Կայացան ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները: Իր հաղթարշավն է շարունակում Բուխարեստի «Ռապիդը», որի կազմում հանդես է գալիս Արտավազդ Քարամյանը: Սեփական հարկի տակ ռումինացիները 2-0 հաշվով պարտության մատնեցին «Համբուրգին»: Ցավոք այդ խաղի 20-րդ րոպեին վնասվածք ստացավ Արտավազդ Քարամյանը, որը ստիպված էր թողնել խաղադաշտը: Բժիշկների կարծիքով հայ ֆուտբոլիստը մեկ ամիս ստիպված կլինի բուժվել:
Իր մարտական տրամադրությամբ հիացնում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որն իր կենսագրությունում թերեւս ամենանշանակալի հաջողության հասավ միջազգային ասպարեզում: «Զենիթը» շնորհիվ Արշավինի խփած միակ գոլի, հյուրընկալվելիս հաղթեց «Մարսելին» եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Ի դեպ, «Զենիթը» միակն էր, որին հաջողությունն ուղեկցեց մրցակցի դաշտում: Հյուրերից միայն «Բետիսին» ու «Լեւսկուն» հաջողվեց ոչ-ոքի (0-0) արդյունքի հասնել «Ստյաուայի» եւ «Ուդինեզեի» հետ հանդիպումներում: Մյուս խաղում դաշտի տերերի առավելությունը նկատելի էր: Ահա այդ հանդիպումների արդյունքները. «Լիլ»-«Սեւիլիա»` 1-0, «Բազել»-«Ստրասբուրգ»` 2-0, «Միդլսբրո»-«Ռոմա»` 1-0, «Պալերմո»-«Շալկե-04»` 1-0:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ