Իրանի շուրջն ստեղծված իրավիճակի կանխատեսումներն այնքան էլ դրական չեն
Հայ-իրանական հարաբերություններն աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին երեկ քննարկման առարկա էին Մամուլի ազգային ակումբում Խոսրով Հարությունյանի (ՀՔԴՄ), Արամ Գ. Սարգսյանի (ՀԴԿ), Հրանտ Խաչատրյանի (ՍԻՄ), Երջանիկ Աբգարյանի (ՀՀՇ), Կիրո Մանոյանի (Հայ դատի գրասենյակ) եւ Ստեփան Սաֆարյանի (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն) մասնակցությամբ: Հրավիրված էին նաեւ ՀՀ ԱԳՆ-ի, ԱՄՆ-ի եւ Իրանի դեսպանությունների, ՀՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչներ, որոնք չէին ներկայացել:
Արամ Գ. Սարգսյանի մոտեցմամբ, թեման կարեւոր էր, քանի որ Իրանը Հայաստանի համար ոչ միայն բարեկամ, այլեւ ռազմավարական առումով կարեւոր երկիր է: Գնահատելով Իրանի ընդհանուր նկրտումներն ու ատոմային էներգիայի հետազոտությունների շուրջն իրավիճակը, պրն Սարգսյանը նշեց, որ Իրանը չի կարող անտարբեր լինել ԼՂՀ հարցի կարգավորման առնչությամբ, քանի որ չի ցանկանում տարածաշրջանում տեսնել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին: Հայ-իրանական հարաբերությունների կապակցությամբ Արամ Գ. Սարգսյանը կարծում է. «Հայաստանը պիտի հավասարակշիռ քաղաքականություն վարի, որպեսզի ոտնատակ չլինենք»: Ամեն դեպքում, որեւէ խաղաղապահ ուժի առկայությունը տարածաշրջանում պետք է բացառվի, քանի որ, ըստ պրն Սարգսյանի, դա շահեկան է Ադրբեջանին:
Խոսրով Հարությունյանի կարծիքով, Իրանի հարցն ակնհայտորեն առնչություն ունի Հայաստանի անվտանգության հետ: Իրանական կողմի հայտարարություններով այդ երկիրը վճռական դերակատարում է ուզում ստանձնել եւ դա ոչ միայն այս տարածաշրջանում: Խոսրով Հարությունյանը գտնում է, որ տարածաշրջանում տարբեր ուժերի առկայությունը եւ դրանց երկարաժամկետ առումով հավասարակշռությունը ելնում է տարածաշրջանի շահերից: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը ԼՂ գոտում, ապա, ըստ պրն Հարությունյանի, դրանց բացառումը հավանական չէ, եւ քանի որ Հայաստանը չի կարողանա խուսափել խաղաղապահների տեղակայումից, ապա դրանք պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուժերով: «Ես չեմ կարծում, որ մենք պետք է ելքեր գտնենք: Պետք է հստակ ձեւակերպենք մեր առաջնահերթությունները եւ գործենք ըստ այդմ»:
Երջանիկ Աբգարյանը տառացիորեն խառնեց հայ-իրանական, հայ-ռուսական ու նմանատիպ շատ հարաբերություններ: Ըստ պրն Աբգարյանի, բոլորս գիտենք ամեն ինչ, ու դրա համար էլ Հայաստանը պետք է չափազանց զգույշ լինի: Մեկ էլ, Աբգարյանի կարծիքով, հայերը պարտադիր չէ, որ «մետ» լինեն: ՀՀՇ ներկայացուցիչը որպես մե՜ծ բացահայտում հայտարարեց, որ հայերը կարող են իրենց շահերն ունենալ: Չնայած խառնիխուռն մտքերին, Երջանիկ Աբգարյանը հայ-իրանական հարաբերությունների առումով նշեց, որ մենք կախված ենք Իրանից, Իրանի համար անկարեւոր ենք եւ «Իրանի կարիքը հեռահար առումով միշտ կզգանք»:
Կիրո Մանոյանի մատուցմամբ, Իրանի նկատմամբ միջազգային վերջին իրադարձությունները հետեւանք են տարածաշրջանում Իրանի մեծացող դերին: Իրանի միջուկային հետազոտությունների մասով հարցը քաղաքական է, քանի որ, Մանոյանի խոսքերով, իրավական առումով Իրանը ոչ մի խախտում չի արել, ինչով էլ նման չէ Իրաքի միջուկային իրավիճակին: Ըստ Մանոյանի, Հայաստանը պիտի փորձի չխառնվել քանի դեռ հարցը չի հասել Իրանի վրա հարձակվելուն այն պատճառով, որ Իրանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը կարող է նշանակել մեր շրջափակման ավելացում:
«Հիմա ուրվագծվում է կրոնական պատերազմի հնարավորություն նավթի հոտով եւ միջուկային հնարավորությամբ», իր խոսքը նման ձեւակերպմամբ սկսեց Հրանտ Խաչատրյանը: «Հիմա Իրանն ունի նույն ոճի ու պահվածքի, իր ժողովրդից նույն լիազորությունները ստացած նախագահ, ինչպես Մ. Նահանգները», սա էլ Հրանտ Խաչատրյանի երկրորդ շա՜տ կարեւոր միտքն է: Խաղաղապահների տեղակայման դեպքում, ըստ ՍԻՄ նախագահի, Իրանի ժողովուրդը դա դավաճանություն կդիտարկի Հայաստանի կողմից:
Ստեփան Սաֆարյանի խոսքով, անկախ զարգացումների ուղղությունից, ղարաբաղյան հարցի կարգավորումն այս կամ այն կերպ կապված է Իրանի շուրջն ստեղծված իրավիճակի հետ: Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ը հաստատապես կգնա որեւէ քայլի, այսինքնՙ ռազմական գործողությունները կարող են ոչ հեռու հեռանկար լինել: Իրանի ազդեցության մեծացմանն էլ Ստեփան Սաֆարյանը համաձայն չէ, ըստ նրա, Իրանը գնում է մեկուսացման: Ամեն դեպքում Հայաստանը ներկա կարողություններով չի կարող էապես ազդել Իրանի շուրջը ներկա իրավիճակի վրա: Եվ պատերազմի դեպքում մենք կարող ենք դառնալ թատերաբեմ ու արժանանալ Իրանի մեղադրանքին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Քաղաքական մեր գործիչների ու փորձագիտական գնահատականներ տալու փորձ անող անձանց արտահայտած տեսակետներն ավելի շատ մոտ էին «Ում ինչը ցավում է, այդ մասին է խոսում» բանաձեւմանը: Եվ անկախ քաղաքական ուժերի մոտեցումներից, մեկ փաստ պետք է ընդունել, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների եւս մեկ ուղղություն որեւէ դեպքում չի կարող անտարբեր թողնել Հայաստանին: