«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


ԱԼԻԵՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Առայժմ 38 տոկոսի սահմաններում

Ադրբեջանցիների 38,2 տոկոսը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակին: Նման արդյունք է արձանագրել Բաքվի մոնիտորինգային «Ռյայ» կենտրոնը, որը հասարակական կարծիքի հարցում է անցկացրել, նպատակ ունենալով ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքացիների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, 628 հարցվածների մեծ մասը նշել է, որ կողմնակից է կարգավորմանը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Բոլոր հարցվածները դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միանալուն կամ անկախությանը:

628 ադրբեջանցիների 48,7 տոկոսը կողմ է արտահայտվել հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ 38,2 տոկոսը դրական է պատասխանել կարգավորման ռազմական տարբերակին: Հարցվածների 80 տոկոսից ավելին վստահություն է հայտնել, որ Իլհամ Ալիեւը բանակցություններում Ադրբեջանի տարածքների ամբողջականության հարցում զիջումների չի գնա:

Եթե վստահենք Բաքվի մոնիտորինգային կենտրոնի հարցման արդյունքներին, ապա մնում է միայն փաստել, որ հորից Ադրբեջանը ժառանգած Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները որոշակի հիմք են ստեղծել հասարակական կարծիքում նաեւ նման մոտեցման ձեւավորման համար: Եվ դա բնավ էլ փոքր տոկոս չի կազմում: Ինչը վկայում է ադրբեջանական քարոզչամեքենայի արդյունավետության մասին: Դրանում լավագույնս մասնակցում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք այսպես կոչված տեղեկատվական պատերազմում օգտագործում են բառացիորեն բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4