Իր զարմանքն ու վրդովմունքն էր հայտնում մոսկվացի մեր հայրենակիցը
Խմբագրություն զանգահարեց Մոսկվայից Երեւան իր հարազատներին հյուր եկած 24-ամյա Լյովա Բաբայանը եւ իր վրդովմունքն ու զարմանքը հայտնեց Երեւանում տեսած «կոշմարի» առիթով: Նա տեղեկացրեց, որ ինքն ու ռուս ընկերը Սունդուկյանի անվան թատրոնի մոտակայքում ականատես են եղել շների մի ամբողջ ոհմակի, որոնց ահից անցորդները չէին համարձակվում անցնել այդ տարածքով: «Մի՞թե թափառող շներին փողոցից հատուկ ապաստարաններում հավաքելը քաղաքային իշխանությունների պարտականությունը չէ», հարցնում էր Մոսկվայում ծնված եւ մեծացած մեր հայրենակիցը: Նա չէր դադարում զարմանալ նաեւ այն բանից, թե ինչպես կարող է քաղաքը հայտնվել նման փոշու եւ աղբի մեջ, իսկ քաղաքապետն ու համայնքային իշխանությունները ոչինչ չձեռնարկեն այդ ուղղությամբ: «Ուղղակի ամոթ է նման վիճակում քաղաքը թողնելը, հատկապես երբ այլազգի հյուրերն են դրան ականատես լինում: Իսկ թե ինչ է կատարվում բակերում, երեւի դուք ինձանից լավ գիտեք», ասաց նա:
Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ մենք անընդհատ խոսում ենք Հայաստանում տուրիզմը զարգացնելու եւ անգամ շուրջտարյա դարձնելու մասին: Միգուցե նախ երեւանցիների կեցության տարրական պայմանների ապահովման հարցը լուծենք, ապա խոսենք մեծ-մեծ բաներից:
Ա. Մ.