Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման դեմ բարձրացված միջազգային ընդվզումին միացել է նաեւ Կիպրոսը: «Սայփրըս ուիքլի» թերթում տպագրվել է Աթենա Կարսերայի ադրբեջանցիների բարբարոսությունը դատապարտող հոդվածը: Առաջին իսկ տողերում հոդվածագիրը շեշտում է հայկական միջնադարյան խաչքարերը ջարդուփշուր անելով հայերի պատմական հետքը Նախիջեւանից վերացնելու Ադրբեջանի քաղաքականության էությունը: Կիպրոսի խորհրդարանում հայ պատգամավոր Վահագն Ադամյանը հիշյալ թերթին տեղեկացրել է, որ խնդրո առարկա հարցը քննարկվել է Եվրոխորհրդարանում: «Կիպրոսում մենք արձագանքել ենք խաչքարերի ոչնչացմանը, դատապարտող հայտարարություններ ենք արել, բայց ես հավատում եմ, որ որոշակի արդյունքի կարելի է հասնել միայն Եվրոխորհրդի միջոցով», ասել է Վահագն Ադամյանը, նշելով, որ Դիսի կուսակցության անդամ, Եվրոխորհրդի պատգամավոր Յանակիս Կասուլիդեսը հարցը ներկայացրել է Եվրոխորհրդի ավստրիական պատվիրակությանը: Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը կապվել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրի հետ: Ադամյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորին ցուցաբերած միջամտության համար, միաժամանակ ընդգծելով հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ Եվրոխորհրդի ընդունած բանաձեւը, Ադրբեջանին կոչ է արել թույլատրել փորձագետների մուտքն այնտեղ եւ հնարավորություն տալ գնահատելու հասցված վնասի չափը:
Հոդվածում նշվել է նաեւ Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունները միջազգային կազմակերպությունների միջամտությամբ Ադրբեջանի վրա ազդելու եւ Նախիջեւանում դեռեւս մնացած եկեղեցիները վանդալիզմից փրկելու վերաբերյալ:
Չեն մոռացվել հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդի դատապարտող խոսքերը հայկական հուշարձանների ոչնչացման փաստի վերաբերյալ:
Ռ. Պ.