«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2006-03-08 | #43, 2006-03-10 | #44, 2006-03-11


ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է

Բարձրագույն խմբում հայտավորվել է ընդամենը 8 թիմ

Ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը հեռու չէ, սակայն առաջնության մասնակից թիմերի թվաքանակի հարցում առայժմ պարզություն չկա: Պատճառը մեր թիմերի մեծամասնության ֆինանսական անմխիթար վիճակն է, որոնք ի վիճակի չեն վճարել առաջնության մասնակցության մուտքավճարը: Նշենք, որ ըստ գործող կանոնակարգի, առաջնության մասնակցության հայտերը թիմերը ֆեդերացիա պետք է ներկայացնեին մինչեւ փետրվարի 16-ը, միաժամանակ վճարելով մուտքավճարի 20 տոկոսը: Սակայն ֆուտբոլի ֆեդերացիան հաշվի առնելով ստեղծված անմխիթար վիճակը, այդ ժամկետը երկարաձգեց մինչեւ մարտի 2-ը: Սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: Այսօրվա դրությամբ մուտքավճարի 20 տոկոսը վճարել եւ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը 8 թիմ` «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Կիլիկիան», «Դինամո-Զենիթը», «Շիրակը», «Արարատն» ու «Գանձասարը»: Ընդ որում, Գյումրու «Շիրակը» հնարավոր է չմասնակցի առաջնությանը, քանի որ թիմը հայտնվել է ֆինանսական չափազանց ծանր կացության մեջ: Ակումբը պարզապես միջոցներ չունի ոչ միայն ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարելու, այլեւ մուտքավճարի մնացած գումարը մուծելու համար:

Նույն պատճառաբանությամբ առայժմ անորոշ վիճակ է ստեղծվել «Էսթեղլալ-Կոտայքում»: Անցյալ տարի «Կոտայքի» հովանավորչությունը ստանձնեց իրանական «Էսթեղլալ» ակումբը, որի հետեւանքով էլ թիմը վերանվանվեց «Էսթեղլալ-Կոտայք»: Անցած մրցաշրջանում կոտայքցիները բավական հաջող հանդես եկան առաջնությունում` պայքարելով մրցանակային տեղերի համար: Սակայն չգիտես ինչու, թիմի իրանցի հովանավորները դադարեցրին ֆինանսավորումը, որի արդյունքում կոտայքցիներն արդեն չորս ամիս աշխատավարձ չեն ստացել: Բանը հասել է նրան, որ մարտի 1-ից ֆուտբոլիստներն ի նշան բողոքի, այլեւս չեն մարզվում: Ոմանք էլ արդեն հեռացել են թիմից եւ պարապում են այլ ակումբներում: Ճիշտ է, հովանավորները հերթական անգամ խոստացել են լուծել ֆինանսական հարցերը, մարել պարտքերը, սակայն առայժմ «սայլը» տեղից չի շարժվում: Իսկ արդյունքում տուժում է ֆուտբոլային կոլեկտիվը, որն այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է լուծարվի, ինչը շատ ցավալի կլինի:

Նույնը կարելի է ասել նաեւ «Երեւան յունայթեդի» եւ «Դինամո-Զենիթի» ավստրալահայ հովանավորների մասին, որոնք անցյալ տարի մեծ խոստումներ էին տալիս: Ֆեդերացիան նույնիսկ ընդառաջեց «Երեւան Յունայթեդի» հովանավոր Տիգրան Հովիվյանի խնդրանքին` թույլատրելով թիմին այս տարի հանդես գալու բարձրագույն խմբում: Սակայն աշնանը մեկնելով Երեւանից, Հովիվյանը մինչեւ օրս չի վերադարձել, իսկ թիմն այլեւս գոյություն չունի: «Դինամո-2000-ի» ղեկավարությունն էլ հույսը կտրելով ավստրալահայ հովանավորների օգնությունից, փորձում է ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալ: Թե ի՞նչ կստացվի դրանից, առայժմ դժվար է կանխագուշակել:

Այստեղ տեղին է արժանին մատուցել «Արարատի» արտասահմանցի հովանավորներ, շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին ու ամերիկահայ Հրաչ Գաբրիելյանին, որոնք տարիներ շարունակ հաստատակամորեն հոգում են թիմի հոգսերը, ձգտում մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ ստեղծել: Այժմ էլ մեծ թափով ընթանում է «Արարատի» գլխավոր մարզաբազայի` Ձորաղբյուրի շինարարությունը:

Այսօր Հայաստանում բացի «Արարատից», նաեւ «Փյունիկում», «Միկայում», «Բանանցում» ու «Կիլիկիայում» է շատ թե քիչ ֆինանսական կայուն իրավիճակ տիրում: Այս ակումբներն ուսումնամարզական հավաքներ են կազմակերպում նաեւ արտերկրներում, նրանցից ոմանք թիմ են հրավիրել լեգեոնականների: Սա, իհարկե, գովելի է: Սակայն ցավն այն է, որ ահռելի ծախսեր են կատարվում նախապատրաստվելու մի առաջնության, որի ե՛ւ մասնակիցների քանակն է քիչ ե՛ւ խաղամակարդակը` ցածր: Տարեցտարի թիմերի ֆինանսական վիճակի վատթարացման հետ նվազում է առաջնության մասնակից թիմերի քանակը:

Անմխիթար վիճակ է ստեղծվել նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությունում: Մարտի 13-ին կկայանա գավաթի հերթական մրցաշարի վիճակահանությունը, իսկ հայտ է ներկայացրել ընդամենը 12 թիմ` «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Կիլիկիան», «Շիրակը», «Արարատը», «Գանձասարը», «Փյունիկ-2-ը», «Միկա-2-ը», «Բանանց-2-ը», «Արարատ-2-ը» եւ «Հայ Արին»: Այս ամենը վկայում են, որ հայկական ֆուտբոլը հոգեվարքի մեջ է եւ այն ուշքի բերելու համար միայն անհատ հովանավորների օգնությունը բավարար չէ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4