Միացյալ Նահանգները ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ոչ բավարար զարգացում է արձանագրվել: Այս մասին, «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, ANS հեռուստաընկերությանը հայտնել է Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը: «ԱՄՆ-ը մեծ հույսեր էր կապում Ռամբուեում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցություններում հնարավոր զարգացման եւ համաձայնության ստորագրման հետ: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, այդ առաջընթացն այնքան էլ նշանակալի չէր, որքան մենք սպասում էինք տեսնել», ասել է ԱՄՆ դեսպանը: Հարնիշը նշել է նաեւ, որ Սպիտակ տունը կվերլուծի բանակցությունների արդյունքները, այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ Վաշինգտոնում մարտին կհայտարարի իր վերջնական դիրքորոշումը:
Եթե դիվանագիտական մակարդակով նման որակում է տրվում, ապա կարելի է ասել, որ Մ. Նահանգները որեւէ առաջընթաց չի տեսնում բանակցություններում: Նման դիրքորոշումը տարբերվում է հայկական կողմի մոտեցումից կամ մատուցումից, բայց համահունչ է ադրբեջանական կողմի տարբերակին: Ընդ որում, ադրբեջանական կողմը Ռամբուեի բանակցությունների գնահատականը տալիս շատ ավելի ծայրահեղանում է հանդիպումը կարգավորման բանակցությունների «պրահյան գործընթացի» ավարտ որակելով:
Ադրբեջանցի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները մինչեւ փարիզյան հանդիպումը քիչ թե շատ նշանակալի առաջընթացը վերագրում են Ադրբեջանում եւ Հայաստանում ընտրական փուլում Արեւմուտքի աջակցությունն ստանալու անհրաժեշտությանը: Ադրբեջանական կողմի քաղաքական «միտքը» գտնում է, որ եթե մեծ տերությունները լրջորեն չանցնեն գործի, որեւէ արդյունք չի լինի: Ամեն դեպքում ադրբեջանցիներն ավարտված են համարում պրահյան գործընթացը, բայց ոչ Մինսկի խմբի առաքելությունը:
Որոշ առումով ադրբեջանական կողմի նման գնահատականը փարիզյան բանակցություններին կարելի է նաեւ հիմնավորված համարել այն տեսանկյունից, որ որոշակի հիմք է առաջանում Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների համար: Այնուամենայնիվ, թեեւ արեւմտյան երկրներն էլ գնահատականը տալիս են ոչ բավարար, դա դեռ բանակցությունների տապալում չի նշանակում: Ուստի եւ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը որեւէ հիմնավորում ունենալ չի կարող:
Ա. Հ.
Հ. Գ. Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Օբոզրեւատել» ադրբեջանական ամսագրի խմբագրակազմը որոշել է աշխատանքից հեռացնել քաղաքականության բաժնի պատասխանատու Ռոման Տեմնիկովինՙ հիմնավորելով, որ Տեմնիկովն ինքնակամ գնացել է Լեռնային Ղարաբաղ, ինչն, ըստ ադրբեջանցի լրագրողների, հակասում է ադրբեջանական լրագրության էթիկային, որով արգելվում է համագործակցել «ինքնահռչակ հանրապետության» ներկայացուցիչների հետ: