Մանուչեհր Մոթթաքիի առաջին այցելությունը «բարեկամ ու հարեւան» Հայաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի առաջին այցելությունը Հայաստան տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների, նաեւ տարածաշրջանային խնդիրների առումով էական նշանակություն ունեցող ժամանակահատվածում: Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, քննարկել են էներգետիկ համատեղ ծրագրերի փաթեթ, նաեւ իրանական ներդրումների մեծացման հնարավորությունները: ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ իրանական կողմը քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում Մոթթաքին քննարկել է Հայաստան-Իրան առեւտրատնտեսական ու քաղաքական հարցեր:
Մանուչեհր Մոթթաքին հարցեր է քննարկել նաեւ Վարդան Օսկանյանի հետ: Շնորհավորելով իսլամական հեղափոխության 27-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ համատեղ ասուլիսում նշեց, որ Իրան-Հայաստան հարաբերությունները դառնում են բավականին ընդգրկուն ու խորքային եւ անցնելով երկկողմի սահմանները ձեռք են բերում տարածաշրջանային նշանակություն:
Ներկայացնելով իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները` Վարդան Օսկանյանը ասաց, որ քննարկել են «երկկողմ հարաբերությունները, վերահաստատել դրանք խորացնելու երկուստեք քաղաքական կամքը, կոնկրետ ծրագրեր` գազամուղի կառուցումը, ճանապարհաշինությունը»: Քննարկել են նաեւ հետագա ծրագրեր, մասնավորապես Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, քանի որ երկաթգծի առկայությունը էապես կնպաստի Հյուսիս-Հարավ առանցքի առավել արդյունավետ զարգացմանը` լինելով օգտակար նաեւ տարածաշրջանային խնդիրների լուծման եւ զարգացման առումով:
Իրանի արտգործնախարարը նշեց, որ շնորհակալ է եւ ուրախ առաջին այցելությունը կատարելով «բարեկամ եւ հարեւան երկիր Հայաստան»: Ընդգծելու համար հայերի հանդեպ վերաբերմունքը` Մոթթաքին հիշեց դպրոցական տարիները, երբ իրանահայ դասընկերներ ուներ, նաեւ Իրանի խորհրդարանում աշխատած ժամանակը, որտեղ ջերմ հարաբերություններ է ունեցել հայ պատգամավորների հետ:
Ամերիկյան սպառնալիքներն ու Իրանի «բնական իրավունքը»
Խոսելով միջուկային էներգիայի առնչությամբ Իրանի դիրքորոշման մասին` Մոթթաքին ասաց, որ իրանական կողմը չի շեղվելու ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ճանապարհից: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի հետ ուրանի հարստացման բանակցությունների հետաձգման առումով չնշեց նոր բանակցությունների ամսաթիվ: Իսկ Իրանի հանդեպ ուժ կիրառելու Միացյալ Նահանգների սպառնալիքի մասով Մանուչեհր Մոթթաքին հիշեց ամերիկյան ֆուտբոլը: «Ամերիկացիները ամերիկյան ֆուտբոլ շատ են սիրում, որի հիմնական գաղափարը հարձակվելն է: Եթե չեն կարողանում իրար ծեծել, ծեծում են մրցավարին», պատկերավոր ներկայացրեց Մոթթաքին, հավելելով, որ Իրանը նախընտրում է շախմատը: Ի դեպ, Իրանը որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի հետ չի քննարկում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը: «Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը Իրանի բնական իրավունքն է եւ քննարկման ենթակա չէ: Որեւէ երկրից մենք թույլտվություն չենք խնդրում մեր իրավունքը իրականացնելու համար»:
Բուշեհրի ատոմակայանի վերաբերյալ Մանուչեհր Մոթթաքին ասաց, որ ԱԷԿ-ի շինարարական աշխատանքները ավարտվել են, մոտ ապագայում պատրաստ կլինի վառելիքի ներկրման համար, ինչի մատակարարումը պարտավորվել է իրականացնել Ռուսաստանը: Իրանի տարածքում նոր ատոմակայանների կառուցման առնչությամբ էլ Մոթթաքին նշեց, որ դրանք կսարքվեն մեծ մասամբ իրանցիների կողմից, եթե անհրաժեշտություն լինի` կդիմեն օգնության:
«Լեռնային Ղարաբաղը չի կարող հետքայլ անել»
«Համաձայնություն չեղավ նախագահների միջեւ այն օրակարգային հարցում, որը դրվել էր սեղանի վրա: Բայց կարծում եմ, դա որեւէ կերպ ստվեր չի գցում նախագահների նախորդ հանդիպումների եւ այդ ընթացքում հաջողությունների ու համաձայնությունների վրա»: Համաձայնեցված կետերի որեւէ թիվ չնշելով` Օսկանյանն ասաց. «Փարիզում նախագահների առաջ դրված հարցը բավականին բարդ խնդիր էր, պետք չէր ակնկալել, որ միանգամից այդ հարցը հնարավոր կլիներ լուծել: Ցանկալի էր, որ նախագահները այդ հարցը եւս կարողանային համաձայնեցնել, բայց դա չստացվեց»: Ինչ վերաբերում է բանակցությունների ապագային, ապա Հայաստանի արտգործնախարարը վստահ է, որ շարունակություն կլինի:
Օսկանյանը հերքեց նաեւ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունը, թե Ռամբուեում Քոչարյանը կիսատ է թողել բանակցությունները` հապշտապ վերադառնալով Հայաստան: Օսկանյանը նշեց, որ դա աբսուրդ է, նման բան չի եղել, Քոչարյանը ամբողջ երկու օր եղել է Ռամբուեում եւ Հայաստան է վերադարձել նախատեսված ժամին:
Նախնական այն հայտարարությունների առնչությամբ, թե Ղարաբաղը որոշակի ժամանակ անց որպես կողմ կընդգրկվի բանակցություններում, Օսկանյանը նշեց. «Ռամբուեում դժբախտաբար ամեն ինչ լավ տեղի չունեցավ, դրա համար էլ Ղարաբաղի անմիջական մասնակցությունը օրակարգում չէ, բայց առհասարակ այդ հարցը կա օրակարգում եւ ինչ-որ պահից անխուսափելի է դառնալու»: Իսկ թե ինչ հիմքով են ընթանում բանակցությունները, Օսկանյանը ներկայացրեց այսպես. «Ինչ էլ լինի, Լեռնային Ղարաբաղը չի կարող հետքայլ անել, այն, ինչ ստացվելու է, չի կարող ավելի նվազ լինել եղածից: Դա իրավական դրսեւորումնե՞ր կունենա, թե՞ քաղաքական, կարծում եմ, այս պահին էական չէ: Առհասարակ Ղարաբաղի հարցը միշտ էլ քաղաքական դաշտում է գտնվել, բայց իրավական, պատմական հիմքերն էլ քննարկման նյութ են եղել եւ ծառայել են քաղաքական խնդիրների լուծմանը»:
Իրանի մոտեցումը ԼՂՀ կարգավորման տարբերակներին
Թե արդյոք Իրանի համար ընդունելի կլինի Ադրբեջանի քաղաքական քարտեզի փոփոխությունը (Ղարաբաղի անկախության ընդունման դեպքում) այն մոտեցմամբ, որ Իրանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Մանուչեհր Մոթթաքին պարզաբանեց, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում մնում է նույնը, այսինքն` խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների բանակցությունների շրջանակներում, եւ կողմերը պիտի հասնեն ընդունելի տարբերակի:
Ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Իրանի դիրքորոշման կոշտության տեղեկությունների մասին Մանուչեհր Մոթթաքին ասաց, որ ղարաբաղյան խնդրի որոշումը, որ կկայացվի, առաջին հերթին պայմանավորված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի կամքով, եւ Իրանը աջակցում է այդ արդյունքին:
Իրան-Հայաստան գազատարին 3-րդ կողմի մասնակցության մասին
Իրան-Հայաստան գազամուղի տրամագծին առնչվող հարցերում Ռուսաստանի հնարավոր ճնշման կապակցությամբ Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարները նշեցին, որ գազամուղը հայ-իրանական պայմանագրի արդյունք է եւ միայն կողմերի համաձայնության դեպքում է հնարավոր որեւէ այլ` երրորդ կողմի մասնակցությունը: Օսկանյանը ավելացրեց նաեւ, որ հարցը տարածաշրջանային նշանակություն ունի, բայց նախաձեռնությունը եկել է Իրանից եւ Հայաստանից, որ եւ իրականացվում է այդ երկու երկրների կողմից: «Այն, ինչ որոշվել է ե՛ւ իրականացման, ե՛ւ հետագա շահագործման առումով, կմնա երկկողմ պայմանագրի ոգու եւ տառի շրջանակներում»:
Ծաղրանկարները` քաղաքակրթությունների բախման միջոց
Անդրադառնալով դանիական թերթի աղմկահարույց պատմություն դարձած ծաղրանկարներին` Մոթթաքին նշեց, որ դա հաշվարկված քայլ էր` քաղաքակրթությունների բախում առաջացնելու համար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ