Այսօր Եկատերինբուրգում կմեկնարկի կանանց շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Նոկաուտ համակարգով անցկացվող այդ մրցաշարում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար պայքարում կներգրավվեն 64 շախմատիստուհիներ: Հայաստանը կներկայացնեն մեր երկու լավագույն շախմատիստուհիներՙ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Բացի նրանցից, մրցաշարում հանդես կգան նաեւ մեր հայրենակցուհիներ, Ֆրանսիայի չեմպիոնուհի Էլմիրա Սկրիպչենկոն, Կանադայի չեմպիոնուհի Նատալյա Խուդգարյանը եւ ԱՄՆ-ի անցյալ տարվա փոխչեմպիոնուհի Տաթեւ Աբրահամյանը:
Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվելու է 4-րդ անգամ: Նախորդ մրցաշարերում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսին են արժանացել չին շախմատիստուհիներ Սե Ջունը (1999 թ.) եւ Ժու Չենը (2001 թ.): Աշխարհի ներկայիս չեմպիոնուհին բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան է, որն այդ տիտղոսը նվաճել է 2004 թ.:
Առաջին փուլի հանդիպումները կանցկացվեն մարտի 11-12-ին: 64 մասնակիցներ վիճակահանությամբ զույգեր են կազմել եւ 2 պարտիայից բաղկացած մրցախաղում կորոշեն հաղթողին: Եթե հաղթողը չորոշվի, ապա մրցակցուհիները կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում նաեւ կայծակնային մրցաշար: Առաջին փուլում Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի չին շախմատիստուհի Լուֆայ Ռուանի հետ, իսկ Էլինա Դանիելյանի մրցակցուհին կլինի ռումինացի Քրիստինա Ֆոյսորը: Բավական ուժեղ մրցակից է բաժին հասել Նատալյա Խուդգարյանին հանձին ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի: Էլմիրա Սկրիպչենկոն կհանդիպի անգլուհի Ջովանկա Հոյսկայայի հետ:
Բացի աշխարհի չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայից, ուժեղագույն շախմատիստուհու տիտղոսի համար պայքարի կներգրավվեն մի շարք ճանաչված շախմատիստուհիներՙ Համպի Կոներուն, Պիա Կրամլինգը, Մայա Չիբուրդանիձեն, Հու Յուհուան, Ալիսա Գալյամովան եւ այլք: Աշխարհի նոր չեմպիոնուհին կորոշվի եզրափակիչ մտած երկու շախմատիստուհիների մրցավեճում: Նրանք մարտի 23-26-ը չորս պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնեն: Եթե հաղթողը չորոշվի, ապա մարտի 27-ին եզրափակիչի մասնակիցները կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ