Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած շրջափակման պայմաններում Վրաստանը հիմնական երկիրն է, որի միջոցով ապահովվում է Հայաստանի տնտեսատրանսպորտային ելքն արտաքին աշխարհ: Խոսելով վիրահայության գործոնի մասին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական ուղենիշները» զեկույցում նշվում է, որ այդ առումով Հայաստանի համար մտահոգության առիթ է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի պարբերական ապակայունացումը: Իրական սպառնալիք է քաղաքաբնակ վիրահայության պրոֆեսիոնալ եւ տնտեսասոցիալական կարգավիճակի անկման պատճառով Վրաստանում նրա ունեցած հասարակական դերակատարության նվազման միտումը: Գնահատման կարիք ունի վիրահայ սփյուռքի ուծացման եւ որպես քաղաքական գործոնի մարգինալացման վտանգը:
Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը վտանգում է Հայաստանի տնտեսատրանսպորտային կապն արտաքին աշխարհի հետ, իսկ ազգամիջյան անհանդուրժողականությունը կարող է նաեւ ստեղծել հակահայկական տրամադրություններՙ դառնալով Ջավախքի հայության արտագաղթի պատճառ:
Մյուս կողմից, ըստ ռազմավարական ուղենիշների, վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական համատեղ ծրագրերը նույնպես նպատակաուղղված են մեր տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը եւ Հայաստանի մեկուսացմանը: Այս առումով առավել մեծ վտանգ է ներկայացնում Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագիծը, որի նպատակն է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի ստեղծմամբ Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ հաղորդակցման ծավալումը: Տվյալ նախագծի իրագործումը ռազմավարական տեսանկյունից միտված է նրան, որ իր նշանակությունը կորցնի Գյումրի-Կարս երկաթուղին:
Ա. Հ.