Լոս Անջելեսում բնակվող բանաստեղծ, մշակութային գործիչ, հրատարակիչ Վարդերես Կարագյոզյանի վերջերս լույս ընծայած «Արարման հետ» բանաստեղծական ժողովածուն վերստին հաստատում է Գ. Հարյանի իրեն ուղղված այն բնորոշումը, թե «նա ճշմարտախույզ է: Տրամաբանության մարտիկ: Հակասությունների միասնության օրենքի հետեւորդ-առաջնորդ: Սրանով է նա ինքնատիպ»:
Վ. Կարագյոզյանը ծնունդով Պոլսից է: 1960 թ.-ին հրատարակած նրա առաջին ժողովածունՙ «Իմ Մասիսը», թուրքական ռազմական իշխանության այդ օրերին քաղաքացիական հանդուգն քայլ համարվեց: Առաջին գրքին հաջորդած մյուս 7 հրատարակություններում եւս հեղինակը հիմնականում հավատարիմ է մնացել գեղագիտական իր չափանիշներին եւ լեզվամտածողությանը, անշուշտ, ապրելով գեղարվեստական արտահայտչամիջոցների նկատելի զարգացում, ինչպես եւ լեզվական գործածության մեջ արեւմտահայերենից անցում արեւելահայերենի:
Վարդերես Կարագյոզյանն ուսումնառությունն ստացել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, իր բանաստեղծություններում ծննդավայրիՙ Պոլսի եւ ուսումնառությանՙ հայաստանյան երկու միջավայրերի մթնոլորտն առարկայորեն ներկա է:
Երեկ մշակույթի Հայկական ֆոնդի կազմակերպմամբ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ Վ. Կարագյոզյանի վերջին «Արարման հետ» գրքի շնորհանդեսը, որը բացեց Արեւշատ Ավագյանըՙ ներկայացնելով հեղինակին իբր մշակութային եռանդուն գործչի. դրա վկայությունը թեկուզ միայն «Էրեբունի» հրատարակչությամբ լույս տեսած գրականության ընտրությունն էՙ «Հայկական խաչքարեր», «Էջմիածնի գանձեր», «Աղթամար, «Հայկական գորգեր», «Սուրբ Էջմիածին», «Հայկական մանրանկարչություն», «Հայկական եկեղեցիներ» եւ այլն: Մեծ աշխատանք է կատարել Կարագյոզյանը 70-80-ական թվականներին հայաստանյան մշակույթի տարածման եւ պրոպագանդման ուղղությամբՙ մասնավորապես հայ կատարողական արվեստը (պետական երգչախումբ, պարի պետական համույթ, էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ եւ այլն) արտերկրում ներկայացնելու գործում: Ինչպես նաեւ կազմակերպել է գեղանկարչական մի շարք ցուցահանդեսներ (Գրիգոր Խանջյան, Ռոբերտ Էլիբեկյան):
Այսօրինակ գործունեությամբ ներկայացվեց Կարագյոզյանի քաղաքացիական կերպարըՙ մտավորականի ազգային ու համամարդկային մտահոգություններով: Ըստ Ռոբերտ Հակոբյանի, պետք է այդ ամենն ունենա նաեւ գնահատման պետական արտահայտություն(մեդալ, պարգեւատրում):
Ելույթ ունեցողներըՙ իր գրչակից գործընկերներըՙ Ֆրունզիկ Կիրակոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Կարագյոզյանի հետ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսանած տարիներից հիշողություններ պատմեցին. խաժակն, իսկապես վարդ երես, հյուրասեր ու կենսասեր մարդ, որի միջոցով իրենք այդ տարիներին ծանոթացել են պոլսահայ գրականությանը, առաջին անգամ լսել Զահրատի, Խրախունու, Հատտեճյանի անունները:
Իր գրականությունն էլ կրում է պոլսահայ միջավայրի ազդեցությունըՙ կյանքի պրոզան բանաստեղծականացնելու պարզությունը, սակայն, ներքին բազում շերտերի առկայությամբ, չբացահայտված գաղտնիքներով:
Ժողովածուն լուրջ քննության ենթարկեցին սփյուռքահայ գրադատ Երվանդ Ազատյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը: Վերջինս գիրքը դիտարկեց պոլսահայ գրական ավանդույթների ու մթնոլորտի ծիրում: Իր հասարակական, ազգային, ստեղծագործական մտահոգություններով, բանաստեղծական արտահայտչաձեւերով, լեզվով, բառախաղային իրոնիկայով կրելով պոլսահայ ժամանակակից բանաստեղծության շունչը, նա նաեւ նոր արահետ է բացում:
Ընդարձակ վերլուծությամբ հանդես եկավ Երվանդ Ազատյանըՙ քննելով Վ. Կարագյոզյանի անցած ուղինՙ միջավայրի, գրական ազդեցություններից մինչեւ վերջին ժողովածուում հեղինակին մտատանջող կենսափիլիսոփայական հարցադրումները: «Բովանդակ գիրքի տարածքին կտիրապետե խոհականությունը, իմացական փնտրտուքը, մարդկային ճակատագրի ունայնությունն ինչպես անհատի վախճանականության վախը, առանց բարձրաթռիչք բառերու գործածութեան, այլ պարզ ու զրուցային գնացքով մը»:
Բանաստեղծական թեմաներն իրենց հավերժական ներկայությամբ հանդերձ (ինչը նաեւ օրինաչափ է)ՙ հայրենիք, սեր, եղեռն, մարդկային զգայական ներաշխարհային ապրումները Կարագյոզյանի մոտ, այնուամենայնիվ, «կոխկրտված ճամփաներե» դուրս են, որովհետեւ նա փորձում է ավելի ինքնատիպ կաղապարների, լեզվամտածողական ուրույն ձեւերի մեջ արտահայտվելՙ զերծ «վերամբարձ ու աղաղակող հայրենասիրութենե», խուսափելով կեղծ «հայերգութենե»: Ինչպես նկատեց բանախոսը նրա համար կարեւոր է «ոչ թե նյութը, այլ միայն իր ըսելիքն այդ նյութի միջոցավ»:
Եվ վերջապես սփյուռքահայ գրողն իր բանաստեղծական ժառանգությամբ հասցեատեր է. «Իր հասցեն ապահով եւ անկողոպտելի տունն է հայ գրականության»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ