«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


ՀՈԼՈՔՈՍԹԸ ԺԽՏԱԾ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Բրիտանացի պատմաբան Դեւիդ Իրվինգը մտադիր է գանգատարկել ավստրիական դատարանի վճիռը, որով ինքը 3 տարվա ազատազրկման է դատապարտված Հոլոքոսթի ժխտման համար: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ 67-ամյա աջ արմատական Իրվինգը անցյալում արդեն խոստովանել է սեփական սխալը, նշելով, որ 1989 թ. արած ժխտողական հայտարարությունից հետո իր հայացքները փոխվել են: Ներկայումս նա չի ժխտում նացիստական գազախցերի գոյության փաստը:

Իրվինգի խոսքերով, ինքը ցնցված է դատավճռից եւ գանգատարկելու է այն: Ի դեպ, նա դատարան էր ներկայացել իր «Հիտլերի պատերազմը» սկանդալային գիրքը ձեռքին, որտեղ կասկածի տակ է առնվում Հոլոքոսթի ծավալների հարցը:

Ավստրիայում նա կալանքի տակ է պահվում 2005 թ. նոյեմբերից: Վիեննայի դատարանը ձերբակալության կարգադրություն էր արել դեռ 1989 թ., երբ Իրվինգը հրապարակավ ժխտել էր նացիստական գազախցերի գոյության փաստը:

Անգլիացի պատմաբանը նաեւ պնդել էր, թե Գերմանիայում հրեաների հալածանքները նացիստները չեն ձեռնարկել: Նրա դատապաշտպանները հայտարարել են, որ իրենք սպասում էին, թե Իրվինգը կդատապարտվի ամենաշատը երկու տարվա բանտարկության:

Ավստրիայում հակահրեականության եւ ցեղախտրության դրսեւորումների հեղինակները ենթակա են մինչեւ 10 տարվա բանտարկության: Իրվինգի փաստաբանները փորձեցին նրան ազատ արձակել 24 հազար դոլար գրավի դիմաց, բայց դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

Վերլուծաբանները չեն վարանում նշելու, որ այս դատավճիռը ուղղակիորեն հակասում է կարծիքի ազատության սկզբունքին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4