Բայց հայկական զինված ուժերը պատրաստ են հակառակորդի ոտնձգությանը հակահարված տալու
«Հայկական զինված ուժերը պատրաստ են հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն ճնշելու: Պատերազմի վտանգի մասին խոսելն անլուրջ բան կլինի այս պահին, բայց պաշտպանության նախարարը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել են, թե յուրաքանչյուր զինծառայող գիտի, որ պետք է պատրաստ լինի դիմակայելու թե՛ լոկալ նշանակության միջադեպերին, թե՛ անհրաժեշտության դեպքում, մասշտաբային գործողություններին», հայտարարել է երեկ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում դիագնոստիկայի կենտրոնի բացման ժամանակ:
Մարտի 2-ից ամեն օր համարյա հայկական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը: Այդ խախտումներից հայկական կողմից նույնիսկ զոհ է եղել: Սահմանային կրակոցների վերջին լուրը ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել էր երեկՙ մարտի 7-ին Իջեւանի եւ Շորժայի ուղղությամբ հայկական դիրքերի, մարտի 8-ինՙ Իջեւանի, Վայքի, Նոյեմբերյանի հենակետերի կողմն ադրբեջանցիների բացած կրակի մասին, միաժամանակ հերքելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իլգար Վերդիեւի տարած տեղեկատվությունը, թե հայկական կողմից կրակոցներ են եղել Ղազախի շրջանի ուղղությամբ: Վիճակն անհանգստացնող է, բնականաբար, այդ մասին լրագրողները պետք է հարցեր ուղղեին պաշտպանության փոխնախարարին:
Ինչի՞ հետ է կապված ադրբեջանական կողմի ակտիվացումը. «Մենք եւ հակառակորդը գիտենք, որ առաջնագծում չնախատեսված շարժը կարող է բերել զոհի կամ վիրավորի: Կարծում եմ, ակտիվացումը կապված է նաեւ այն բանի հետ, որ մեր զինծառայողները ձնհալի հետ կապված սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, կատարելագործել խրամատները, խրամուղիները: Միգուցե հակառակորդի կողմից այդ կրակոցները նպատակ ունեն խանգարելու մեր ինժեներական աշխատանքները», ասել է Ա. Աղաբեկյանը եւ ավելացրել, որ վերջին շրջանում ինժեներական կառույցների շինարարության ընթացքում առաջնագիծը բավականին մոտեցել էՙ այնպիսի հեռավորության վրա գտնվելով, որ կարելի է խոցել յուրաքանչյուր թիրախՙ մարդ թե տեխնիկա:
Սահմանային գոտում ադրբեջանական կողմի ակտիվացումն այլ ենթատեքստ նույնպես կարող է ունենալ: Հակառակորդը, զգալով Բաքվի տրամադրությունները եւ այնտեղ հնչող հայտարարությունների ազդեցությունը, փորձում է դրանք արտացոլել առաջնագծում: Թեեւ հայկական կողմից կրակ չի բացվել, բայց եթե հակառակորդի կրակն ավելի նպատակային լինի եւ փորձ արվի ավելի հարմար դիրքեր զբաղեցնելու համար տեղաշարժ իրականացնել, ապա հայկական կողմից եւս պատասխան կրակ կլինի. «Դժվար է ասել, կրակելու հրամանը Բաքվի՞ց է գալիս, թե՞ լոկալ բնույթ ունի: Չեմ կարծում, թե դա հատուկ հրահանգ է, սակայն եթե զինադադարի խախտում է, այդ մասին անպայման հայտնվում է համապատասխան մարմիններին, այդ թվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին», ասել է փոխնախարարը:
Մ. Խ.