Քննարկվում է Քոչարյան-Ալիեւ հանդիպման նոր ամսաթիվ
Փետրվարի 10-11-ին Ֆրանսիայում կայացած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ընդհանուր գնահատման դեպքում, թեկուզ տեղեկության բացակայության պատճառով, շատ հեռու է այդ հանդիպման առնչությամբ բարձրաձայնված լավատեսությունից, էլ չասածՙ բեկումնային լինելուց: Անմիջապես հանդիպումից հետո նախագահների պահպանած լռությանն ի հակադրություն, ենթադրությունների ու թերեւս հավանական իրողությունների տարբեր մեկնաբանություններ հնչեցին:
Նման հայտարարություններից հիշատակման է արժանի նախ եւ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովիՙ իրենց հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունը, թե հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել քննարկվող 9 հարցից 7-ի շուրջը: Մամեդյարովը չկոնկրետացնելով համաձայնեցված 7 հարցերը, նշել է, թե կողմերը համաձայնության չեն եկել «բնակության նախկին վայրեր փախստականների եւ արտագաղթածների վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի առնչությամբ»: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունըՙ չնշելով տեղեկության աղբյուրը, չհամաձայնեցված 2 հարցերի առնչությամբ տեղեկացնում է, թե մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ մյուսըՙ Քելբաջարից հայկական զինված ուժերի դուրսբերումը:
Չնայած մինչեւ փարիզյան հանդիպումն ադրբեջանական մամուլը փորձեց հերքել Մամեդյարովի խոսքերը, թե Ադրբեջանը չի գնա զիջման տարածքային ամբողջականության առումով, բայց այս անգամ եւս Մամեդյարովը չի հապաղել ընդգծելու, որ Ադրբեջանը տարածքային զիջումների չի գնալու: Տես Միեւնույն ժամանակ պաշտոնական Երեւանը, «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, ի դեմս Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի, դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների շարունակման փաստը: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չի մեկնաբանել Բաքվի հայտարարություններըՙ պատճառաբանելով, որ դրանք վերաբերում էին փակ բանակցային գործընթացի մանրամասներին: Ինչ վերաբերում է փարիզյան հանդիպումից անմիջապես առաջ Իլհամ Ալիեւ-Կոնդոլիզա Ռայս հեռախոսազրույցին, ապա Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, Ռայսը Քոչարյանի հետ եւս հեռախոսազրույց է ունեցել անմիջապես փարիզյան հանդիպումից առաջ:
Լրատվական տարբեր աղբյուրներ, անդրադառնալով Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը, բանակցությունների բովանդակության առնչությամբ նշում են նաեւ հայկական եւ ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ միջազգային խաղաղապահ ուժերով դրանց փոխարինման թեմաների քննարկման մասին:
«Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը հայտնել է, որ բանակցություններն ինտենսիվ էին, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության ողջ շրջանակը, բայց համաձայնություն ձեռք չի բերվել: «Քննարկումների արդյունքում կողմերի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել: Հիմա համանախագահները պետք է գնահատեն բանակցությունները», հայտարարել է Սթիվեն Մանը: Նրա ասածը ներկա դրությամբ ընթացքի մեջ է, իսկ ավելի կոնկրետՙ համանախագահները կխորհրդակցեն մարտի սկզբին Վաշինգտոնում, «տեսնելու, թե ո՞ր ուղղությամբ պիտի շարժվեն»:
«Ազատություն» ռադիոկայանը վկայակոչելով իր աղբյուրը, տեղեկացնում է նաեւ, որ Քի Վեսթից հետո եւ հավանաբար ղարաբաղյան գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռամբուեի բանակցություններն ամենալուրջ փորձն էին հակամարտությունը կարգավորելու համար: Ավելինՙ բանակցող կողմերը Քելբաջարի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրների առջեւ են հայտնվելՙ չկարողանալով անցնել առաջ: Նույն աղբյուրը նշել է, որ հանրաքվեն ղարաբաղյան կարգավիճակի մաս է կազմում: Եվ նույն տրամաբանության համաձայն, առաջարկվող մեխանիզմը մոտավորապես հետեւյալն էՙ Քելբաջարի շրջանը հանձնել վերջում, երբ ադրբեջանցիները կհամաձայնեն անցկացնել հանրաքվե, ինչին ադրբեջանական կողմը դեմ է եղել եւ դրանով բանակցությունները դադարել են:
Չնայած այս ամենին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բարձր են գնահատել բանակցությունների ընթացքը, եւ նույնիսկ ցուցումներ են տվել իրենց երկրների արտգործնախարարներինՙ համանախագահների աջակցությամբ գտնել ղարաբաղյան հարցի կարգավորման նոր ուղիներ: Դեռեւս երեկ համանախագահները պետք է մեկնեին Բրյուսելՙ ԵԱՀԿ գործող նախագահինՙ բանակցությունների առնչությամբ իրենց զեկույցը ներկայացնելու համար, իսկ արդեն փարիզյան հանդիպման գնահատականը կտրվի Վաշինգտոնում:
Այսպիսով, ելնելով ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ «հնարավորության պատուհան» ասվածն առնվազն պետք է վերաբերի ողջ 2006 թ.-ին, այլապես, կարելի է փաստել, որ նման որեւէ պատուհան գոյություն չունի: Եվ եթե տեղեկությունների համաձայն Քոչարյանը եւ Ալիեւը որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել են արդեն մարտին Վաշինգտոնում բանակցությունները շարունակելու առնչությամբ, ապա նման ինտենսիվությունը գուցեեւ որոշակի առումով պատուհանի էֆեկտ թողնի: Թեեւ մյուս կողմից տպավորությունը կարող է բացարձակ խաբուսիկ լինել: Ամեն դեպքում Ադրբեջանի անզիջում կեցվածքը սկզբից եւեթ բանակցությունների ձախողումը հնարավոր համարելու հնարավորություն տվեց:
Մեկ այլ մոտեցման դեպքում էլ, եթե ճշմարտությանը մոտ է այսպես կոչված բանակցային գործընթացին մոտ գտնվող աղբյուրների տարածած տեղեկությունը, ապա բանակցություններն իսկապես ձախողված չի կարելի համարել, քանի որ դրանք գոնե ընթացել են մինչեւ որոշակի կետ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ