«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2006-03-07 | #42, 2006-03-08 | #43, 2006-03-10


ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԵՐՔՎԵՑ

Եվ կարող է անցանկալի օրինակ դառնալ

Օրերս Հայաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան ԱՄՆ դեսպանատանը դեսպանի հետ մասնակցեց ասուլիսի: Դեսպան Էվանսին հայոց ցեղասպանությունն այդպիսին որակելու համար հետ կանչելու լրատվամիջոցների հարցը Բրայզային թարգմանչուհին թարգմանեց որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի թոշակի անցնելու մասին հարցադրում: Մեթյու Բրայզան էլ, իր հերթին, շարունակեց թերեւս հենց թոշակի անցնելու առնչությամբ լուրին պատասխանելն ու, դարձյալ ըստ թարգմանչուհու, ասաց. «Ինչ վերաբերում է դեսպանի մասին հարցին, ապա նա ինքն այդ մասին կխոսի, սակայն նման ծրագրեր չկան, քանզի նա հրաշալի դեսպան է»: Մինչդեռ Բրայզայի խոսքը կարելի է ավելի շուտ թարգմանել այսպես. «Ինչ վերաբերում է դեսպան Էվանսին, ապա նա որոշակիորեն կարող է մեկնաբանել թոշակի անցնելու իր ծրագրի մասին, որ հույս ունեմ, գոյություն չունի»: Եվ չնայած լրագրողների ճշգրտող հարցերին, դարձյալ խոսքը շարունակվեց` ելակետ ընդունելով ոչ թե հնարավոր հետկանչման հանգամանքը, այլ աշխատանքից ազատվելու կամ թոշակի գնալու տարբերակը:

Դեսպան Էվանսն իր հերթին նշեց, որ, քանի դեռ չի նստել ինքնաթիռ, կշարունակի Հայաստանում գլխավորել դեսպանությունը: Այսինքն` չասվեց ոչ մի խոսք, թե արդյոք քննարկվում է կամ արդեն որոշվե՞լ է դեսպան Էվանսին հետ կանչել, ավելին, հեռացնել դիվանագիտական գործունեությունից: Մինչդեռ, ըստ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի աղբյուրների, հաստատ է ոչ միայն դեսպանին հետ կանչելու փաստն, այլեւ այն, որ դրա պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ջոն Էվանսի հայտարարությունն է:

Հասկանալի է, որ ԱՄՆ դեսպանատունը հնարավորինս երկար եւ համառորեն ոչ մի որոշակիություն էլ չի մտցնի այս հարցում, անգամ եթե հայտարարվում է, թե դեսպան Էվանսը մինչեւ ինքնաթիռ նստելը առաքելության ղեկավար է: Ի դեպ, դա միանգամայն բնական է, քանի որ շեշտվում է պաշտոնավարման տեւողությունը, բայց ոչ ինքնաթիռ նստելու ժամկետը: Եթե դա չհամընկնի դեսպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կամ անգամ եթե համընկնի, այդ հանգամանքը բնավ էլ չի նշանակի, թե դեսպանին հետ չեն կանչել: Լռության հարցում իր մասնակցությամբ հետ չի մնա նաեւ մեր արտգործնախարարությունը, քանի որ դեսպանին հետ կանչելու տեղեկությունների իրական լինելու պարագայում մեր ԱԳՆ-ն ոչ միայն տեղյակ է, այլեւ «քննարկում է» նոր դեսպանի թեկնածությանն իր հավանությունը տալու հարցը:

Մյուս կողմից, որեւէ դեսպանի իր արտահայտած կարծիքի, հատկապես անձնական կարծիքի համար դիվանագիտությունից հեռու պահելն ընդհանրապես դիվանագիտության առումով կարող է յուրօրինակ դերակատարություն ունենալ` խստագույնս նմանվելով մտքի կապանքների: Արդյոք Միացյալ Նահանգների նման կեցվածքից կարելի՞ է ենթադրել, որ թեկուզ մտքերը Հայոց ցեղասպանության մասին կարող են բավականին թանկ գին ունենալ: Ավելին, կարող են հնարավորինս չեզոք մնալու պարտադրանքի առաջ կանգնեցնել ամեն մի դիվանագետի:

Այնքանով, որքանով հավանական է Էվանսի ժամկետից շուտ հեռանալը, նույնքան հավանականություն ունի նաեւ այն տարբերակը, երբ Ջոն Էվանսին թույլ կտան ավարտել պաշտոնավարումը, սակայն հետո կառաջարկեն մոռանալ դիվանագիտության մասին: Ընդ որում, վատագույն տեղեկությունների իրականություն դառնալու դեպքում Հայոց ցեղասպանության մասին խոսելը կարող է թեմա «նոն գրատա» դառնալ: Ու թերեւս մեզանում էլ կգտնվեն քչերը, որ անտարբեր չեն մնա Միացյալ Նահանգների նման մոտեցման առնչությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4