«Վաշինգտոնում մարտի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա գործողությունների ծրագիրը Ռամբուեում ձեռք բերված արդյունքների հիման վրա: Ուստի եւ ճիշտ չի լինի որեւէ առաջընթաց ակնկալել վաշինգտոնյան հանդիպումից», այս մասին, «Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը:
Հարնիշը նշել է նաեւ. «Ամերիկյան կողմը հավատում է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող համանախագահներին կհաջողվի օգտակար խորհրդակցություն անցկացնել»:
Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանի վերջերս կատարած հայտարարությանը, Մ. Նահանգների դեսպանը պարզաբանել է, որ եթե հակամարտության լուծում ձեռք չբերվի, հնարավոր է մի քանի տարբերակ, այդ թվումՙ պատերազմ: «Ես բազմիցս խոսել եմ այն մասին, թե (կովկասյան տարածաշրջանում պատերազմի դեպքում-Ա. Հ.) ինչ ողբերգություններ կարող են առաջանալ: Անհրաժեշտ է հիշել, թե ինչ ծանր պայմաններում են ապրում տեղահանվածները, ուստի մենք երկու կողմի քաղաքական գործիչներին կոչ ենք անում ելք գտնել այս իրավիճակից»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները հիասթափված է Ռամբուեի նախագահների հանդիպման արդյունքից, Ռինո Հարնիշն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում համաձայնությունների ձեռքբերումը հեռու չէ: «Հուսով եմ, որ ԱՄՆ-ը կհասնի այս հակամարտության կարգավորմանը կողմերի մասնակցությամբ»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հիշեցրել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում այս տարի ընտրությունների բացակայության փաստը եւ, ըստ այդմ, որոշակի ժամանակի առկայությունը բարդ հարցերում համաձայնության գալու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ