«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


«ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ 110 ԴՈԼԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԹԱՆԿԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ 3 ԴՐԱՄՈՎ»

Էներգետիկ անվտանգության բարձրացմանն առնչվող քննարկման ժամանակ հայտնեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահը

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համար: Սա երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված քննարկման հիմնական խնդիրն էր: Քննարկումը կազմակերպել էր Ազգային Ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, որը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ չնայած Հայաստանի էներգետիկ համակարգը կայացած է եւ մրցունակ, բայց դեռեւս հարց է, թե որքանով է անկախ: Նրա հավաստիացմամբ, քննարկումը կազմակերպվել է էներգետիկ անվտանգության հնարավոր կորուստը թույլ չտալու համար եւ «որպեսզի այս ոլորտը Հայաստանից կախված լինի, ոչ թե արտերկրից»:

Քննարկման ժամանակ հիմնական ելույթ ունեցողն ու էներգետիկ ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությունը ներկայացնողը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էր: Նրա ներկայացմամբ` էներգետիկ անվտանգության բարձրացման առաջին ուղղությունը գազամատակարարման դիվերսիֆիկացումն է, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ մեկ գազատարից ունեցած միակողմանի կախվածությունից: Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն էլ հաջողությամբ ընթանում է: Երկրորդ կարեւոր գործոնն այստեղ ատոմակայանն է: Հանձնաժողովի փոխնախագահը նշեց, որ գործող ԱԷԿ-ի գործունեության ժամկետը լրանալուց հետո պետք է դրվի նոր ատոմակայան կառուցելու հարցը: Միաժամանակ լիարժեքորեն պետք է օգտագործվեն մյուս ռեսուրսներըՙ հիդրոէներգետիկան, քամու, ընդերքի եւ արեւի էներգիան, բիոզանգվածը եւ այլն: Այս ուղղությամբ արդեն էական տեղաշարժեր են կատարվել: Եթե մինչ նախանցյալ տարի ընդամենը 25 ՀԷԿ-եր էին գործում, ապա հիմա հանձնաժողովի կողմից ՀԷԿ-եր կառուցելու համար տրված լիցենզիաները հասել են 60-ի: Քամու էներգիան օգտագործող ագրեգատներ են տեղադրվել Պուշկինի լեռնանցքում: Ճապոնական ընկերությունները ցանկություն ունեն էներգիա ստանալ բիոզանգվածից:

Նիկոլայ Գրիգորյանի հավաստմամբ, Հայաստանն ունի մինչեւ 3500 մեգավատտ հզորություններ, որի միայն 30 տոկոսն է օգտագործվում: Այլ բան է սակայն, որ ամենամեծ հզորություն ունեցող կայաններից, օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ը գտնվում է մաշված վիճակում եւ ունի ցածր օգտակար գործողության գործակից:

Այն հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա ընդհանրապես եւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա մասնավորապես գազի սակագների թանկացումը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ բնականաբար տնտեսության վրա որոշ ազդեցություն կունենա, բայց դա աղետալի չի լինի: 1000 խմ-ի համար 110 դոլար սակագնի դեպքում, ըստ Նիկոլայ Գրիգորյանի, էլեկտրաէներգիան կարող է թանկանալ մինչեւ 3 դրամով: Սակայն նա նշեց, որ դրանք նախնական հաշվարկներ են, որոնք կատարվել են տարբեր սցենարներիՙ գազի սակագնի 90 դոլար, 100 դոլար եւ անգամ 110 դոլարից ավելի դառնալու դեպքերի համար նույնպես:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Արշակյանի կարծիքով` ատոմակայանը ի վիճակի չէ բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը, քանի որ նրա աշխատանքի համար պահանջվում են մեծ հզորություններ: Գիտնականի համոզմամբ, մեզ անհրաժեշտ է ունենալ ներմուծվող ռեսուրսի առնվազն 90 օրվա պաշար, այսինքն` «2,5 մլն տոննա նավթային համարժեքով էլեկտրաէներգիա»:

Վերլուծաբան Դավիթ Պետրոսյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ էներգետիկ անվտանգության բարձրացման համար այժմ էլ պետք է ազգայնացնենք բաշխիչ ցանցերը եւ դրանք հանձնենք կառավարման: Իսկ ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, էքսկուրս կատարելով դեպի ոչ հեռավոր անցյալը, նշեց, որ 94 թ.-ից Իրանը պատրաստակամություն է հայտնում Հայաստանին գազ մատակարարել 1500 մմ տրամագծով գազատարով, հետեւաբար ներքին պահանջների բավարարման համար Իրան-Հայաստանի 700 մմ տրամագծով գազատարի կառուցումը պետք չէ մեծ հաղթանակ համարել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4