ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի փուլը հաջողությամբ հաղթահարեց Բուխարեստի «Ռապիդը», որի կազմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը: «Ռապիդը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց գերմանական «Հերտային», որին հաղթել էր նաեւ մրցակցի դաշտում (1-0): Այդ հաջողությունում մեծ էր Արտավազդ Քարամյանի ներդրումը: Պատահական չէ, որ «Ռապիդի» սեփականատեր, Ռումինիայի փոխվարչապետ Ջորջե Կոպոսը լրագրողներին տեղեկացրել էր, որ մարզադաշտում գտնված երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն հիացած էր մնացել Արտավազդ Քարամյանի ցուցադրած խաղով: Ռումինիայի նախագահը հայտարարել էր, որ հարկավոր է հայ ֆուտբոլիստին ռումինական քաղաքացիություն շնորհել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հանդես գալու Ռումինիայի ազգային հավաքականում:
1/8 եզրափակիչում «Ռապիդի» մրցակիցը կլինի գերմանական մեկ այլ թիմ` «Համբուրգը»: Վերջինս սեփական հարկի տակ ռեւանշի հասավ շվեյցարական «Թունի» նկատմամբ (2-0) առաջին խաղում կրած պարտության դիմաց (0-1): Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից պայքարը շարունակում է միայն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը սեփական հարկի տակ էլ առավելության հասավ նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ (2-1): 1/8 եզրափակիչում «Զենիթի» մրցակիցը կլինի «Մարսելը»: Վերջինս պայքարից դուրս մղեց անգլիական «Բոլտոնին» (0-0, 2-1):
Իսկ ահա Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Դոնեցկի «Շախտյորը» դուրս մնացին հետագա պայքարից: «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս էլ զիջեց իսպանական «Սեւիլիային» (0-2), իսկ «Շախտյորը» չկարողացավ սեփական հարկի տակ ռեւանշի հասնել ֆրանսիական «Լիլից» առաջին խաղում կրած պարտության դիմաց (2-3): Դոնեցկում խաղն ավարտվեց ոչ-ոքի (0-0): 1/16 եզրափակիչի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները (փակագծում նշված է առաջին խաղի հաշիվը). «Ստրասբուրգ»-«Լիտեքս»` 0-0(2-0), «Միդլսբրո»-«Շտուտգարտ»` 0-1(2-1), «Պալերմո»-«Սլավիա»` 1-0(1-2), «Ստյաուա»-«Հերենվեն»` 0-1(3-1), «Մոնակո»-«Բազել»` 1-1(0-1), «Լանս»-«Ուդինեզե»` 1-0(0-3), «Էսպանյոլ»-«Շալկե-04»` 0-3(1-2), «Ռոմա»-«Բրյուգե»` 2-1(2-1), «Ալկմար»-«Բետիս»` 2-1(0-2), «Լեւսկի»-«Արտմեդիա»` 2-0(1-0):
1/8 եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ զույգերը.
«Մարսել»-«Զենիթ»
«Ստյաուա»-«Բետիս»
«Պալերմո»-«Շալկե-04»
«Բազել»-«Ստրասբուրգ»
«Ուդինեզե»-«Լեւսկի»
«Միդլսբրո»-«Ռոմա»
«Լիլ»-«Սեւիլիա»
«Ռապիդ»-«Համբուրգ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ