Անդրադառնալով անցյալ շաբաթվա իր «Բոյկոտենք PBS-ի «հավասարակշռող» բանավեճը» հոդվածին (տես «Ազգի» փետրվարի 14-ի համարը) «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գոհունակությամբ տեղեկացնում է, որ բազմահազար բողոքներին եւ էլփոստով ուղարկված խնդրագրերին ի պատասխան դրական տեղաշարժեր են տեղի ունեցել ապրիլի 17-ին նախատեսված հեռուստատեսային ծրագրերի հարցում:
Ինչպես նշված էր, այդ օրը Անդրու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո 25 րոպեանոց «հավասարակշռող» բանավեճ էր հեռարձակվելու, որին մասնակցելու էին մի կողմից պրոֆեսորներ Թաներ Աքչամն ու Պիտեր Բալաքյանը, մյուս կողմից` պրոֆեսորներ Ջաստին Մկքարթին եւ Օմեր Թուրանը համապատասխանաբար Լուիզվիլ (ԱՄՆ) եւ Միջին Արեւելքի տեղեկատվական (Անկարա) համալսարաններից:
Ահա այս բանավեճը բոյկոտելու կոչով էր դիմել Սասունյանն իր անցյալ շաբաթվա հոդվածում, որին անմիջապես արձագանքելով «Հայ դիտորդներ» անվան տակ մի խումբ նախանձախնդիր հայեր ինտերնետային կայքէջ են բացել (www. Petition Online.com/pbspanel/petition.html) խնդրելով բոլոր նրանց, ովքեր դեմ են այդ հեռարձակմանը, ստորագրել այդ էջում: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3.500 տարբեր ազգերի անձնավորություններ (մինչեւ անցյալ երկուշաբթի) 55 երկրներից ստորագրել են այդ խնդրագիրը, որն ուղարկվել է Ամերիկայի Հանրային հեռարձակման համակարգի (PBS-ի) ծրագրերի ավագ փոխնախագահ Ջակուբա Ատլասին: Խնդրագիրը պահանջում է տիկին Ատլասից վերանայել որոշումը եւ չեղյալ համարել բանավեճի հեռարձակումը, պատճառաբանելով, որ Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմում ամեն ինչ շատ լավ, հավասարակշռված ձեւով ասված է եւ բոլորովին կարիք չկա հավելյալ բանավեճերի:
Էլնամակներին եւ բողոքներին արձագանքելով PBS-ը համաձայնել է վերոնշյալ պատճառաբանություններին եւ նշել. «PBS-ը հպարտ է հեռարձակելու այդ ֆիլմը: Բանավեճը նախատեսված չէր ամբիոն տրամադրելու նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության գործադրումը: Պետությունների, պատմաբանների եւ լրատվական գործակալությունների մեծամասնության հետ մենք էլ ընդունում ենք, որ դա (Հայոց ցեղասպանությունը- Հ. Ծ.) տեղի է ունեցել»:
Բացի այս հայտարարությունից PBS-ի շատ կայաններ արդեն իսկ հայտնել են, որ ապրիլի 17-ին ցուցադրելու են միայն «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը:
Այս դրական տեղաշարժերը գնահատելով, Սասունյանը կոչ է անում շարունակել արշավը մինչեւ Ջակոբա Ատլասը («Jatlas@PBS.org.») վերանայի եւ վերջնականապես չեղյալ համարի բանավեճը հեռարձակելու իր որոշումը:
Հ. Ծ.