«Ազգի» ներկա համարում «Ռեգիոն» կենտրոնի պատվերով հրապարակում ենք 2 վերլուծաբաններիՙ Հայաստանից Շուշան Խաթլամաջյանի եւ Ադրբեջանից Ջաֆար Գուլիեւի հետ հարցազրույցներ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի եւ կարգավորման հնարավորությունների մասին: Հիշեցնենք, որ նույն հարցազրույցները, ադրբեջաներեն եւ ռուսերեն, պայմանավորվածության համաձայն, փոխադարձաբար լույս են տեսնում Բաքվում հրատարակվող «Նովոյե վրեմյա» թերթի թղթային ու էլեկտրոնային տարբերակներում: Այս ողջ ծրագիրը փորձ է ստուգելու, թե հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանները, լրագրողներն ու մտավորականները ի՞նչ հնարավորություններ են տեսնում ոչ միայն հակամարտության կարգավորման, այլեւ երկու ժողովուրդների մերձեցման:
Հարկավոր է նկատել, որ սույն նախաձեռնությունն այնքան էլ հաշտ աչքով չեն դիտում երկու կողմերի որոշ շրջանակներ եւ անհատներ: Մասնավորապես «Ազգի» հունվարի 28-ի համարում լույս տեսածՙ ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաեւի հարցազրույցը վրդովեցրել է մեր ընթերցողներից շատերին, որոնց բավարար չի թվացել խմբագրության կողմից ճշտումը, թե չենք կիսում նրա տեսակետները: Բողոքի նամակներ ենք ստացել մի շարք ընթերցողներից, որոնց թվում է, որ նման նյութերի հրապարակումը պայմանավորված է նյութական վարձատրությամբ:
Ճշտենքՙ այնքան աննշան է «Ռեգիոնի» տրամադրած նյութերի հրապարակման համար «Ազգի» ստացած գումարը, որ հեշտորեն կարելի էր հրաժարվել դրանից: Այլ է մեր նպատակըՙ ստեղծել ինչ-որ միջոց երկխոսության:
Այսուհանդերձ, ընդունում ենք մեզ գրած ընթերցողների այն առաջարկը, թե ադրբեջանցիների անընդունելի կարծիքների դեպքում չպետք է բավարարվել ընդհանուր բնույթի մակագրությամբ, այլ պետք է հիմնավոր պատասխանել միեւնույն համարում: Խոստանում ենք այսուհետեւ վարվել հենց այդպես: