Լրագրությունն ամենամեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից է
Կառավարությունը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը երեկ ներկայացրին մասնագիտական կրթության ասպարեզում պետական քաղաքականության զարգացման նոր հայեցակարգը: Այն առնչվում է այս ոլորտում վաղուց հասունացած ու դեռեւս որեւէ լուծում չստացած խնդրի` բուհերի մասնագիտական համակարգի եւ աշխատաշուկայում առկա պահանջարկի ու առաջարկի միջեւ խորացած հակասությանը:
Առաջարկվող բարեփոխումներից առաջինը պետության կողմից կրթության վարկավորման համակարգի ներդրումն է: Դա անտոկոս վարկ կլինի, որ բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողը կարող է վերցնել` 10-12 տարի անց վերադարձնելու պայմանով, երբ կսկսի աշխատել:
Այս նորությունը բուհը կարող է մատչելի դարձնել անապահով ընտանիքների զավակների համար, որոնցից տասնյակները փող չունենալու պատճառով լքում են ուսումը: «Այսօր անվճար համակարգում սովորում է ուսանողների ընդամենը 25 տոկոսը, վարկային միջոցներով եւս 25-ի ներգրավումը 50 տոկոս մատչելիություն կապահովի` մեզ մոտեցնելով եվրոպական կրթական համակարգի համամասնություններին», նշում է ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: ԱՊՀ մի քանի երկրներում, եւ Ռուսաստանում նույնպես այդ համակարգն արդեն գործում է: Մտավախությունը թերեւս այն է, որ ոչ բոլոր ուսանողները կարող են վերադարձնել վարկը, եւ եթե այդպես լինի, ի՞նչ պետք է ձեռնարկել այդ դեպքում:
Առաջարկվող հաջորդ բարեփոխումը վերաբերում է բուհն ավարտած շրջանավարտի ճակատագրին: Որեւէ ուսումնական հաստատության չի մտահոգում, թե իր նախկին ուսանողներից քանիսը կարողացան տեղ գրավել հագեցած աշխատաշուկայում: Նոր հայեցակարգի համաձայն, բուհերում պիտի ստեղծվեն կարիերայի զարգացման կենտրոններ: Սրանց խնդիրը լինելու են աշխատաշուկայի ամենօրյա, պարբերական ուսումնասիրությունները եւ հայթայթած թափուր աշխատատեղերում շրջանավարտներին զբաղեցնելը:
Աշխատաշուկայում տիրող արտակարգ իրավիճակին համապատասխան հաջորդ քայլը կլինի բուհերի կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավումը` ոչ միայն նրանց ինֆորմացիան օգտագործելու, այլեւ նրանց կողմից կրթական արտադրություններ նախաձեռնելու ակնկալիքով:
Կրթական նոր հայեցակարգը մշակվել է կրթության ու գիտության նախարարության դիմումով, բայց ինչպիսի արձագանքի կարժանանա, դեռեւս անհայտ է անգամ նախագծի հեղինակներին:
Առաջարկներն արվել են 6 սոցիոլոգիական հարցումների հիման վրա, որոնք բավական տարբերվում են հրապարակում առկա պաշտոնական տվյալներից: Հարցումներում ներգրավվել են 27 պետական ու մասնավոր բուհեր եւ 42 մասնագիտություններ:
Ուսմանը զուգընթաց աշխատելը կենսական պարտադիր նորմ է դարձել այսօրվա ուսանողության մեծ զանգվածի համար: Երեւանի 3 խոշոր բուհերում (ԵՊՀ, «Հյուսիսային», ՀՊՄՀ), ըստ հետազոտության, ուսանողների 10,8 տոկոսը ուսմանը զուգահեռ աշխատում է: Հետաքրքրական է, որ աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից մեկը լրագրությունն է: Բուհ ավարտած լրագրողների 70 տոկոսն աշխատում է, 60-ը` հենց իր մասնագիտությամբ: Բուհեր ավարտած գործազուրկ մասնագետների առաջին շարքերում են աստվածաբանները, ընդերքաբանության, ֆիզիկայի, քիմիայի, հոգեբանության ու փիլիսոփայության, պատմության, մի քանի տարի առաջ այնքան նորաձեւ միջազգային հարաբերությունների, պարենամթերքի տեխնոլոգիաների, նույնիսկ անգլերենի մասնագետները:
Մեծ պահանջարկ ունեն ռուսական բանասիրություն, ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներ, բուժական գործ, դեղագիտություն, սոցիոլոգիա մասնագիտությունները: Սրանցից փոքր-ինչ նվազ է ճարտարապետների, մանկաբույժների, տնտեսագետների, ինֆորմացիոն-համակարգչային տեխնոլոգների ու ծրագրավորողների պահանջարկը: Ուսանողները եւ մյուս գործազուրկները հիմնականում աշխատանք գտնում են անձնական նախաձեռնությամբ ու այցելություններով, աշխատանք գտնելու երկրորդ կարեւոր գործոնը ծանոթ-բարեկամների միջնորդություններն են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ