«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ նորաստեղծ «Հայաստանի հիպոթեկային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր ժողովը, որի կազմում ընդգրկված են 8 առեւտրային բանկեր, 4 բրոկերային, 4 ապահովագրական ընկերություններ եւ 2 անշարժ գույքի գործակալություն: «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքերով, միությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում հիպոթեկային շուկայի զարգացմանն ու բնականոն գործունեությանը, մշակելու հիպոթեկային շուկայի ռազմավարությունը, հաստատելու եւ կանոնակարգելու ստանդարտները: Տնօրենը լիահույս է, որ միությունն իր գործունեությամբ շուտով կդառնա Կենտրոնական բանկի եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործընկերը:
Կարեւորելով միության ստեղծման գաղափարը` Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նախ նշեց, որ իրենք ամեն կերպ աջակցելու են միությանը, ապա հույս հայտնեց, որ միությունը կկարողանա նպաստել հիպոթեկային շուկայի ձեւավորմանն ու զարգացմանը: ԿԲ նախագահը նշեց, որ հիպոթեկային շուկայի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է, եւ ոլորտի զարգացման համար այս ձեւը Կենտրոնական բանկի համար ավելի ընդունելի է, երբ շուկայի մասնակիցները միավորվում են, հաստատում միասնական խաղի կանոններ եւ վերահսկում են դրանց իրականացումը:
Մեր երկրում հիպոթեկային շուկան կազմավորման առաջին քայլերն է անում, եւ դրա զարգացման համար 2006 թ անելիքների շարքում Տիգրան Սարգսյանն առանձնացրեց ստանդարտների ներդրումն ու առաջնային շուկայի ձեւավորումը: Իսկ երկրորդ քայլը 2007 թ. պետք է լինի հիպոթեկային շուկայի մասնակիցների միության աջակցությամբ երկրորդային շուկայի ձեւավորումը:
Ինչ վերաբերում է հիպոթեկային վարկերի տրամադրման ժամկետներին եւ տոկոսադրույքներին, ապա միության հիմնադիր-մասնակիցները որեւէ բան չցանկացան ասել` նշելով միայն, որ դրանց կարգավորումը կախված է շուկայից, բայց պետք է ամեն ինչ անել, որ սահմանված ստանդարտները մատչելի լինեն: Հիպոթեկային վարկերի տրամադրման եւ մարման մատչելիության ու հասանելիության խնդիրների լուծման համար KFW գերմանական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը կարեւորում է երկարաժամկետ ռեսուրսների ներգրավումը: Իսկ տոկոսադրույքների իջեցմանը, նրա խոսքերով, կնպաստի մրցակցության աշխուժացումը: Կարապետ Գեւորգյանի խոսքերով, Հայաստանի այս ոլորտի զարգացմամբ հետաքրքրված են նաեւ մի շարք եվրոպական բանկեր: Ի դեպ, նշված ընկերությունը Հայաստանի հիպոթեկային շուկայի զարգացմանը նպաստում է նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ