«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2006-02-28 | #37, 2006-03-01 | #38, 2006-03-02


ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՌՉՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ԳՆԵՐԸ

Հայաստանում նվազում են միայն ծավալները, իսկ գներըՙ ոչ մի դեպքում

Թռչնագրիպի պատճառով աշխարհում թռչնարտադրության ծավալների կտրուկ անկման մասին լրատվամիջոցներին տեղեկություններ է հաղորդել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Նենսի Մորգանը: Վերջինս մասնավորապես հայտարարել է, որ 2006 թ.-ին 3 մլն տոննայով նվազել է թռչնամսի իրացումը:

Եվրոպայում առավել ծանր վիճակ է ստեղծվել Իտալիայում, որտեղ թռչնի մսի իրացումը նվազել է 70 տոկոսով, Ֆրանսիայումՙ 20 տոկոսով, հյուսիսային Եվրոպայումՙ 10 տոկոսով: Հնդկաստանում թռչնամսի իրացման ծավալներն արձանագրել են 25 տոկոսով անկում, իսկ գինը նվազել է 12-13 տոկոսով: ԱՄՆ-ից թռչնամսի արտահանումը անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ, երբ արձանագրվել էին արտահանման ամենամեծ ծավալները, նոյեմբերին եւ դեկտեմբերին նվազել է 13 տոկոսով: Սակայն թռչնագրիպից առավել տուժած երկիրը թերեւս Բրազիլիան է, որի արտահանման ընդհանուր ծավալների մեջ այս ճյուղը զբաղեցնում է 30 տոկոսը, որն այժմ կտրուկ նվազել է: FAO-ի ներկայացուցչի ասածից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ն, Բրազիլիան եւ Եվրոմիության երկրները միասին արտադրում են այս ճյուղի համաշխարհային ծավալների 70 տոկոսը:

Հիշեցնենք, որ իրենց կորուստների մասին հաճախակի տագնապ են հնչեցնում նաեւ Հայաստանի թռչնաֆաբրիկաների սեփականատերերը, բայց ի տարբերություն իրենց արտասահմանցի գործընկերների, նրանք մտադիր էլ չեն իջեցնել իրենց արտադրանքի գները: Այս դեպքում արդեն մեր թռչնարտադրողները չեն խոսում բիզնեսի տրամաբանության մասին, այլ միայն դիմում են սպառողների հայրենասիրությանըՙ կոչ անելով փրկել տեղական արտադրությունը: Սակայն, երբ յուրաքանչյուր Նոր տարվա եւ Զատկի նախօրեին այդ նույն մարդիկ հակամրցակցային համաձայնության գալով, արհեստականորեն բարձրացնում էին իրենց արտադրանքի գները, հայրենասիրական զեղումներով առանձնապես չէին տառապում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4