«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ՂԱՐԱԲԱՂԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՌՈՒՄՈՎ

Պաշտոնական տվյալներովՙ միայն վերջին երկու տարում Արցախում կատարվել են մոտ 70 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ: Արտերկրից կատարվող ներդրումների աստիճանական աճը վկայում է ԼՂՀ-ի նկատմամբ օտարերկրացի ձեռնարկատերերի վստահության մեծացում, թեպետ լիարժեք վստահության մասին առայժմ դեռ վաղ է խոսելը: Համենայն դեպս, Ստեփանակերտի հացի գործարանի ու ալրաղացի բաժնետերերի համար այդ տաբուն վերացել է դեռեւս 2002 թվականից, երբ նրանք ձեռնարկեցին վերոհիշյալ գործարանների վերագործարկումը: Նրանց մեծամասնությունը արտերկրում հայտնի գործարարներ են, որոնք այլ ներդրումներ էլ ունեն Ղարաբաղում: Վարուժան Գունդակչյանն, օրինակՙ Շուշիում 10-հարկանի հյուրանոցի կառուցման բաժնետերերից է: Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Հասմիկ Տերտերյանի տնօրինության տակ Ղարաբաղի տարածքում կան 11 մանկապարտեզներ, որոնք «Սոսե» անունն են կրում: Արցախի տարբեր շրջաններում մեկական մանկապարտեզներ են հովանավորում Էդվարդ Մսրյանն ու Արմեն Թոփուզյանը:

Ստեփանակերտի հացի գործարանի մյուս բաժնետերերից Արմեն Մարդն ու Մովսես Սահակյանը երիտասարդ գործարարներ են, որոնց միավորել է Արցախում ազգասիրական գործեր նախաձեռնելու գաղափարը: Իսկ գործարանի համար հիմնական ներդրումներ հավաքողը, կազմակերպողն ու կարգադրություններ կատարողը նույնպես հայտնի ազգասեր գործիչ Աբո Պողիկյանն է:

Բաժնետերերից Մովսես Սահակյանն արդեն հիմնվել է Արցախում եւ բնակություն հաստատելով Ստեփանակերտումՙ անմիջական վերահսկողություն է տանում հացի գործարանում ու ալրաղաց ձեռնարկությունում իրականացվող աշխատանքների վրա: Երրորդ տարին անընդմեջ, ի հիշատակ մոր, նա սեփական միջոցների հաշվին ապահովում է «Զանգակ» մանկապարտեզի ամենօրյա հացամատակարարումը: Վերջինիս հավաստմամբՙ հացաթխման ոլորտում ընկերությունը բնավ չի ձգտում մենաշնորհի` հարգելով հաց թխող մյուս ձեռնարկատերերի շահերը: Գործարանի թխած հացը Ստեփանակերտում արտադրվող թիվ մեկ կենսամթերքի ընդամենը 15-20 տոկոսն էՙ օրական մինչեւ երկու տոննա հզորությամբ: Բացի դրանից, ԼՂՀ պաշտպանության բանակին անհրաժեշտ հացի մի մասն իրենք են մատակարարում: Իսկ իբրեւ դրական տեղաշարժ այս ոլորտումՙ նա հատկանշեց այն փաստը, որ ի հետեւանս մրցակցային միջավայրի ստեղծմանՙ եթե 2005-ի հունվարին Ստեփանակերտում մեկ կիլոգրամ հացի գինը 254 դրամ էր, ապա իրենց ընկերության նախաձեռնությամբ նույն տարվա փետրվարից դարձել է 168 դրամ, ինչին ընդառաջ են գնացել նաեւ տեղացի հացարտադրողները:

Փաստենք, որ խորհրդային տարիներին Ստեփանակերտի հացի գործարանը միայնակ ապահովում էր մայրաքաղաքի պահանջարկը: Այս հեռանկարային հնարավորությունը դարձյալ ունենալով, սակայն, գործարանի բաժնետերերը չեն դիմում եկամտային գայթակղությունների: «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Մովսես Սահակյանը դա բացատրեց այն նպատակադրությամբ, որ գործարանի ու ալրաղացի բաժնետերերը ոչ թե ուղղակի հետամուտ են եկամուտների բազմապատկման, այլ աշխատողների կենսամակարդակի բարձրացման: Նա այսպիսի ցուցանիշներ բերեցՙ երկու ձեռնարկություններում, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 250 մարդ, ամսական միջին աշխատավարձը 47-58 հազար դրամ է, ինչը Ստեփանակերտի պարագայում բարձր ցուցանիշ է: Ներդրումային ծրագրերի հետագա ընդարձակման առումով Մ. Սահակյանն ասաց, որ հավելյալ եկամուտներ ունենալու դեպքում ընկերությունը ձեռնամուխ կլինի Արցախում այլ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես խաղողագործության, հացահատիկի արտադրության եւ ուրիշ ոլորտներում:

Տարեկան 8-10 հազար տոննա հացահատիկի պահեստավորման հզորություն ունեցող ալրաղացը, որն, ի դեպ, ամենամեծն է Արցախում, հացահատիկ չի ներկրում: Հացամթերքը նրանք գնում են տեղական արտադրողներից, դրանով իսկ ակտիվացնելով տեղի շուկան, անշուշտ, պաշտպանելով նաեւ վերջիններիս տնտեսական շահերը:

Հարկային դաշտի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելովՙ Մովսես Սահակյանը Հայաստանի Հանրապետության համեմատ այն նույնիսկ առավել բարենպաստ անվանեց: ԼՂՀ իշխանությունների կողմից կա հստակ քաղաքականություն, կա քաջալերանք, սակայն կազմակերպական խնդիրներում ցանկալի կլիներ, որ դրսի ներդնողներին հավելյալ աջակցություն ցուցաբերվեր, քանզի այստեղ նոր միջավայր է նրանց համար, իսկ դա հաճախ խորհրդատվությունների խնդիր է առաջադրում: Առկա է նաեւ մեծ փորձ ունեցող մասնագետների կարիքը: Այս հիմամբ նա նաեւ այն համոզմունքը հայտնեց, որ սփյուռքահայ ձեռներեցների որոշ թերահավատությունը Արցախի գործարար դաշտի նկատմամբՙ նույն այս դժվարությունների գիտակցումից է գալիս: Իսկ ընդհանուր առմամբՙ Մովսես Սահակյանը գտնում է, որ Ղարաբաղը ներդրումների համար բարենպաստ երկիր է համապարփակ առումով, եւ իրենց օրինակը կարող է վարակիչ լինել արտերկրում ապրող ուրիշ հայ գործարարների համար:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4