Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստներն ավարտեցին ուսումնամարզական երկրորդ հավաքը, որը դարձյալ անցկացվեց Արարատի «Այգ» մարզաբազայում: Շաբաթական ցիկլն արարատցիներն ավարտեցին «Փյունիկ-2-ի» հետ ստուգողական հանդիպումով: Էդգար Սաֆարյանի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց «Արարատին»: Ուսումնամարզական հավաքի արդյունքներն ամփոփելու խնդրանքով դիմեցինք «Արարատի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանին:
- Ինչպես եւ ուսումնամարզական առաջին հավաքը, «Այգ» մարզաբազայում անցկացրած երկրորդ հավաքն էլ արդյունավետ էր: Ճիշտ է, եղանակային անբարենպաստ պայմանները որոշակի դժվարություններ էին առաջացրել, որի պատճառով «Էսթեղլալ-Կոտայքի» հետ նախատեսված ստուգողական հանդիպումը չանցկացվեց: Չնայած դրան, տղաները ջանասիրաբար ու էլ ավելի լրջությամբ էին մարզվում, ձգտում էին որքան հնարավոր է լավ նախապատրաստվել նոր մրցաշրջանին: «Փյունիկ-2-ի» հետ ստուգողական վերջին հանդիպումը ցույց տվեց, որ տղաների մոտ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական պատրաստության հարցերում զգալի առաջընթաց կա: Ճիշտ է, ֆուտբոլիստների գործողություններում դեռեւս նկատվում են թերություններ, որոնք շտկման կարիք են զգում եւ այս առումով լիովին բավարարված չենք նրանց խաղային ընդունակությունների դրսեւորմամբ: Սակայն աստիճանաբար ուրվագծվում է թիմի խաղային ձեռագիրը:
- Խաղային օղակների մասին ի՞նչ կասեք;
- Խաղային օղակների համագործակցության, փոխըմբռնման հարցերում զգալի առաջընթաց է նկատվում: Դրան, անշուշտ, նպաստեցին ստուգողական հանդիպումները: Նկատելի է խաղային որակների բարելավում թե՛ պաշտպանվելիս, թե՛ գրոհելիս: Ֆուտբոլիստներն աստիճանաբար խաղային պրակտիկա են ձեռք բերում, մտնում են մարզավիճակի մեջ: Հույս ունեմ, որ մինչ մրցաշրջանի մեկնարկը ստուգողական հաջորդ հանդիպումները կնպաստեն տղաների խաղամակարդակի բարձրացմանը բոլոր առումներով:
- Վերջերս թիմն առաջին համալրումը ստացավ Բրազիլիայից: Ինչպիսի՞ն է առաջին տպավորությունը բրազիլացի 20-ամյա պաշտպան Էմիլիո Պալուչի Կալսանիից:
- Նա «Փյունիկ-2-ի» հետ խաղի երկրորդ խաղակեսին խաղադաշտ մտավ: Ասեմ, որ վատ տպավորություն չթողեց, հասկանում է խաղը, ֆիզիկական լավ տվյալներ ունի: Խաղում է կենտրոնական պաշտպանի գոտում, սակայն կարող է հաջողությամբ գործել պաշտպանության որեւէ դիրքում: Պարզապես դեռեւս ժամանակ է անհրաժեշտ նրան կլիմայափոխվելու, կոլեկտիվին մերվելու համար: Նա դեռ փորձաշրջան պիտի անցնի, ինչը հնարավորություն կտա մեզ ավելի լավ ծանոթանալ նրա ունակություններին: Նշեմ, որ մենք սպասում ենք եւս երկու բրազիլացի ֆուտբոլիստների ժամանմանը: Նրանցից մեկը կիսապաշտպան է, մյուսը` հարձակվող: Հույս ունենք, որ նրանք թիմի կազմում կմասնակցեն ուսումնամարզական հաջորդ հավաքին:
- Առաջին հավաքից հետո դուք թիմի որոշ նորեկների հարցում արդեն կողմնորոշվել էիք, ինչի արդյունքում նրանք պայմանագիր կնքեցին ակումբի հետ: Երկրորդ հավաքից հետո կա՞ն նմանատիպ ֆուտբոլիստներ, որոնց ճակատագիրն արդեն կանխորոշված է:
- Մինչ հաջորդ հավաքի մեկնելը մարզումները շարունակելու ենք Երեւանում եւ կարծում եմ այդ ընթացքում արդեն որոշ ֆուտբոլիստների հետ էլ պայմանագրեր կկնքվեն:
- Տիգրան Եսայանն ու Արթուր Մինասյանը նախորդ հավաքին վնասվածքի պատճառով չկարողացան ամբողջությամբ մասնակցել: Ինչպիսի՞ն է վիճակն այժմ:
- Մենք մտադիր ենք Մինասյանին մասնակից դարձնել 2-րդ հավաքի գոնե վերջին շաբաթվա մարզումներին: Սակայն գիտակցաբար հրաժարվեցինք այդ մտքից` հնարավորություն տալով Արթուրին լիովին ապաքինվելու: Մտավախություն ունեինք, որ վնասվածքը հնարավոր էր կրկնվեր: Ինչ վերաբերում է Տիգրան Եսայանին, ապա նրա մոտ ամեն ինչ նորմալ է, նա ջանասիրաբար է մարզվում` ձգտելով հետ բերել կորցրածը, ինչը ողջունելի է:
- Թիմում կա՞ն վնասվածք ունեցող այլ ֆուտբոլիստներ:
- Ալբերտ Աճեմյանը վնասվածքի պատճառով հավաքի 2-րդ շաբաթին չմասնակցեց:«Փյունիկ-2-ի» հետ խաղում վնասվածք ստացավ Տիգրան Հովհաննիսյանը: Հուսով եմ, որ վնասվածքը լուրջ չէ եւ Տիգրանը շուտ կապաքինվի: Փառք աստծո, մյուսների վիճակը բարվոք է:
- Կարելի՞ է փաստել, որ որոշակիորեն արդեն կողմնորոշվել եք թիմի հիմնական կազմի, կորիզի հարցում, թե՞ առայժմ որոնումների մեջ եք:
- Հարցի վերջնական պատասխանը կտան ուսումնամարզական վերջին հավաքին նախատեսված ստուգողական հանդիպումները: Տեղեկացնեմ, որ փետրվարի 26-ից մարտի 12-ը նախատեսել ենք հավաք անցկացնել արտերկրում` կամ Մերձավոր Արեւելքի որեւէ երկրում, կամ էլ Սոչիում: Այժմ ակումբի ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Այդ հավաքում արդեն հիմնական շեշտը դրվելու է տղաների խաղային որակների, տեխնիկատակտիկական հարցերի զարգացմանը: Նախատեսել ենք ստուգողական չորս հանդիպում: Նորմալ պայմաններում ուժեղ մրցակիցների հետ հանդիպումները հնարավորություն կընձեռեն մեզ վերջնականապես կողմնորոշվելու ֆուտբոլիստների հարցում, ընտրելու թիմի հիմնական կազմի օպտիմալ տարբերակը, նաեւ ամբողջական պատկերացում կազմելու թե՛ լեգեոնականների, թե՛ թիմի ընդհանուր ներուժի մասին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ