«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


«ԷՅ-ՍԻ-ՓԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Ի՞նչ ցուցանիշներ, զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի Ալավերդու «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն: Հարցազրույց ունեցանք ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանի հետ:

- Պարոն Ղամբարյան, ի՞նչ ցուցանիշներով եզրափակեց ընկերությունն անցած տարին:

- 2005 թվականին արտադրվել է շուրջ 9880 տոննա ապրանքային սեւ պղինձ, վերամշակվել ավելի քան 52 հազար 500 տոննա առաջնային պղնձակիր հումք Զանգեզուրի, Ագարակի, Դրմբոնի եւ Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկաներումՙ պղնձի խտանյութերի տեսքով նախորդ տարվա 9470 տոննա ապրանքային արտադրանքի եւ շուրջ 42 հազար տոննա առաջնային պղնձակիր հումքի դիմաց:

Հումքից պատրաստի արտադրանքիՙ պղնձի միջանցուկ կորզման 2005 թ. տարեկան միջին ցուցանիշը կազմել է 94 տոկոս:

Ճշտվել են հիմնական մետալուրգիական ագրեգատների արտացոլիչ վառարանի եւ կոնվերտորի շահագործման բնութագրերը եւ աշխատանքային ռեժիմները: Վերականգնվել է մետալուրգիական արտադրամասի փակ ջրամատակարարման համակարգը թափոնային խարամի հատիկացման ավազանի վրա: Վերանորոգվել է նաեւ արտացոլիչ վառարանի թափոնային խարամի վթարային անցուղին: Այժմ ընթացքի մեջ են գործող վառարանի չափերին համապատասխան պահուստային արտացոլիչ վառարանի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաեւ տեղական քրոմիտային հումքից համաձուլվածքների, մասնավորապես ֆերոքրոմի ստացման փորձնական-փորձարարական աշխատանքները: Դրական արդյունքների դեպքում կկազմակերպվի համապատասխան արտադրություն: Ընթացքի մեջ են հարստացուցիչ ֆաբրիկաների գնդային ապարաղացների համար մետաղական գնդերի փորձնական ձուլակաղապարման աշխատանքները:

Լուրջ աշխատանքներ են տարվում թափոնային խարամից օգտահանելի մետաղների (պղինձ, երկաթ) կորզման, նաեւ թափոնային խարամից ապրանքային արտադրանք ստանալու ուղղությամբ, որոնք առայժմ գտնվում են նախնականՙ գիտահետազոտական փուլում: Նախատեսվում է 2006 թվականի մարտից վերագործարկել Ալավերդու հանքը եւ հարստացուցիչ ֆաբրիկան: Ընթացքի մեջ են հանքի եւ ֆաբրիկայի վերագործարկման նախապատրաստական աշխատանքները:

- Ի՞նչ աշխատանքներ են տարվել օդային ավազանի աղտոտվածության, մասնավորապես արտանետվող գազերի կլանման ուղղությամբ:

- Ամբողջովին վերակառուցվել է արտադրական գազերի գազահեռացման համակարգըՙ նպաստելով համակարգում ներթափանցումների նվազեցմանը, կոնվերտորից գազերի անկանոն արտանետումների դադարեցմանը եւ գազերի կենտրոնացված հեռացմանը 100 մետրանոց ծխատարից: Արտանետվող գազերի կոշտ փոշեմաքրման համար գազահեռացման համակարգում տեղակայվել են փոշեզտիչներ (ցիկլոններ), որոնց տեխնիկական բնութագրերին համապատասխան գազերի հոսք ապահովելու նպատակով արտացոլիչ վառարանի գազահեռացման ուղեգծի վրա տեղակայվել են հովացուցիչներ: Ձեւափոխվել է կոնվերտորի փոշեկուլը: Արտադրությունում ներդրվել է ծծմբային գազերի կորզման պիլոտային սարքի փորձնական նմուշ, որի փորձարկման նախնական արդյունքներով կլանվում եւ չեզոքացվում է արտանետվող ծծմբային գազերի ավելի քան 30 տոկոսը: Առաջիկա ամիսներին փորձարկումները շարունակվելու են, հետո կտեղադրվի համապատասխան հզորության սարքավորում: Գազերի նուրբ փոշեմաքրման նպատակով ձեռնարկությունում վերականգնվել են նախկին ժամանակներից առկա ՈՒԳՏ-1-4-30 տիպի չոր էլեկտրազտիչները: Ներկայումս ընթացքի մեջ են դրանց կարգաբերման աշխատանքները: Մետալուրգիական արտադրամասի կազմում, որպես առանձին կառուցվածքային միավոր, մոտ ժամանակներս կստեղծվի արտանետվող արտադրական գազերի էլեկտրական զտման եւ փոշեկորզման տեղամաս, որը կներառի գազերի նուրբ փոշեմաքրման, լվացման եւ ծծմբային գազերի մասնակի կլանման արտադրական հանգույցները:

- Համախառն ներքին արտադրանքը որքանո՞վ է աճել նախորդ տարվա համեմատ եւ որքա՞ն է կազմում աշխատողների միջին աշխատավարձը:

- Անցած տարվա ընթացքում ընկերությունում կատարված ֆինանսական ներդրումների ծավալը կազմել է շուրջ 270 մլն դրամ: Համախառն ներքին արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 13,8 տոկոս: 2005 թվականի կտրվածքով ընկերությունում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 82,6 հազար դրամ:

- Ի՞նչ կասեք հանքավայրերի հետ տարվող աշխատանքների մասին:

- Անցած տարվա ընթացքում շարունակվել են հանքավայրերի եւ հանքային գոտիների հետախուզական աշխատանքները Ալավերդու պղնձի, Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերում եւ Տանձուտի ոսկի-կոլչեդանային հանքային երեւակման տարածքում: Տանձուտի ոսկի-կոլչեդանային հանքային երեւակման կվարցիտային հանքաքարի խոշորահատիկն օգտագործվում է որպես հալանյութ սեւ պղնձի արտադրության ընթացքում (շտեյնի կոնվերտացման ժամանակ տեսակարար ծախսը 2005 թ. փաստացի տվյալներով 0,58 տոննա): Կվարցի մանրահատիկը չնչին քանակներով օգտագործվում է արտացոլիչ վառարան տրվող բովախառնուրդի հետ (2005 թվականի ծախսըՙ 630 տոննա): Ներկայումս աշխատանքներ են տարվում կվարցիտային հանքաքարի մանրահատիկից օգտահանելի մետաղների (ոսկի, արծաթ) արդյունաբերական կորզման ուղղությամբ:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կիրականացնի ընկերությունը, որոնք կնպաստեն քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

- 2006-2008 թվականներին ընկերությունը կիրականացնի զարգացման բավականին լուրջ ծրագրերՙ կատարելով խոշոր ներդրումներ: Նախատեսվում է Ալավերդու հանքի եւ հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցումՙ պղնձի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման նպատակով, տարեկան 200 հազար տոննա արտադրողականությամբ: Նախատեսվում է կառուցել նոր պոչամբարային տնտեսություն Լալվար գետի կիրճում, շրջանառու ջրամատակարարման համակարգով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներդնել մինչեւ 6,6 մլն ԱՄՆ դոլար եւ ստեղծել 350 լրացուցիչ աշխատատեղ: Կիրականացվեն նաեւ Ալավերդու մետալուրգիական գործարանի գազերի վնասազերծման աշխատանքներ: Առաջին փուլում նախատեսվում է 99 տոկոսով որսալ գազերի մեջ պարունակվող փոշիները եւ 20-25 տոկոսով իջեցնել նրանց մեջ ծծմբի պարունակությունը: Այս աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ներդնել մոտ 3 մլն ԱՄՆ դոլար եւ ստեղծել 50 լրացուցիչ աշխատատեղ: Երկրորդ փուլում նախատեսվում է կազմակերպել ծծմբաթթվի արտադրություն բնապահպանական պահանջներին բավարարող տեխնիկական լուծումներովՙ շուրջ 20 հազար տոննաՙ ըստ սեւ պղնձի արտադրողականության լրիվ շրջափուլով մետալուրգիական արտադրության կազմակերպման համալիր ծրագրերի իրականացման շրջանակներում: Նախատեսվում է նաեւ Թեղուտի հանքավայրի պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանում եւ վերամշակում, որը ծրագրված է իրականացնել 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում շահագործվելու է հանքավայրի վերին գոտինՙ մետաղների համեմատաբար բարձր պարունակությամբ: Այս փուլի շրջանակներում կառուցվելու է տարեկան 5 մլն տոննա արտադրողականությամբ լեռնահարստացուցիչ կոմբինատՙ պղնձի եւ մոլիբդենի խտանյութեր ստանալու համար: Ծրագրի իրականացման համար կպահանջվի ներդնել մոտ 125 մլն դոլար եւ կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ: Միաժամանակ այս ծրագրի շնորհիվ Հայաստանի ներքին համախառն արտադրանքը կավելանա շուրջ 90 մլն ԱՄՆ դոլարով: Հանքավայրի շահագործման երկրորդ հիմնական փուլում նշված ցուցանիշները կկրկնապատկվեն:

- Իսկ ի՞նչ կասեիք Դրմբոնի հանքավայրի շահագործման արդյունքների եւ հեռանկարների մասին:

- «Բեյզ մեթըլս» ՍՊ ընկերությունը ձեւավորվել է 2002 թվականի ամռանը: 2003-ի ապրիլից սկսվել է հանքաքարի հանույթըՙ Դրմբոնի պղինձ-ոսկի կոլչեդանային հանքավայրում: Նույն թվականի սեպտեմբերին շահագործման է հանձնվել Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկան: «Բեյզ մեթըլս» ՍՊԸ-ի ներդրումների ծավալը 2 տարում կազմել է ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ձեռնարկության աշխատողների թիվը հասնում է 930-ի: Միջին ամսական աշխատավարձը 130 հազար դրամ է: Հանքաքարի օրական հանույթը մոտ 800 տոննա է: Հանքաքարի վերամշակումից ստացված խտանյութը վերամշակվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Ակտիվ արդյունաբերական հանույթի հաշվարկով հանքավայրն ունի 20 տարվա հանքաքարի պաշար: Ի դեպ, «Բեյզ մեթըլս»-ը Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն է. 2005 թվականին ընկերության վճարած ընդհանուր հարկերը կազմել են մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունում լուրջ աշխատանքներ են տարվում նոր մասնագետ-կադրերի պատրաստման ուղղությամբ: Տեխնիկական բուհերի շուրջ 25 շրջանավարտներ անցնում են հատուկ պատրաստություն այն հաշվով, որ հետագայում ներգրավվեն արտադրության մեջ: Ընկերության պատվերով 2005 թ. Երեւանի ճարտարագիտական համալսարանում լեռնագործ-ինժեների մասնագիտություն են սովորում արցախցի 2 երիտասարդներ, որոնց ընկերությունն ամսական հատկացնում է 20 հազարական դրամ կրթաթոշակ, եւ բուհն ավարտելուց հետո խոստանում 5 տարվա երաշխիքային աշխատանք: Ընկերությունը միաժամանակ զբաղվում է հեռանկարային հանքամարմինների հետազոտմամբ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4