«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՔԱՆԴՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔՙ ԱՄԻՐՅԱՆ 4/16

Քաղաքապետարանի ու Մելիք Գասպարյանի ջանքերով

Ամիրյան 4/16 պատմամշակութային շենքը պահպանելու մոտ երկուսուկես տարվա անդուլ պայքարն անցավ անօգուտ ու ներկա պահին շենքը քանդվում էՙ Երեւանի քաղաքապետարանի եւ տարածքը կառուցապատող, նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի «հերոսական» կամքով:

«Ազգը» հետեւողականորեն անդրադարձել է 19-րդ դարի Երեւանի պատմական շենքերը հողին հավասարեցնելու անհանդուրժելի երեւույթին, որ անգթորեն շարունակվում է անվանի ճարտարապետների ու հասարակության կարծիքը բացահայտ արհամարհելով: Պետական կարիքների անվան տակ քողարկված այս վարքագիծն ու գործելակերպը, որ մեզանում դարձել են գերիշխող, վարագույրի հետեւում են պահում դրա իրականացնողներինՙ անպատասխան թողնելով շատ ու շատ հարցեր:

Այդ ինչպե՞ս է պատահում, որ չգիտես ում կամքով պատմամշակութային հուշարձանների նոր ցուցակից դուրս մնացած այս շենքը ճարտարապետ-ակադեմիկոսների պահանջով ընդգրկվում է նորահայտ հուշարձանների ցանկում ու հետո, մի գիշերվա ընթացքում, կորցնում է իր պատմական արժեքը, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին թույլ տրվում շենքն անվանել հնացած ու քանդման արժանի:

Մինչեւ փետրվարի կեսը շենքի սեփականատեր, հասարակական գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը հույս ուներ, որ շենքը կպահպանվի, սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների այցից հետո, երբ վերջիններս կտրուկ կարգադրեցին պայմանագիր կնքելու երկու տարբերակՙ կամ 150 հազար դոլարի փոխհատուցում, կամ նոր բնակարան նույն տեղում: «Ստիպված եղանք ընտրել վերջինը: Դրանով ավարտվեց մեր երկամյա տանջալից պայքարը, որին ժամանակ առ ժամանակ միանում էին հասարակությունը, լրագրողները: Անչափ շնորհակալ եմ նրանց իմ կողքին լինելու համար: Ցավով պիտի նշեմ, որ Երեւանում 19-րդ դարի առաջին կեսի եւս մեկ հուշարձան ոչնչացվեց: Բուլդոզերի երախը, որ չգիտես ինչու կոչվում է «պետական կարիքներ», կուլ տվեց եւս մեկ պատմական կոթող: Մեզ մնացին միայն լուսանկարները եւ անպատասխան այն հարցերը, թե ո՞ւմ շահերին է համապատասխանում այս ամենը, ո՞վ է որոշում հուշարձանի պատմական արժեքը, ո՞վ է սուբյեկտը: Եթե այս հարցերի պատասխանները ունենայինք, խոսակցությունն այսպես անդեմ չէր լինի: Ի վերջո, Հայաստանում ո՞վ է ներկայացնում պետությունը: Մեր հասարակությունը պարտված է, որովհետեւ խոսակցություններն անդեմ են: Դրա փոխարեն ամենազոր է չինովնիկըՙ նա է որոշում ո՞ր հուշարձանը պիտի քանդվի, որըՙ ոչ:

Կուզենայի, որ իմ շենքը քաղաքի կենտրոնում քանդվող վերջին հուշարձանը լիներ», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Լյուդմիլա Հարությունյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4