Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսների համար մրցամարտերում հերթական վստահ հաղթանակները տոնելով` պահպանեցին քաշային իրենց կարգերում ուժեղագույնի կոչումը: Հատկանշական է, որ մեր երկու բռնցքամարտիկներն էլ վստահ էին իրենց ուժերին եւ մինչեւ մենամարտի սկիզբը հայտարարել էին, որ չեն վախենում մրցակցից եւ անպայման նոկաուտի են ենթարկելու հակառակորդին:
Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Գերմանիայում բնակվող Արթուր Աբրահամը նշել էր, որ մենամարտը շատ կարճ կտեւի եւ ինքը նոկաուտի կենթարկի ավստրալացի Շենոն Թեյլորին: Իր սանի հաջողությունում վստահ էր նաեւ Աբրահամի մարզիչ Ուլի Վագները, որը խոսել է հետագա մրցելույթների մասին. «Թեյլորին հաղթելուց հետո առաջիկա ամռանը եւս մեկ մենամարտ կանցկացնենք, այնուհետեւ դեկտեմբերին կուղեւորվենք ԱՄՆ, որտեղ եւս մենամարտ կկազմակերպվի: ԱՄՆ-ից Աբրահամը բավական մեծ թվով առաջարկներ է ստանում, սակայն նա չի պատրաստվում մեկնել Գերմանիայից, որտեղ բազմաթիվ երկրպագուներ ունի»:
Բնականաբար, Աբրահամի ինքնավստահությունը դուր չէր եկել Թեյլորի մարզիչ Լի Կարին, որը հայտարարել էր, որ իր սանը պատրաստ է մենամարտին: Ըստ Կարի, իրենք մանրակրկիտ ուսումնասիրել են Աբրահամի մենամարտերի տեսագրությունները եւ հանգել են այն եզրակացության, որ Թեյլորն ավելի ուժեղ է Աբրահամից:
Վախթանգ Դարչինյանը ֆիլիպինցի Դիոսդադո Գաբիի հետ մենամարտից առաջ հետեւյալն էր հայտարարել. «Եթե Գաբին չխուսափի պայքարից եւ ընդունի մարտահրավերը, ապա արդեն առաջին ռաունդում նրան նոկաուտի կենթարկեմ: Ես շատ վստահ եմ ուժերիս: Ես կապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ: Կարծում եմ իմ մարտաոճը բոլորին դուր կգա: Ուժերս կբավականացնեն 12-ռաունդանոց մենամարտի համար, սակայն կարող եմ ցանկացած մրցակցի հաղթել նոկաուտով»:
Դարչինյանի մարզիչ Ջեֆ Ֆենեկը նշել է, որ իրենք հարգում են մրցակցին, քանի որ նրան մարզում է անվանի մասնագետ Ֆրեդի Ռոուչը: Դիոսդադո Գաբին էլ իր հերթին հետեւյալն էր հայտարարել. «Պատրաստ եմ դիմագրավել մրցակցին: Գիտեմ, որ Դարչինյանը հուժկու հարվածների է տիրապետում, սակայն չեմ վախենում նրանից»:
Հետաքրքրական է, որ կշռվելու պահին Դարչինյանի անձնական քաշը համապատասխանում էր պահանջվող մարտական քաշին (50,8 կգ), իսկ Գաբին 400 գ-ով թեթեւ էր Վախթանգից: Մեր երկու բռնցքամարտիկներից առաջինը մրցասպարեզ դուրս եկավ IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը Կալիֆոռնիայի Սանտա Ինյես քաղաքում հերթական անգամ պաշտպանեց ուժեղագույնի կոչումը: Վախթանգն իր խոսքի տերը եղավ: Ճիշտ է, նրան չհաջողվեց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն 8-րդ ռաունդում Վախթանգի հուժկու հարվածը գետին տապալեց Գաբիին: Այսպիսով 30-ամյա Վախթանգ Դարչինյանը շարունակեց իր անպարտելի մենամարտերի շարքը պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրած 25-րդ մենամարտում նա 25-րդ հաղթանակը տոնեց, որից 20-ում մրցակցին նոկաուտի է ենթարկել: Իրոք, որ գերազանց ցուցանիշ, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ հայ բռնցքամարտիկն իր քաշային կարգում անգերազանցելի է:
Մեկ օր անց գերմանական Օլդենբուրգ քաղաքում IBF-ի վարկածով թեթեւ քաշում (72,6 կգ) աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանեց Արթուր Աբրահամը: Ճիշտ է, ավստրալացի Թեյլորի նկատմամբ հաղթանակի հասնելու համար նրանից պահանջվեց անցկացնել բոլոր 12 ռաունդները, սակայն հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատելի էր: Բոլոր երեք մրցավարներն էլ միավորների մեծ առավելությամբ հաղթանակը շնորհեցին Արթուրին: Նա էլ Վախթանգի նման առայժմ անպարտելի է: Պրոֆեսիոնալ ռինգում Աբրահամն իր 20-րդ հաղթանակը տոնեց, որոնցից 17-ում նա մրցակցին նոկաուտի է ենթարկել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ