«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2006-02-08 | #23, 2006-02-09 | #24, 2006-02-10


ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ Արցախում գործող քաղաքական կազմակերպությունները նկատելիորեն աշխուժացել են: Դրա մի արտահայտությունը փետրվարի 9-ին Ստեփանակերտում կազմակերպված «կլոր սեղանն» էր, որի նախաձեռնողը ՀՅԴ ղարաբաղյան կառույցն էր: «Կլոր սեղանի» թեման նվիրված էր ղարաբաղյան կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման ու պետության տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին, որի վիճահարույց ըմբռնումները 1988-ից առ այսօր հակամարտող կողմերի համար շարունակում են մնալ ելակետային:

ՀՅԴ ներկայացուցիչ, պատմաբան Վահրամ Բալայանն իր զեկույցում պատմական էքսկուրս կատարելով 1917-1923 թվականները, Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հիմքով փորձեց ղարաբաղա- ադրբեջանական հակամարտությունը դիտարկել պատմաիրավական դաշտում: Համադրելով արցախահայությանՙ նախորդ դարի սկզբների ու դարավերջի գոյապայքարը, բանախոսն այն տեսակետը հայտնեց, որ ռազմաքաղաքական իրողությունների հետեւանքով տարածքների կորուստ ունեցած Ղարաբաղն այսօր պետք է տարածքային հարցում անզիջում լինի:

Նրա այս տեսակետը պաշտպանելով, ՀՅԴ-ի հետ խորհրդարանական դաշինք կազմած «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ բանակցային գործընթացում ԼՂՀ-ի համար ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները հավասարապես ձեռնտու են, որովհետեւ պետության տարածքի անձեռնմխելիությունը վերաբերում է ուրիշ պետության տարածքային հավակնություններին, իսկ Ղարաբաղի պարագայում խնդիրն այլ է: Այս դիտանկյունից նա համոզմունք հայտնեց, որ սխալ է եղել ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս մղելը, քանի որ դրանով Ղարաբաղը բանակցային սուբյեկտից վերածվել է օբյեկտի:

Նրա այս տեսակետին հակադրվեց ԼՂՀ խորհրդարանում ԱԺԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը: Վերջինիս կարծիքովՙ ինքնորոշման ու տարածքային ամբողջապահության համադրության մեջ խայծ կա, քանզի գտնվելով Ադրբեջանի տարածքային իրավատիրույթումՙ մենք կողմնորոշվել չենք կարող: Չպիտի հորինել մի գայթակղիչ տեսություն ու դառնալ դրա գերին. տարածքային ամբողջականությունը վերաբերում է միայն ճանաչված պետություններին: Իրականն այն է, որ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, այսինքնՙ ԽՍՀՄ տարածքում: Այդ տերությունը 1991 թ. տրոհվել է, եւ այսօր մեզ համար ավելի ծանրակշիռ փաստաթուղթ, քան նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն է, չկա: Դեկտեմբերի 10-ի հանրաքվեի իրավական ուժը գործում է, եւ պետք է ԼՂՀ քաղաքական ուժերը համախմբվեն դրա արդյունքների շուրջը: Վ. Աթանեսյանը դրական գնահատեց հայ դիվանագիտության ջանքերը, նկատել տալով, որ եթե դիվանագիտության բնագավառում հայկական կողմը վատ աշխատերՙ ղարաբաղյան խնդիրը վաղուց լուծված կլիներ հօգուտ Ադրբեջանի: Միեւնույն ժամանակ ընդդիմախոսելով «կլոր սեղանի» որոշ մասնակիցների հնչեցրած տեսակետներին, մասնավորապես հասարակական կարծիքը իշխանություններին պարտադրելու վերաբերյալ, նա ասաց, որ չի կարելի հասարակության մեջ նախապես դնել վտանգավոր գաղափարներ, իսկ իշխանություններին ոչ թե պիտի կասկածի ենթարկել, այլ նպաստել:

«Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ, ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը այսպիսի հարցեր առաջադրեցՙ արդյոք ղարաբաղյան հարցը մտե՞լ է փակուղի, եւ լուծման ի՞նչ նոր ձեւեր կարելի է գտնել բանակցություններում: Կամՙ արդյոք պատերազմի վերսկսման վտանգ կա՞: Նա կասկած հայտնեց, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը հիմնախնդրին որեւէ լուծում կգտնվի:

Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը մատնանշելով նավթային գործոնը, գտավ, որ պետք է ելնել աշխարհաքաղաքական իրողություններից: Կարգավորման հարցում հույսը կտրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունք առաքելությունից, կոմունիստական գաղափարախոսությանը հարիրՙ նա մատնացույց արեց ռուսական դիվանագիտությանը, նշելով, որ Ռուսաստանը շատ ավելին կարող է անել կարգավորման գործում: Հ. Մելքումյանն անհրաժեշտ գտավ ստեղծել խորհրդատվական մի կոմիտե, որը քաղաքական խորհրդատվություններ կարող է առաջարկել ԼՂՀ իշխանություններին:

Նրա համոզմունքին հակադրելով ՀՅԴ դիրքորոշումը, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի ելնում աշխարհաքաղաքական իրողություններից, որովհետեւ անցյալ դարասկզբին հենց այդ իրողություններին է զոհ գնացել Ղարաբաղը:

«Կլոր սեղանի» մասնակիցները միակարծիք եղան այն հարցում, որ եթե 1917-1923 թթ. արցախահայության պայքարի արդյունքը եղել է Խորհրդային Միության ներսում ինքնավարության կարգավիճակ ձեռք բերելը, ապա 1988-ին սկիզբ առած գոյապայքարը պետք է Ղարաբաղին բերի լիարժեք անկախություն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4