«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2006-03-03 | #40, 2006-03-04 | #41, 2006-03-07


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԾԱՆՈԹ ԼԻՆԵԼ ԴՐԱ ԷՈՒԹՅԱՆԸ

Մարտի 3-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության «Ակորդ» հանդեսիՙ Ղարաբաղին նվիրված համարի շնորհանդեսը: Դա երրորդն էր Բաքվում եւ Երեւանում կազմակերպված շնորհանդեսներից հետո: Ինչպես իր խոսքում շեշտեց վերոհիշյալ կազմակերպության ներկայացուցիչ Ջոնաթան Կոհենըՙ հանդեսի այս համարն ամբողջությամբ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրելը նպատակ ուներ լավագույնս իմանալ հակամարտության դինամիկան:

«Ակորդի» խմբագիր Լոուրենս Բրոերսը հանդեսի լույս ընծայումը կապեց «ղարաբաղյան կարգավորման նկատմամբ հիասթափություններին», նկատի ունենալով Ռամբուեի բանակցությունների արդյունքները եւ Ադրբեջանում առկա ռազմատենչ տրամադրությունները: Նրա խոսքերովՙ ուրիշ հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակությունները չեն մասնակցում կարգավորման գործընթացին, ապա այն չի բերում ցանկալի արդյունքի: Այս տեսանկյունից նա անընդունելի համարեց բարձր քաղաքական ղեկավարների մոնոպոլիզացիան, ափսոսանք հայտնելով, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին:

Մասնավորաբար անդրադառնալով «Ակորդի» հրապարակումներին, Լ. Բրոերսը նշեց, որ համախումբ ներկայացնելով հակամարտող կողմերի տեսակետները, իրենք նպատակ են ունեցել հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ շփումներ ստեղծել, ինչպես նաեւ ամբիոն է տրամադրվել նրանց, ովքեր դուրս են մնացել կարգավորման բանակցային գործընթացից: Հանդեսի խմբագրի կարծիքովՙ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ կա ոչ թե կախվածություն, այլՙ ինտեգրացիա: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Բաքվում իրենք քննադատության են արժանացել այն բանի համար, որ հանդեսում մեծ նշանակություն են տվել Ղարաբաղին եւ որ պաշտոնապես ներկայացված չի եղել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի դիրքորոշումը:

Շնորհանդեսին ներկա ԼՂՀ հասարակական-քաղաքական ու պետական կառույցների ներկայացուցիչները թեպետ լրիվ ծանոթ չէին «Ակորդի» հրապարակումներին, սակայն, ընձեռված կարճ ժամանակում թերթելով հանդեսի էջերը, քննադատելու բավականին նյութ գտան: ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանն, օրինակ, ողջունելով հանդեսի խմբագրակազմի ձգտումները հակամարտող կողմերին հաշտեցնելու առաքելության մեջ, համոզմունք հայտնեց, թե հակամարտությանը լուծում տալու համար պետք է ծանոթ լինել դրա էությանը: Իսկ տվյալ դեպքում հակամարտությունը ոչ թե ադրբեջանա-հայկական, այլ ղարաբաղա- ադրբեջանական բնույթ ունի:

Խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության անդամ Արպատ Ավանեսյանը վիրավորանք արտահայտելով այն բանի համար, որ հանդեսում իրենց կուսակցությանն անվանել են նախկին նոմենկլատուրային աշխատողներից ու բիզնեսմեններից բաղկացած, միաժամանակ խորհուրդ տվեց Մեծ Բրիտանիայից եկածներին թագավորական գրադարանում նայել 1919 թվականի քարտեզը, իմանալու համար, թե ինչ պետություն էր Ադրբեջանը եւ ինչ սահմաններ ուներ:

Հասարակական-քաղաքական գործիչ Վալերի Ղազարյանը հիշատակեց 1919 թվականին գեներալ Թոմսոնի ու Շատելվորդի կողմից Սուլթանովին Շուշիի պարետ նշանակելը, որի հետեւանքները եղավ Շուշիի հայերի ջարդը:

«Մարտիկ» զինվորական թերթի թղթակից, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը հարցրեց, թե ինչո՞ւ Արեւմուտքը չի արձագանքում Ադրբեջանի ռազմական հայտարարություններին: Հարցին ի պատասխանՙ շնորհանդեսի հեղինակներից Ավազ Հասանովը (Բաքու) ասաց, որ չպիտի հենվել հռետորականության վրա, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն ու արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցությունները:

Քաղաքագետ, ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ հանդեսի հեղինակները բարի մղումներով ցանկացել են հաշտեցնել երկու ժողովուրդներին, մինչդեռ հակամարտում են ոչ թե ժողովուրդները, այլ իշխանությունները:

Պատմագետ Հրաչիկ Հարությունյանը, որն զբաղվում է Շուշիի հին գերեզմանատների ուսումնասիրությամբ, հայտարարեց, որ իր ուսումնասիրությունների արդյունքում ինքը երկու տասնյակից ավելի հայկական գերեզմանոցներ է հայտնաբերել Շուշիում, ընդ որումՙ նաեւ 16-րդ դարի նշագրումով տապանաքարերով: Նա առաջարկեց Ավազ Հասանովինՙ միասին այցելել Շուշի եւ տեսնել դրանք, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն Շուշիի պատմական անցյալի մասին:

Շնորհակալություն հայտնելով ակտիվ քննարկումների համար, Ջոնաթան Կոհենը շնորհանդեսի վերջում նշեց, որ հաշտությունն ընդամենը հակամարտության լուծման մի մասն է: Նա կրկին ընդգծեց այն համոզմունքը, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցություններում հաջողության հասնել հնարավոր չէ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4