից դուրս են եկել Հրազդանը, Մարմարիկը, Գավառագետը, Արփան` իր վտակներով:

Մասնագետների համոզմամբ, հեղեղումների ժամանակ սպառնալիք սպասվում է միայն 22 փոքր ջրամբարներից: Հայաստանի ողջ տարածքով ցրված, 40-50 տարվա կենսագրությամբ ջրամբարները տասնյակ տարիներ չեն նորոգվել, եւ դրանց ամրացումների նախագիծը նոր-նոր մշակվում է «Հայջրնախագիծ» ինստիտուտում:

Երեւանի համար ամենավտանգավորը Հրազդան գետը եւ Ողջաբերդի, Գետառի հեղեղատարներն են, որոնք քանդված ու փակված են ինքնաշեն կառույցների ու աղբի կուտակումների մեջ: Վտանգի այդ օջախները կքում են ինքնակամ կառուցապատումների բեռի տակ:

Նորոգման կարիք ունի նաեւ Առինջի ջրընդունող կետը: Բավական լուրջ խնդիրներ կան Արզնի ՀԷԿ-ի դերեվացիոն (մոտեցնող) ջրանցքում: Արդեն 6-7 տարի այն վթարային վիճակում է, եւ այս տարվա շռայլ ձմեռը փլուզման իրական սպառնալիք է հատկապես նրա համար:

Քաղաքապետարանում կայացավ հավանական հեղեղների դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Կռահումներ արվեցին առատ ձնհալի դեպքում Հրազդանի, Գետառի, Ողջաբերդի, Երեւանյան լճի վերաբերյալ: Անցանկալի զարգացումների դեպքում միջոցառումներ պիտի ձեռնարկվեն տներն ու մարդկանց ավերածություններից ապահովագրելու համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4