Մարտի 13-ին մեր կայքէջի ընթերցողների մոտ 6 տասնյակ հարցերին պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ի՞նչ սպասում կա համանախագահների նոր հանդիպումներից, արդյոք ղարաբաղյան հակամարտության լուծման համար փա՞կ է 2006 թ.-ի պատուհանը: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի (այդ թվումՙ ադրբեջանցիների) պատասխանեց Հայաստանի արտգործնախարարը: Մի փոքրիկ հատված ներկայացնելովՙ հիմնական հանգուցային պատասխանների ներկայացումը թողնում ենք մեր վաղվա համարում:
Ալեքս, Նյու Յորք, ԱՄՆ
- Որքանո՞վ է հնարավոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2006 թվականին:
Վարդան Օսկանյան.- Ես կարծում եմ, հնարավոր չէ: Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէ ռիսկի դիմելու: Ադրբեջանն այսօր անգամ քաղաքական առումով չի կարողանում ռիսկի գնալ եւ անել անհրաժեշտ կոմպրոմիսները, երբ դրանց դիմաց բավականին լուրջ ստանալիք բան ունի: Պատերազմի ռիսկին գնալը շատ ավելի մեծ էՙ նրանք դրա փորձն ունեն, երկու անգամ փորձել են եւ գիտեն դրա դառը հետեւանքները: Այնպես որ, ես կասեմՙ 2006 թ.-ին պատերազմն ուղղակի բացառվում է: Իսկ առհասարակ դա Ադրբեջանի համար նախ շատ դժվարին որոշում կլինի, երկրորդՙ միջազգային հանրությունն ուղղակի թույլ չի տա նրան նման քայլի դիմել:
Քյամրան Մահմեդ-Զադե, Բաքու
- Օկուպացված տարածքներից ո՞րն է պատրաստվում Հայաստանն անհապաղ վերադարձնելՙ ի պատասխան ռազմական ճանապարհով հարցի լուծումից Ադրբեջանի հրաժարման:
Վ. Օսկանյան.- Նախՙ հարցը սխալ եք ձեւակերպելՙ Հայաստանը ոչ պատերազմի սպառնալիքի տակ տարածք կտա, ոչ էլ պատերազմից հրաժարվելու դիմաց: Հայաստանը պատրաստ է տարածքների, փախստականների անվտանգության հարցը քննարկել միայն ու միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Մ. Խ.