«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2006-02-28 | #37, 2006-03-01 | #38, 2006-03-02


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Խորհրդարանական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում երեկ քննարկման թեմա էր «Հայելի» ակումբում, որի հյուրերն էին ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը եւ Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Վերջինս, մինչեւ խոսքն սկսելը, ներկայացավ նաեւ որպես փորձագետ, ադրբեջանահայության ներկայացուցիչ:

Ի սկզբանե իր դժգոհությունն արտահայտելով ղարաբաղյան հարցում Հայաստանի խորհրդարանի վարած դիվանագիտության առնչությամբ, պրն Մանասյանը նշեց, որ, ըստ իրեն, մենք գործը տանուլ ենք տալիս բոլոր ուղղություններով, քանի որ չունենք ընդհանուր մշակված հայեցակարգ:

Շավարշ Քոչարյանը համաձայնելով արտահայտած մտահոգությանը, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը փաստ է բոլոր տեսակետներով, եւ արդեն տասը տարի գոյություն ունեցող պետությունն իր ընտրություններում թերեւս ավելի ժողովրդավարական է, քան Հայաստանը եւ Ադրբեջանը:

Խոսելով դիվանագիտության ընդհանուր իրավիճակից, Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, ըստ իրեն, կատարված երկու մեծագույն սխալ: Նախՙ սխալ էր, որ ժամանակին Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երկրորդՙ սխալ էր, որ 1998 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանը փոխարինեց Ղարաբաղին հակամարտության կարգավորման գործում, ինչը ձեռնտու էր Ադրբեջանին: Այս ամենից Քոչարյանը եզրակացնում է, որ ստեղծվելիք հայեցակարգի հիմքում հստակ պետք է դրվի մի բան. պետք է ընդունվի Ղարաբաղի ժողովրդի կամքը, որն արտահայտվել է հանրաքվեով:

Ալեքսանդր Մանասյանը չհամաձայնեց ինքնորոշումը կարեւորելու տեսակետին: Ըստ Մանասյանի, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է վաղուցՙ 1920 թ.-ին, եւ հիմա մնում է միայն հարգանք պահանջել այդ իրավունքի հանդեպ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4