«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՖԻՖԱ-Ն ՊԱՏԺԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Առաջիկա վեց խաղերը թուրքերը կանցկացնեն չեզոք դաշտում

ՖԻՖԱ-ի գործկոմը երկու օր հանգամանալից քննարկելով Թուրքիա-Շվեյցարիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, վերջնական վճիռ է կայացրել: Թուրքիայի հավաքականը ստիպված կլինի պաշտոնական առաջին վեց հանդիպումներն անցկացնել երկրի սահմաններից առնվազն 500 կմ հեռավորության վրա գտնվող չեզոք դաշտում, առանց հանդիսականների: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ալպայ Օզալանը եւ Էմրե Բելոզօղլին որակազրկվել են 6-ական խաղով եւ տուգանվել 15 հազարական ֆրանկով: Նմանատիպ պատժի է արժանացել նաեւ շվեյցարացի ֆուտբոլիստ Բենջամին Հյուգելը, որը հարվածել էր Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մեխմեթ Օձիլեկին: Վերջինիս արգելվել է առաջիկա մեկ տարում ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել: Նա եւս տուգանվել է 15 հազար շվեյցարական ֆրանկով: Երկու խաղ բաց կթողնի Սերկան Բալջին: Երկու խաղով որակազրկվել է նաեւ Շվեյցարիայի հավաքականի բժիշկ Շտեֆան Մայերը: Բացի այդ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 200 հազար շվեյցարական ֆրանկով:

ՖԻՖԱ-ի գործկոմի վերոնշյալ որոշման առնչությամբ Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեդ Ալի Շահիմը հայտարարել է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան վճիռը կբողոքարկի Լոզանի դատարանում: Ըստ Շահիմի, ՖԻՖԱ-ի գործկոմի որոշումն անարդարացի է եւ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում: Իր հերթին ֆեդերացիայի նախագահ Հալուկ Ուլուսոյը հույս է հայտնել, որ Լոզանի դատարանն արդարացի վճիռ կկայացնի:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 12-ին երկու հավաքականների միջեւ կայացած առաջին խաղում արդեն որոշակի լարվածություն էր զգացվում: Բեռնում շվեյցարացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը խաղի ընթացքում բավական նյարդային վիճակում էր եւ անընդհատ վիճաբանում էր մրցավարների հետ: Իսկ խաղից հետո նա խոստացել էր շվեյցարացիներին «ջերմ» ընդունելության արժանացնել Ստամբուլում: Նրա խոստումն իրականացավ: Արդեն Ստամբուլի օդանավակայանում շվեյցարացիներին դիմավորեցին թշնամաբար տրամադրված թուրք ֆանատները, որոնք վիրավորական արտահայտություններ բացականչելով, տարբեր առարկաներ էին նետել հյուրերի ավտոբուսի վրա:

Ինչպես հայտնի է, թեեւ պատասխան խաղում թուրքերը հաղթեցին 4-2 հաշվով, սակայն եզրափակիչի ուղեգիր նվաճեցին շվեյցարացիները: Խաղից անմիջապես հետո շվեյցարացի ֆուտբոլիստների վրա զանազան առարկաներ նետվեցին տրիբունաներից, իսկ հանդերձարանի ճանապարհին երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք սկսվեց, որի հրահրողը թուրք Ալպայն էր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4