«Հայաստանում թռչնագրիպի կրող կարող են լինել հիմնականում ջրլող բադերը, սագերը: Քանի որ թռչնագրիպի տարածման միջոցը արտաթորանքային տեռոզն է, վարակված վայրի թռչունը ջրի մեջ արտաթորելով` տարածում է թռչնագրիպի վիրուսը ջրի մեջ, որից սնվում են մյուս թռչունները: Այս ձեւով կարող են վարակվել նաեւ հավերը, ընտանի թռչունները, քանի որ նրանք հիմնականում խմում են առվի կամ աղբյուրի ջրից», ասաց թռչնաբան Կարեն Աղաբաբյանը երեկ «Թռչնագրիպի կանխումը Հայաստանում» թեմայով ամերիկյան համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ: «Հայաստանում հնարավոր է, որ կա հավանականություն գտնելու վայրի թռչուն, որն ունի թռչնի գրիպի վիրուս, եւ հարց է ծագումՙ ինչո՞ւ մինչ այսօր թռչնագրիպի ոչ մի դեպք արձանագրված չէ», հարցնում է թռչնաբանը եւ պատասխանում, որ միակ տրամաբանական պատասխանը հետեւյալն է. «Ընտանի թռչունները շատ լավ են մեկուսացված եղել վայրի թռչունների հետ շփումից, եւ սա այն ճանապարհներից մեկն է, որով հնարավոր է թռչնագրիպի կանխումը»: Ինչ վերաբերում է թռչունների չուին, ապա մասնագետի կարծիքով, այն հնարավոր չէ վերահսկել: Ըստ նրա, հնարավոր է սպանդ, բայց դա ավելի վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն մարդկանց, այլեւ ամբողջ էկոհամակարգի վրա: Պրն Աղաբաբյանը խորհուրդ տվեց, որ ավելի լավ է մտածել ընտանի թռչունների լավ պահպանման, քան վայրի թռչունների սպանդի մասին:
Որքանո՞վ են ընտանի թռչունները լավ պաշտպանված թռչնագրիպի վիրուսից, դժվար է ասել, բայց նշվեց, որ մասնավոր անձանց ֆերմաներում, բակերում պահվող թռչունների վիճակը պակաս վստահելի է, քան թռչնաբուծական ֆաբրիկաներում եղած թռչունների վիճակը: Մասնավորապես այս մտքի ջատագովն էր կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նա նշեց, որ մեր երկրում եղած մոտ 5,5 մլն ընտանի թռչունների կեսը մասնավոր մարդկանց ձեռքում է, մյուս մասը ֆաբրիկաներում է, եւ վերջիններիս վիճակն ավելի բարվոք է:
Գիտաժողովի մասնագետ-մասնակիցները հիմնականում խոսում էին կատարված աշխատանքների մասին, որոնք ուղղված էին հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագրի իրականացմանը` բնակչության իրազեկում, բրոշյուրների տպագրում եւ բաժանում, սեմինարների կազմակերպում, ողջ հանրապետությունում մասնագետների վերապատրաստում, տեխնիկական վերազինում: Իսկ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն էլ շտապեց հանգստացնել` այսօր Հայաստանում թռչնագրիպ չկա, բացի դրանից երկիր է ներմուծվել մեծաքանակ տամիֆլյու կոչվող բուժանյութ:
Որքան էլ աշխատանքներ տարվում են, մասնագետներն ընդգծում էին զգոնության անհրաժեշտությունը` մանավանդ որ մեր երկիրը գտնվում է վտանգավոր գոտում: «Թեկուզ տանը թռչուն չունես, բայց պետք է զգույշ լինես», հայտարարեց առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էլիզաբեթ Հոֆֆը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ