Նկարչուհի Մարիա Ուլիկյանի կտավներն առաջին հայացքից հիշեցնում են Քլիմթի, Սարյանի եւ Սուրենյանցի որոշ գործեր: Նկարչության մեջ նա հատկապես գնահատում է հետռաֆայելյան եւ հետիմպրեսիոնիստական ժամանակաշրջանները: Այդուհանդերձ Ուլիկյանը կարծում է, որ արվեստում իր ճանապարհն ինքնուրույն է անցել:
Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ նրա մի շարք գործերի ցուցահանդես է բացվել Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շենքում: Դեսպանության տեղեկագիրն ընդգծում է, որ Մարիա Ուլիկյանն իր գունագեղ կտավները ստորագրելիս նշում է միայն անունը: Նա վստահ է, որ նկարչությունն իր կոչումն է այս աշխարհում:
Մանուկ հասակից նկարչության դասեր առած Մարիան ուսումը շարունակել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ապա` Երեւանի գեղարվեստի համալսարանում: ՀՀ նկարիչների միության անդամ է: Նրա գործերը ցուցադրվել են Էջմիածնում եւ «Արամե» պատկերասրահում, իսկ այժմ մշտական ցուցադրություն է գործում Երեւանի Կամերային թատրոնում:
Ուլիկյանի կարծիքով, կին նկարիչները համեմատաբար քիչ են, քանի որ ընտանեկան հոգսերը նրանցից շատ ժամանակ եւ ջանքեր են պահանջում: Իրեն բախտավոր է համարում, քանզի կողակիցը ձեւաստեղծ նկարիչ է, հասկանում եւ աջակցում է ամեն ինչում: Մարիայի կարծիքով, հայ կանայք ուժեղ են եւ վճռական, ինչպես իր կերտած կերպարները:
Պ. Ք.