«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ԴԵՌ ՊԻՏԻ ԽՈՍԵՆ

Ջուղայի խաչքարերըՙ ականատեսի աչքերով

Չնայած Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի վերջին բարբարոսական ոչնչացմանը, այդ եզակի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ եղած հարուստ վավերագրերը մնում են եւ շարունակելու են խոսել: Ճանաչված սեյսմաբան, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը բախտ է ունեցել 1987 թվականին, մասնագիտական գործուղման ժամանակ 5 հոգանոց հայկական խմբով մեկ ժամ լինելու խնդրո առարկա վայրում, որտեղ բազմաթիվ արժեքավոր լուսանկարներ են արել: Դրանցից շատերի պահպանվող լուսապատճենները նա ներկայացրեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ցուցադրված լուսանկարները բավական լավ պատկերացում են տալիս Ջուղայի «խաչքարերի անտառով» նշանավոր, արաքսամերձ երեք բլուրների վրա տարածված գերեզմանատան, նրա ձեռակերտ տապանաքարերի ու խաչքարերի մասին, ներառելով նաեւ նախորդ ավերումների «ձեռագրի» որոշ կողմեր: Ս. Նազարեթյանի վկայությամբՙ իրենց այցելության ժամանակ, խմբի կատարած մոտավոր հաշվարկով այստեղ դեռ մնում էր 3000-3300 կանգուն, թեքված կամ վայր ընկած խաչքար, ներառյալ եկեղեցիների գերեզմանոցներում եղածները: Հիմնականում դեղին ու վարդագույն ավազաքարից պատրաստված, 2 մետր բարձրությամբ ուղղանկյուն խաչքարերի ցուցադրված պատկերներն անջնջելի տպավորություն են թողնում ամեն մեկն իր ուրույն կատարման արվեստով, քրիստոնեական անձնավորված ու խորհրդանիշ-պատկերների եւ հայ հոգու ջերմ ճառագումով: Առանձին հետաքրքրություն էին ներկայացնում նաեւ խոյաձեւ տապանաքարերի ցուցադրված նմուշները:

Պահպանվել են նույն խմբի լուսանկարները Արաքսի մերձակա կիրճիցՙ խաչքարերի մանրատված մնացորդներով: Երեւում է, որ շատ դեպքերում դրանք լցվել են այստեղ, որպեսզի գետը վարարումների ու հեղեղումների ժամանակ քշի-տանի: Հետաքրքրական էին հանված ու եռատված կամ քառատված առանձին խաչքարերի լուսանկարները: Եթե կոթողների որոշ մասը այսպես է արվել հեշտ տեղափոխման համար, ապա կիսված մասերի կանոնավոր տեսքը հավանական է դարձնում, որ այդ վիճակում դրանք ժամանակին նաեւ որեւէ տեղ օգտագործված լինեն:

Պրն Նազարեթյանի տեղեկություններովՙ Ջուղայի խաչքարերից ստույգ փրկվել են 7-ը, որոնք դեռ Վազգեն Ա Վեհափառի խնդրանքով բերվել են եւ գտնվում են 3-ը Սբ. Էջմիածնում, մյուսներըՙ Ռուսաստանում ու առանձին եվրոպական երկրներում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4