«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2006-03-02 | #39, 2006-03-03 | #40, 2006-03-04


ԽԵՂՎԱԾ ԱՐՏԱՔԻՆՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Ժամանակները փոխվում են, ճաշակներըՙ նույնպես: Գեղանկարչության ո՞ր ուղղություններն են մեր օրերում առավել գնահատվում, որո՞նք են առավել մեծ գումարներով վաճառվում միջազգային աճուրդներում: Այս հարցերի պատասխանն է տալիս «Ինտերնեշնլ Հերըլդ Տրիպյունի» փետրվարի 11-12-ի համարում թերթի արվեստի բաժնի մշտական գրաքննադատ, արվեստաբան ՍՈՒՐԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:

Արեւմտյան հասարակության մեջ արվեստի գործերի հանդեպ էսթետիկական նոր մոտեցում է նկատվում: Դա չափազանց հստակ արտացոլվեց փետրվարի 6-8-ը Քրիսթիում եւ Սոթբիում կազմակերպված ժամանակակից արվեստի գործերի աճուրդի ընթացքում, որտեղ գերմանացի եւ այլազգի էքսպրեսիոնիստների ստեղծագործությունները վաճառվեցին աներեւակայելի բարձր գումարներով:

Հենրիխ Կամպենդոնքի «Կովը եւ հորթը» կտավը, որտեղ ֆրանսիական կուբիզմի եւ սյուրռեալիզմի հետքերն ակնհայտ են, եւ որտեղ կարմիր եւ կապույտ գույների բախումն առավել նկատելի է դարձնում կենդանիների արտահայտած զայրույթը, վաճառվեց ռեկորդային 2.96 միլիոն դոլարով (1.68 մլն ֆունտ ստեռլինգ), գերազանցելով բոլոր ակնկալիքները, Լյուդվիգ Մեյդների «Հայտնություն» բնանկարըՙ 1.8 մլն ֆունտ ստեռլինգով, իսկ Էգոն Շիլիի «Ծնկաչոք մերկ կինը» գծանկարըՙ 4.15 մլն ֆունտ ստեռլինգով, դարձյալ ռեկորդայինՙ վիեննացի նկարչի համար, որի գծանկարը տեխնիկական առումով թեեւ էքսպրեսիոնիստական չէ, սակայն էսթետիկական տեսակետից մոտիկ է դրան: Կնոջ ոսկրոտ մարմինը եւ կարմիր գույնի քսուկները անտանելի ցավ ու տառապանք են արտահայտում այս կտավում:

Չորրորդ կտավըՙ Էռնստ Լյուդվիգ Կիրխների «Սպիտակազգեստ կինը» (1908 թ.) բերեց 4.93 մլն դոլար: Շողշողուն արեւի տակ խոտի վրա նստած կինն ավելի շատ տրամադրություն է ստեղծում այստեղ իր կապույտ, կարմիր եւ սեւ գույների վրձնահարվածներով: Հեռվում մի տղաՙ փոս ընկած աչքերով եւ անորոշ ձեռքերով ու ոտքերով կուչ է եկել բլրի վրա եւ կարծես մղձավանջային երազից դուրս եկած մի կերպար լինի: Իսկ ֆոնի վրաՙ Ադամ եւ Եվայի պարզեցված, երգիծանկարային տարբերակն է: Դժվար է ասել այս երեք բաղկացուցիչ մասերից, որն ավելի նպաստեց գնի աճին:

Մղձավանջային եւ բռնության տեսարանների որոնումների մեջ ընկած գնորդների համար ամենացայտուն օրինակը թերեւս Ալեքսեյ Յավլենսկու 1912-ին վրձնած «Մուգ հոնքերը» կտավն էր, որտեղ հաստ սեւ գույներով ներկայացված կինը, իր մեծ աչքերով եւ կարմիր քթով ուրվականի տպավորություն է գործում: Կտավը վաճառվեց 3.14 մլն ֆունտ ստեռլինգովՙ չորս անգամ ավելի, քան վաճառվել էր 2001 թվին Քրիսթիում:

Պարզությունը, նրբությունն ու քնքշությունը քիչ տեղ են զբաղեցնում ժամանակակից արվեստասերների ճաշակում: Էմիլ Նոլդեյի պարտեզի տեսարանով հրաշալի կտավը, որը 2001-ի հունիսին 938.750 ֆունտ ստեռլինգ էր բերել, այժմ աննկատ անցավ: Մաքուր, կապույտ երկնքի ֆոնի վրա կարմիր թրաշուշանների ներդաշնակային գոյությունը հետաքրքրություն չառաջացրեց: Ի հակադրություն, Նոլդեյի պարտեզի տեսարանով մեկ ուրիշ կտավ, որը խաչաձեւ, խայտաբղետ գույների վրձնահարվածներով է կատարված, վաճառվեց 792 հազար ֆունտ ստեռլինգով: Իսկ նրա «Եռագույն մանուշակները» կտավը, որը թրթռուն մուգ կարմիր, նարնջագույն եւ փիրուզականաչավուն վրձնահարվածների միաձուլումից է ստեղված եւ 1965-ին Նյու Յորքի Նոդլեր պատկերասրահից մի ամերիկացի հավաքորդ էր գնել, Սոթբիում հասավ 1.91 մլն ֆունտ ստեռլինգի արժողության: Մինչդեռ պոետական խորհրդավորությամբ պատված մի չորրորդ չափազանց գեղեցիկ կտավ նույն վարպետի կատարմամբ գնահատվեց ընդամենը 524 հազար ֆունտ ստեռլինգ:

Երբ ճղճղան գույներն ու ահաբեկող ուրվագծերն են ուշադրության արժանանում գեղեցիկ, ռոմանտիկական եւ պոետական նուրբ խորհրդավորությամբ պատված կտավները անուշադրության են մատնվում:

Այս ճակատագրին արժանացավ Սոթբիում Նոլդեյի 1936-ին վրձնած գեղեցիկ ծովանկարը, հակառակ, որ 280-350 հազար ֆունտ ստեռլինգի չափազանց համեստ մի գումար էր նախատեսված դրան:

Չվաճառվեց նաեւ Քրիսթիում աճուրդի հանված Օնորե Դոմիեյի գլուխգործոցներից «Երկու իրավաբանները» կտավը, որը ֆրանսիացի մեծ վարպետի սատիրային գործերի լավագույններից է համարվում: Երկու կերպարների դեմքին գծագրված ինքնագոհ ժպիտն ու բացահայտ կեղծավորությունը 1850-ականների կեսերին կատարված այս կտավին տալիս են մտասեւեռուն ցինիզմի որակական հատկանիշ, որը կարծես թե նոր չափանիշներով պիտի գնահատվեր: Սակայն ոչ: Այն չվաճառվեց հակառակ 120-180 հազար ֆունտ ստեռլինգի անհամեմատ ցածր գնին:

Մյուս կողմից, սակայն, կուբիզմով կարճատեւ տարված եւ Պիկասոյի հետ միաժամանակ դրա հիմնադիրը դարձած ֆրանսիացի Ժորժ Բրաքի «Կարիեր-Սենտ-Դենիսի եկեղեցին» (1909 թ) կտավը, որտեղ հստակ երեւում է Սեզանի ուշ շրջանի բնապատկերների ազդեցությունը, եւ նկարը դարձնում խիստ կարեւոր արվեստի պատմությունն ուսումնասիրողների համար, վաճառվեց 1.52 միլիոն ֆունտ ստեռլինգով, որի ամեն մի պենսին իրավամբ արժանի էր:

Մի փոքր նվազՙ 1.24 մլն ֆունտ ստեռլինգով էլ վաճառվեց Գեորգ Բասելիցի կոմիկական ոճով նկարված գլխարկով տղամարդը: Նույն գնով իր տիրոջը գտավ նաեւ Էդուարդո Չիլիդայի «Ի գովաբանումն ճարտարապետություն XII» քանդակը:

Իսկ ռեկորդային գումարներով աճուրդը եզրափակեցին նորվեգացի Էդվարդ Մունքի «Ամառային օր» (1904-08 թթ.) խորագրով երկու ուրվանկարներ հիշեցնող մարդկանց պատկերող կտավը (6.16 մլն ֆունտ ստեռլինգ) եւ անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի աղճատված դեմքով փոքրիկ ինքնանկարը (5.16 մլն ֆունտ ստեռլինգ):

Արվեստի աշխարհում գրոտեսկային, անճոռնի, խեղված արտաքինով պատկերներին եւ բռնության արտահայտություններին տրված նախասիրությունները լավագույնս են բնութագրում ներկա խռովահույզ եւ փոթորկալից ժամանակների տարաբնույթ ներկապնակը:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4