Շախմատի Լինարեսի մրցաշարի երրորդ տուրում մասնակիցներից շատերը խաղաղասիրաբար էին տրամադրված: Գուցե պատճառն այն էր, որ հաջորդ օրը նրանք պետք է հանգստանային: Համենայն դեպս, խաղացված 4 պարտիաներից 3-ում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, կատարելով մոտ 20 քայլ: Նման արագությամբ միավորը կիսեցին Սվիդլերն ու Լեկոն, Ռաջաբովն ու Իվանչուկը, Բաքրոն ու Վալյեխոն: Իսկ ահա Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի հետ պարտիայում համառորեն հաղթանակի հասնելու ուղիներ էր փնտրում: Մրցակիցները պարզապես ֆանտաստիկ պարտիա անցկացրին: Երկու շախմատիստներն էլ հաղթանակի հասնելու ուղիներ չգտնելով, հաշտություն կնքեցին 120-րդ քայլում:
Այսպիսով, երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Պյոտր Սվիդլերն ու Պետեր Լեկոն: Առաջատարներից կես միավորով հետ է մնում Վասիլի Իվանչուկը: 4-5-րդ տեղերը 1,5-ական միավորով բաժանում են Լեւոն Արոնյանն ու Էթիեն Բաքրոն, որոնց հաջորդում է աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը (1 միավոր): Հետնապահներն են ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն, որոնց հաշվին գրանցված է ընդամենը կես միավոր: 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու է Վալյեխոյի հետ: Այնպես որ հայ շախմատիստը լավ հնարավորություն ունի հաղթելու մրցակցին եւ բարելավելու մրցաշարային վիճակը: Մյուս հետնապահըՙ Ռաջաբովը սեւերով խաղալու է Թոփալովի հետ: Կկայանան նաեւ Լեկո-Իվանչուկ, Սվիդլեր-Բաքրո պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ