Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք թեմի առջեւ ծառացած խնդիրներից: Բայց լավ իմանալով նրա պրպտուն, գործարար խառնվածքը տակավին լենինգրադյան առաքելության տարիներից, ես խնդրեցի սրբազանին որոշ ժամանակ անց նորից հանդիպել, այս անգամ «արծարծելու» եկեղեցուն առնչված... շինարարական հարցերը: Մեր պատմության մեջ քիչ չենք ունեցել կրոնական գործիչներ, որոնք հավատքի սերմանման սուրբ առաքելությունը զուգորդել են կառուցողական գործունեությանը, ժողովրդի կողմից արժանանալով «շինարար» հոգեւորականի վսեմ կոչմանը:
Մեր բեկումնային հախուռն ժամանակներում էլ հայ եկեղեցում առանձնանում են անհատականություններ, որոնք, պարզ ասենք, սիրում են կառուցել, արարել: Եզրաս սրբազանը նրանցից մեկն է: Հիշում եմ, Լենինգրադում այն տարիներին դեռեւս աբեղա Ներսիսյանի հետ երբ մտանք կոմունիստների, ներողություն սրբապիղծ արտահայտությանս համար, ախոռի վերածած Ս. Կատարինե հայկական եկեղեցին, սահմռկեցի. կատարյալ ավերակ էր: Այսօր պիտերահայության պարծանք կազմող ազգային հոգեւոր օջախը մտցված է քաղաքի տեսարժան վայրերի ցուցակի առաջին տասնյակի մեջ:
Սակայն դառնանք մոսկովյան ներկային: Հիրավի ճքճքան ձմեռ է այս տարի ռուսաց մայրաքաղաքում: Որոշեցինք անտեսել բնության հարուցած բոլոր անցանկալիությունները եւ երթ կատարել դեպի այն օբյեկտները, որոնց կառուցումը, հիմնանորոգումը կամ նախապատրաստումը ձեռնարկել է թեմի առաջնորդը:
Բնականաբար, առաջինն այցելեցինք Օլիմպիյսկի պողոտայում կառուցվող հայոց նոր տաճարի շինհրապարակը: Պատկերն, անշուշտ, առաջին հերթին պատկառանք է առաջացնում իր մասշտաբներով. այն հիրավի կլինի խոշորագույն հայ եկեղեցիներից մեկն աշխարհում: Ամենուր գցված լայնածավալ հիմքերի վրա արդեն «հառնում են»... բետոնե սյունաշարերը: Շինությանՙ դրանցից կազմավորվող կմախքը, իհարկե, տակավին հեռու է սուրբ զգացումներ առաջացնելուց: Բայց չի կարող հիացմունք չառաջացնել անողոք ցրտի դեմ հերոսաբար մարտնչող, բայց իրենց պարտականությունների մեջ լրիվ խրված շինարարների աշխատանքը: Սրբազանի «թվաբանական» ճարտար միտքը վերծանում էր շինարարության ընթացքի բազում թվեր ու փաստերՙ ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել, ինչ պիտի արվի առաջիկայում, որ բարերարը ինչքան շինաքար կամ ցեմենտ է «պարգեւել», ով ինչ տեխնիկա է տրամադրել եւ այլն: Զգացվում էր, որ նրա սեւաթույր սքեմը, հայտնվելով շինհրապարակի բոլոր «ծակուծուկերում» ու ակնհայտ հակադրության մեջ մտնելով համայն ցեմենտահողի վերածված տեղանքի հետ, խիստ սթափեցնող ազդեցություն է գործում հատկապես աշխղեկների վրա: Եթե ոչինչ չխանգարի, ասում է սրբազանը, 2-3 տարում կավարտեմ շինարարությունը:
Իսկ ահա իսկական ու փոխաբերական իմաստով ջերմություն էր ճառագում մյուս եկեղեցապատկան շինությունը. Մոսկվայի կենտրոնական թաղամասերից մեկումՙ «Նովոսլորոդսկայա» մետրոկայարանի մոտ ավարտին են մոտենում երեք հարկանի գեղատես շենքի հիմնանորոգման աշխատանքները: Լուսանկարների համեմատությունն անգամ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է եղել շենքը եւ ինչ տեսք է ստացել այժմ: Այն ծառայելու է որպես հայեցի դաստիարակության կենտրոն: Մանրահատակով, կաղնե դռներով, ջերմամեկուսիչ պատուհաններով լուսավոր սենյակները կվերածվեն դասարանների, լսարանների, ցուցասրահների եւ այլն: Հատուկ ուշադրության առարկա կդառնա կրոնի պատմությունը: Բայց սրբազանը մեծ հույսեր է կապում հատկապես հիանալի կահավորված մեծ հանդիսասրահի հետ: Նրա կարծիքով, մոսկվահայերը վերջապես կունենան մի անկյուն, որտեղ կարող են իրար առնվազն... ճանաչել: Հնարավորություն կստեղծվի, որ քաղաքի, Հայաստանից թե սփյուռքից եկած նշանավոր հայերը հանդիպումներ ունենան տեղի հայրենակիցների հետ: Շենքն ունի նաեւ ներքնահարկ, որը սրբազանը մտադիր է կարգի բերելուց հետո օգտագործել հրատարակչական-արտադրական նպատակներով:
Այս շենքից շատ հեռու չէ առաջնորդարանը, որը պարզապես պատմական տպավորիչ առանձնատուն է: Երբ մտանք լրիվ նորացված այդ հաստատությունը, բարեպաշտ հայուհիները փռում էին գորգերը, կախում վարագույրները, կահավորում հյուրասենյակը: Սա արդեն «մնայուն» արժեք է նաեւ հաջորդ առաջնորդների համար: Ամեն ինչ արված է այնպես, որ բոլոր պաշտոնական ու անպաշտոն այցելուներն ու հյուրերը հնարավորություն ունենան օգտվելու հայկական հյուրասիրության առանձնահատկություններից. առաջնորդարանի կողքի ազատ հողակտորը գարնան կողմ կփոխի իր տեսքը...
Եվ, վերջապես, հունվարյան ձմռան ցրտաշունչ «հմայքը» նորեն զգացինք «Պոկլոննայա գորայի» Հաղթանակի հուշահամալիրի բաց տարածքում: Կենտրոնական թանգարանային կառույցի կողքը տեղ է գտել ռուսական եկեղեցին, համեմատաբար ավելի հեռու են մզկիթն ու սինագոգը: Իսկ ահա թեմի առաջնորդը ցույց է տալիս ռուսական եկեղեցու հարեւանությամբ գտնվող բարձրադիր ազատ մի տարածություն եւ հպարտությամբ հայտարարում, որ այստեղ շուտով կբարձրանա... մի նոր սրբությունՙ հայկական մատուռ: Երեւի ավելի հարմար ու տպավորիչ տեղ չճարվեր: Իսկ եթե նայենք մակետին, գուցե մեզ թույլ տանք ենթադրել, որ հայկական եկեղեցաշինության լավագույն ճարտարապետական ավանդույթներով օժտված այս մատուռը կամ, ավելի ճիշտ, Զվարթնոցը հիշեցնող այս գողտրիկ տաճարը կդառնա հուշահամալիրի ամենասքանչելի կառույցը: Եթե, իհարկե, չասեն, թե հայերն էլի սկսեցին գովել:
Արդեն երթի ժամանակ անընդհատ նույն բանն էի մտածում. Ռուսաստանում ստեղծված վայրագ կապիտալիզմի պայմաններում գործ ունենալ դաշնային կամ քաղաքային իշխանությունների հետ եւ արդյունքի հասնել` արդեն հերոսություն է: Իսկ թույլտվություններն ստանալուց հետո էլ պետք է սեփական ուժերով իրականացնել մտահղացումները... Սակայն կյանքը ցույց է տալիս, որ հայ եկեղեցու պատվիրակին, տեղին կլինի ասել, փա՜ռք Աստծո, ամեն ինչ հաջողվում է: Իսկ «ինչպե՞ս» հարցին Եզրաս սրբազան Ներսիսյանը չի պատասխանում, այլ միայն ժպտում է...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա