«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2006-02-17 | #30, 2006-02-18 | #31, 2006-02-21


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Իսպանական Լինարես քաղաքում ավանդաբար անցկացվող շախմատի մրցաշարն այս տարի որոշակի փոփոխության է ենթարկվել: Նախ 7 մասնակցի փոխարեն մրցաշարում հանդես է գալիս 8 շախմատիստ: Իսկ երկրորդը` մրցաշարն անցկացվում է երկու աշխարհամասում: Մրցաշարը մեկնարկել է մեքսիկական Մորելիա քաղաքում: Այստեղ կանցկացվեն առաջին շրջանի հանդիպումները, իսկ մրցաշարի երկրորդ կեսը կմեկնարկի մարտի 3-ին` Լինարեսում: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 380 հազար եվրո է:

Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ մրցաշարին չի մասնակցում Գարի Կասպարովը, որն ինչպես հայտնի է, հրաժեշտ է տվել ակտիվ շախմատին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Կասպարովը Վեսելին Թոփալովի հետ բաժանել էր 1-2-րդ տեղերը: Անցյալ տարվա համեմատ կազմը զգալիորեն փոփոխվել է: Վերջին տարիների մշտական մասնակիցներ Թոփալովի, Լեկոյի, Վալյեխոյի ու Ռաջաբովի հետ մեկտեղ մրցավեճի են բռնվել Պյոտր Սվիդլերը, Վասիլի Իվանչուկը, Լեւոն Արոնյանն ու Էթիեն Բաքրոն: Վերջին երկուսը նման խոշոր մրցաշարի նորեկներն են:

Ինչ խոսք, հայ շախմատիստներն առանձնակի ուշադրությամբ են հետեւելու Լեւոն Արոնյանի մրցելույթներին: Աշխարհի գավաթակիրը Վեյք Ան Զեեում անցկացված մրցաշարում այնքան էլ հաջող հանդես չեկավ` ցույց տալով 50 տոկոսանոց արդյունք: Նշենք, որ Արոնյանն իր վարկանիշով (2752) Լինարեսի մրցաշարի մասնակիցներից զիջում է միայն աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովին (2801): Ընդհանրապես 8 մասնակիցներից յոթի վարկանիշը 2700-ից բարձր է: Ամենացածր վարկանիշն ունի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն (2686):

Մեկնարկը Լեւոն Արոնյանի համար հաջող էր: Առաջին տուրում նա սպիտակներով խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Արոնյանը հմուտ խաղով պարտիան հասցրեց հաղթական վերջաբանի: Նա մրցակցից մեկ զինվոր ավել ուներ, որն անցողիկ էր: 79-րդ քայլում Ռաջաբովը կանգնեցրեց ժամացույցը: Ցավոք Լեւոնին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Երկրորդ տուրում նա սեւերով պարտվեց Վասիլի Իվանչուկին: 2 տուրից հետո Արոնյանի հաշվին գրանցված է մեկ միավոր:

Մրցաշարը պարտությամբ սկսեց աշխարհի չեմպիոն Թոփալովը: Նա սեւերով պարտվեց Պյոտր Սվիդլերին: Հաջորդ տուրում բուլղարացի գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Բաքրոյի հետ: Իսկ Սվիդլերը շարունակեց հաղթարշավը` երկրորդ տուրում էլ հաղթական միավոր գրանցելով Վալյեխոյի հետ մրցախաղում: Սվիդլերը 2 միավորով Պետեր Լեկոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինս հաղթել է Վալյեխոյին ու Ռաջաբովին: Նշված երկու շախմատիստներն առայժմ միավոր չեն վաստակել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4