Իսկ տարածաշրջանում էներգետիկ դիվերսիֆիկացիան չի վերաբերում միայն գազին
«Ուրախ եմ ու հիացած, թե ինչքան է փոխվել Երեւանը: Քաղաքը միշտ էլ գեղեցիկ էր, սակայն հիմա առավել աշխուժացած է. տնտեսական գործունեություն, դինամիզմ եւ աշխուժություն է նկատվում: Այն արտացոլում է ամուր տնտեսական աճը, հուսով եմ, նաեւ մեր համագործակցության ընթացքը շուկայական եւ ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում», նման կերպ Հայաստանում իր գրեթե երկու տարի ընդմիջված ներկայությունը փաստեց Եվրոպայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան երեկ հրավիրած ասուլիսում:
Իր իսկ խոսքերով, զուտ պատահականությամբ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման օրերին Հայաստան այցելության նպատակներից մեկը Մեթյու Բրայզան նշեց Հայաստանի հետ համագործակցության առավել խորացումը ժողովրդավարության ամրապնդման առումով: «Այստեղ եմ նաեւ Հայաստանի էներգետիկ անկախության հարցում մեր համատեղ նպատակին աջակցելու համար»: Գոհունակություն հայտնելով եվրատլանտյան ընտանիքի հետ Հայաստանի նշանակալի առաջընթացի կապակցությամբ` Մեթյու Բրայզան նշեց, որ վերը նշված հարցերն է քննարկել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հայաստանի նախագահի հետ «շատ կառուցողական» հանդիպում է ունեցել, Էներգետիկ անվտանգության հարցերի առնչությամբ մանրամասն եւ հետաքրքրական քննարկում ՀՀ էներգետիկայի նախարարի եւ ոլորտի փորձագետների հետ: Նշված բոլոր հարցերի շուրջը համակողմանի քննարկում է եղել պաշտպանության նախարարի, նաեւ արտգործնախարարի հետ (ընդ որում, Մեթյու Բրայզան եւ Վարդան Օսկանյանը սովորել են նույն կրթօջախում): Այսօր կհանդիպի ԱԺ նախագահի հետ:
Ռամբուեն ձախողում չէր, Մինսկի խումբն էլ իրեն չի սպառել
«Չէի համաձայնի ոչ մեկի հետ, ով կասեր, թե Ռամբուեն ձախողվեց կամ գործընթացը կանգնել է եւ Մինսկի խումբն իրեն սպառել է: Կողմերը շատ մոտ են շրջանակային համաձայնության կայացմանը, սակայն վերջին մի քանի քայլերն են, որ հատկապես նշանակալի ու կարեւոր են: Հարցերը, որոնց շուրջն առայժմ համաձայնություն չկա, ամենադժվարին խնդիրներն են եւ դրանք պետությունների ղեկավարներից պահանջում են դժվարին որոշումներ: Ղեկավարները իրենք պիտի որոշեն կարգավորման ժամկետները, իսկ մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ այդ կարգավորումը լինի հնարավորինս շուտ»:
Էներգետիկ դիվերսիֆիկացիան միայն գազին չի վերաբերում
«Հայաստանի, ինչպես եւ յուրաքանչյուր այլ երկրի համար, էներգետիկ անվտանգության կարեւոր կետը էներգետիկ դիվերսիֆիկացիան է: Հայաստանը երկար եւ դրական աշխատանքի փորձ ունի ռուսական գազ մատակարարողների հետ եւ դա կարիք ունի շարունակման: Հայաստանը աշխատում է նաեւ Իրանի հետ գազամուղի ուղղությամբ, եւ դա էլ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման մի ճանապարհ է: Հայաստանի գազամուղը Իրանի միջուկային ծրագրին առնչություն չունի, չնայած նույն երկրի հետ է կապված: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը չեն կամենում, որ Իրանի առնչությամբ լինեն այնպիսի զարգացումներ, որոնք թույլ կտան Իրանին առավել հզորանալ: Երբ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին Հայաստանում եւ մեր երկրում, խոսքը միայն գազի մասին չէ, այլեւ մյուս էներգակիրների օգտագործման` հիդրոէներգիա, գեոաթերմալ էներգիա, նոր սերնդի միջուկային էներգիա»:
Ըստ Մեթյու Բրայզայի, ԼՂ հակամարտության կարգավորմամբ նոր հնարավորություններ կբացվեն թե՛ էներգիայի արտահանման, թե՛ էներգիայի ստացման նպատակով վառելիքի ներկրման համար:
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա Միացյալ Նահանգները միջազգային դիվանագիտական միջոցներով փորձում է լուծում գտնել աշխատելով ՄԱԿ-ի հովանու ներքո եւ ՄԱԳԱՏԵ-ի ու Անվտանգության խորհրդի հետ: եվ ինչպես ասել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը, միջազգային հանրությունը հստակեցրել է, որ եթե Իրանը չդադարեցնի ոչ խաղաղ նպատակներով միջուկային հետազոտությունները, ապա հետեւանքները կարող են շոշափելի ու ցավոտ լինել: Հիմա Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին խոսելու ժամանակը չէ: Խնդիրը հիմա դիտարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԵ-ի կողմից», պատերազմի հավանականության մասին խոսելով նշեց ամերիկացի դիվանագետը:
Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացումը ողբերգություն է
«Դա ողբերգություն է, ահավոր է այն, ինչ տեղի է ունեցել Ջուղայում: Սակայն Միացյալ Նահանգները չի կարող քայլեր ձեռնարկել դադարեցնելու դա, քանի որ ուրիշ երկրում է տեղի ունենում: Մենք պարբերաբար Ադրբեջանի իշխանությունների հետ վերին օղակներում այս հարցին անդրադառնում ենք: Ադրբեջանի ղեկավարությունը գիտի, թե ինչ լրջությամբ ենք վերաբերվում այս խնդրին: Մենք հույս ունենք, որ իրենց նման բան թույլ տվածներն ըստ արժանվույն կպատժվեն: Հույս ունենք, որ տարածաշրջանի այս երկրներից եւ ոչ մեկում նման երեւույթներ չեն լինի, որովհետեւ Կովկասում մեծ պատմամշակութային արժեքներ կան եւ այդ արժեքների առնչութամբ վտանգ, անկեղծ ասած, առկա է բոլոր երեք երկրներում էլ»: Վերջին միտքը թերեւս դիվանագիտական հավասարակշռության ապահովում էր` մշակութային վանդալիզմի տիրույթ ներկայացնելով նաեւ Հայաստանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ