«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ՎՊՄԻ-Ի ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

22 կողմ, ոչ մի դեմ եւ ոչ մի ձեռնպահ կամ անվավեր թերթիկ, խորհրդի միաձայն քվեարկությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանասիրական ֆակուլտետի արդեն նախկին դեկան Գուրգեն Խաչատրյանը: Ընտրություններին խորհրդի 24 անդամներից ներկա էին քսաներկուսը:

«Միաձայն անցնելու հանգամանքը պարտավորեցնում է», ընտրվելուց հետո պատասխան խոսքում ասաց նորընտիր ռեկտորը, որն, ի դեպ, միակ թեկնածուն էր:

Միակարծությունն ու անմրցակից ընտրությունը ե՛ւ ՀՀ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, ե՛ւ Լոռու մարզպետ, խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանը բացատրեցին Գ. Խաչատրյանի անձով` գիտության մեջ ունեցած ներդրումով, կազմակերպչական ունակություններով, փորձառությամբ: «Ես անձամբ ճանաչում եմ իրեն, համենայն դեպս ավարտել ենք միեւնույն դպրոցը, ասաց համերկրացի նախարարը: Մնում է միայն հաջողություն ցանկանալ, որպեսզի ռեկտորը կարողանա պահպանել մանկավարժականի ավանդույթները: Այսօր շատ պատասխանատու ժամանակաշրջան է կրթական բարեփոխումների համար, պետք է մի կողմից պահպանել ազգային հիմքով կրթական այս համակարգը, մյուս կողմից` ունենալ միջազգային չափանիշների կրթական հաստատություն: Առաջիկա տարիների գերխնդիրը պետք է սա լինի», եզրափակեց Սերգո Երիցյանը:

ՎՊՄԻ-ի նոր ռեկտորը նշում է, որ առաջիկա 5 տարիներին աշխատելու է հանուն ուսանողության: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի եվրոպական տարածքում թողարկենք ունակ եւ որակյալ մասնագետներ, նկատի ունեմ ոչ միայն մանկավարժական կրթությամբ», առաջիկա պլաններն այսպես պարզաբանեց Գ. Խաչատրյանը: Լրագրողներին հետաքրքրեց` կլինե՞ն կադրային փոփոխություններ: «Ավելի ճիշտ` կառուցվածքային փոփոխություններ, ճշտեց Գ. Խաչատրյանը, կարծում եմ, առանց դրա հնարավոր չէ, բայց դա անձնավորված չի լինի»:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4