Միջազգային միգրացիան բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ինչպես միգրանտների, այնպես էլ ելքի եւ ժամանման երկրների համար, քանի որ երկու դեպքում էլ տեղի է ունենում աշխատաշուկայի փոփոխում: Հայաստանում առանց հավաստի տեղեկությունների եւ միգրացիայի միտումների պատշաճ ուսումնասիրության դժվար կլինի ձեւավորել կենսունակ միգրացիոն քաղաքականություն: Ահա այսպիսի ուսումնասիրություն են անցկացրել «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ն (նախագահ` Աննա Մինասյան), ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Բլանկա Հանչիլովան, ՀՀ կառավարության հետ համատեղ, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ (15000 եվրո):
Երեկ միջոցառմանը հրավիրված հյուրերին ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջույնի խոսք հղեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, նշելով, որ թեպետ աշխատանքային միգրացիան Հայաստանում հասնում է նշանակալի չափերի, փաստացի տեղեկությունները վերջին տասնամյակում եղել են չհամակարգված եւ կցկտուր: Առանց որոշակի ուսումնասիրության կառավարական համապատասխան քաղաքականության մշակումը չափազանց դժվար, իսկ մի շարք ոլորտներում գրեթե անհնարին է եղել: Ահա այդ իսկ պատճառով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մի շարք կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ անց է կացրել 2002-2005 թթ. տնային տնտեսություններում սոցիոլոգիական հարցում եւ արդյունքները ամփոփել է անդրանիկ ժողովածուում: Գրքի հեղինակները ներկայացրին մոնիտորինգի արդյունքները ու վստահեցրին, որ ուսումնասիրությունները շարունակվելու են:
Վեց գլխից բաղկացած գրքում զետեղված ուսումնասիրությունները ՀՀ-ից աշխատանքային էմիգրացիայի առանձնահատկությունների եւ տարածվածության վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելու փորձ է: Երեք մասից բաղկացած հարցաթերթիկին պատասխանել են պատահական բազմաշերտ 1503 տնային տնտեսությունները` բաղկացած 6833 անդամներից: Ըստ հարցման արդյունքների, զբաղված բնակչության մեծամասնությունը վարձու աշխատող է` 57%, բյուջետային` 37%, մասնավոր սեկտոր` 20% եւ 40,7 % ինքնազբաղվածներ են: Նրանցից աշխատունակ տարիքի տղամարդիկ են` 63,8% -ը, 36,2%-ը` կանայք: Անցած երեք տարիների ընթացքում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանից մեկնած միգրանտներից 73.500-93.000-ը պետք է (2005-ի փետրվարի դրությամբ) վերադարձած լինեին եւ 42.500-53.800-ը պետք է դեռ գտնվեին արտերկրում: ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտներից 14,1%-ը կին է, 85,9%-ը` տղամարդ: Ընդհանուր առմամբ միգրանտ են եղել 92.000-118.000 տղամարդ եւ 11.300-22.300 կին, ինչը կազմել է համապատասխանաբար աշխատունակ տղամարդկանց 10,9-14,0%-ը եւ կանանց 1,5-3,0%-ը: Տարիքային կառուցվածքը հիմնականում 21-50 տարեկան է, որը միգրանտների ճնշող մեծամասնությունն է կազմում` 86,6%: Իսկ ամենաակտիվ խումբը 41-50 տարեկաններն են, ամենաերիտասարդը` 20 տարեկան, տարեցը` 69-ը, որոնք միգրանտների թվում չնչին տեղ են զբաղեցնում: Հետաքրքրական է, որ միգրանտների 39,4%-ը ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
Նախքան արտասահման մեկնելը միգրանտների 80,3%-ը վաստակել է ամսական մինչեւ 100 ԱՄՆ դոլար, իսկ արդեն միգրանտները (58,8%) վաստակել են ամսական 250-500 ԱՄՆ դոլար, որը միջին հաշվարկով կազմել է 410 ԱՄՆ դոլար, ընդ որում նվազագույնը` 100, առավելագույնը 1500 դոլար: Իսկ այն հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ, որ չմեկնեն, պատասխանել են` 337 դոլար միջին հաշվարկով: Յուրաքանչյուր միգրանտ մեկ տարվա ընթացքում 1540 դոլար գումար է ուղարկել միջին հաշվարկով, որը եթե տարածվի երեք տարիների միգրանտների ծավալի վրա, ապա ստացվում է, որ աշխատանքային միգրացիայի շնորհիվ ՀՀ դրամական ներհոսքը կազմել է 260-330 միլիոն ԱՄՆ դոլար միայն բանկային փոխադրումներով, եւ այդտեղ չեն մտնում մասնավոր անձանց միջոցով ուղարկված գումարները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ